Դուք ռեակտի՞վ եք, թե՞ պրոակտիվ
Ծուռ հայելիների աշխարհում
Մեր ժամանակ մանկական այգիների ամենասիրած և հետաքրքիր վայրերից մեկը ծուռ հայելիների սրահն էր։ Դա պատրանքների մի վայր էր, որտեղ քեզ տեսնում էիր ամենածիծաղելի և անցանկալի ձևով կերպարանափոխված, ձևափոխված և խեղված։ Այդ բոլոր հայելիների մեջ վերջում կար մի հայելի, որը սթափեցնում էր քեզ և ցույց էր տալիս քո իրական դեմքն ու կերպարը։
Ժամանակակից աշխարհն ու հասարակությունն անվախ կարելի է անվանել ծուռ հայելիների աշխարհ, որտեղ, ի տարբերություն վերը նշված սրահի, բացակայում է մեր իրական պատկերը ցույց տվող հայելին։ Հասարակության հայելին երբեմն չափազանցնում է և մեծացնում՝ պարագաները ի ցույց դնելով խոշորացույցի ներքո, իսկ երբեմն էլ՝ ցածրացնում, փոքրացնում և ստորացնում՝ մարդուն զրկելով իր իսկական կերպարից։
-Դու մի՛շտ ուշանում ես։
-Դու անպարտաճանաչ անձնավորություն ես։
-Դու անհասկացող ես։
-Դու այդպես էլ անհաջողակ կմնաս ողջ կյանքդ։
-Քո նմանը չկա, դու բացառիկ ես։
Նման գնահատականները հաճախ ծուռ հայելիների պես ձևափոխում են մեր սեփական պատկերը և կերպարը մեր աչքերում։ Երբ ընդունում ենք հասարակության և մեր շրջապատի այդպիսի կարծիքը, սկսում ենք ապրել այն կեղծ իրականության մեջ, որը մերը չէ։ Եվ երբ հաշտվում ենք նման գնահատականների հետ, դրանք դառնում են մեր ճակատագիրը։
Ո՞վ և ի՞նչն է որոշում մեր կյանքը
Մենք խորտակում ենք մեր ինքնությունը, երբ հաշտվում ենք այն մտքի հետ, որ մեր կյանքը որոշում են մեր գեները, ծնողները, հասարակությունը կամ էլ ի վերուստ որոշված ճակատագիրը։ Եվ այդ ժամանակ մենք մոռանում ենք, որ ի վերուստ մեզ ոչ թե դժբախտ ճակատագիր է տրված, այլ՝ ազատ կամք, որով կարող ենք սահմանել մեր կյանքը։
Իրենց կյանքը գեների, ծնողների, շրջապատի և ճակատագրի հետ կապող մարդիկ ցանկանում են ասել, որ իրենք ընդհանրապես պատասխանատվություն չեն կրում իրենց կյանքի և քայլերի համար, «չէ՞ որ ամեն բան արդեն որոշված է»։ Այնինչ մենք պետք է գիտակցենք, որ մեր կյանքը կախված է ոչ թե մեր շրջապատից, այլ մեր որոշումներից, իսկ մեր որոշումները ծնվում են մեր սկզբունքներից։ Սկզբունքներն էլ բխում են արժեքներից։ Մենք կարող ենք մեր կյանքը հնազանդեցնել մեր արժեքներին։ Մենք ենք պատասխանատու մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների և դրանցից բխող հետևանքների համար։
Պատասխանատվություն բառի արմատը պատասխանն է։ Դա մեր պատասխանն է իրավիճակներին և միջավայրին։ Հաջողակ և արդյունավետ մարդիկ չեն խուսափում պատասխանատվությունից։ Նրանք չեն արդարանում և իրենց խնդիրները չեն բարդում հանգամանքների և այլոց վրա։
Աստված մեզ պրոակտիվ է ստեղծել։ Եվ երբ մենք ամեն բան սկսում ենք կապել միջավայրի և հանգամանքների հետ, թույլ ենք տալիս, որ դրանք մեզ վերահսկեն։ Ահա այդ ժամանակ մենք պրոակտիվից վերածվում ենք ռեակտիվի։ Մենք դառնում ենք ռեակտիվ և մեր կյանքը դառնում է միջավայրի, հասարակության և հանգամանքների շղթայական մի ռեակցիա։
Եկեք տեսնենք սրանց տարբերությունը
Ռեակտիվ մարդը հարատև կախման մեջ է դրսից եկող ազդակներից։ Եթե եղանակը լավն է, նա իրեն լավ է զգում, եթե շրջապատը նրա հանդեպ լավ է տրամադրված, նրա մոտ ամեն բան կարգին է, իսկ եթե նրա հանդեպ վատ են տրամադրված, ապա այդ մարդը դառնում է պարփակված և միշտ փորձում է իրեն արդարացնել։ Ռեակտիվ մարդկանց զգացմունքային կյանքը ինտենսիվ կախման մեջ է գտնվում շրջապատից՝ թույլ տալով, որ այն մշտապես ազդի նրանց որոշումների և կյանքի որակի վրա։
Այսպիսով, ռեակտիվ մարդիկ շարժվում են զգացմունքներով, հանգամանքներով, պայմաններով և համաձայն իրենց շրջապատի։
Հակառակ ռեակտիվ մարդուն, պրոակտիվ մարդը շարժվում է արժեքներով, որը նա է ընտրել և ընդունել։ Ռեակտիվ մարդը շարժվում է իր տեսածի և զգացածի հիման վրա, իսկ պրոակտիվը՝ ըստ իր արժեքների։ Ռեակտիվ մարդու որոշումները բխում են պահի թելադրանքից, իսկ պրոակտիվ մարդունը՝ արժեքներից և համոզումներից։ Ռեակտիվ մարդիկ խթանվում են արտաքին ազդակներից, իսկ պրոակտիվները՝ արժեհամակարգից և գիտակցության ուժից։
Ռեակտիվ մարդիկ հեշտ են կառավարվում և վերահսկվում, իսկ պրոակտիվ մարդիկ հաճախ դառնում են առաջնորդ և իրենք են կառավարում իրենց կյանքը։
Ռեակտիվ մարդիկ զուրկ են նախաձեռնողականությունից, իսկ պրոակտիվները չեն կարող ապրել առանց նախաձեռնողականության։
Ռեակտիվ մարդիկ խուսափում են պատասխանատվությունից և միշտ փորձում են շուքի տակ լինել, իսկ պրոակտիվ մարդիկ ավելացնում են իրենց ազդեցությունն ու հեղինակությունն իրենց ակտիվությամբ։
Ռեակտիվ մարդիկ խոսում են խնդիրների մասին, իսկ պրոակտիվ մարդիկ լուծում են խնդիրները։
Ռեակտիվ մարդիկ ներգործվում և գործածվում են ուրիշների կողմից, պրոակտիվները իրենք են անցնում ակտիվ գործունեության, որպեսզի չներգործվեն և չգործածվեն։
Եթե դուք չգործեք, ապա կներգործվեք։ Մեզ գործուն է դարձնում մեր նախաձեռնողականությունը։ Նախաձեռնողականությունը գռեհկության կամ էլ ինքնակոչ լինելու պարտադիր նշան չէ։ Նախաձեռնողականությունը խոսում է նախաձեռնողի պատասխանատվության զգացողության մասին՝ իրերն ու հանգամանքները ցանկալի և դրական ուղղությամբ տանելու համար։ Նախաձեռնող մարդիկ վերջիվերջո դառնում են առաջնորդներ և իշխանության կրողներ, քանի որ պատասխանատվության խորը զգացում ունեն կյանքի, իրենց և շրջապատի հանդեպ։
Հիմա ես ինչպիսի՞ն եմ
Որպեսզի իմանանք, թե արդյոք մենք ռեակտի՞վ ենք, թե՞պրոակտիվ, մեզ կօգնի մեր բառուբանը։ Ռեակտիվ մարդիկ իրենց խոսքի մեջ անդադար փորձում են պատասխանատվությունն իրենց վրայից հանեն և մեղադրեն ուրիշներին՝ իրենց արդարացնելով։ Նրանց սիրած արտահայտություններն են.
«Ես հենց այսպիսին եմ։ Չեմ կարող փոխվել, ես էլ այդպես եմ ստեղծված։ Ի՞նչ կարող եմ անել»։
«Ինձ իրավիճակներն են թելադրում։ Ես չեմ կարող որոշումներ կայացնել։ Ժամանակը կգա և ամեն բան կերևա»։
«Այ եթե ես լավ աշխատանք ունենայի, այս ու այն կանեի, եթե շատ փող ունենայի, այսպիսի մարդ կլինեի»։
Ռեակտիվ խոսք | Պրոակտիվ խոսք |
Ես ոչինչ չեմ կարող փոխել | Տեսնենք, թե ինչպիսի հնարավորություններ կան։ |
Ես հենց այսպիսինն եմ։ | Ես կարող եմ այլ մոտեցում ընտրել։ |
Նա ինձ այնքա՜ն է նյարդայնացնում։ | Ես վերահսկում եմ զգացմունքներս։ |
Նրանք չեն համաձայնվի ինձ հետ։ | Ես այն ճիշտ կներկայացնեմ։ |
Ես ստիպված եմ դա անել։ | Ես համապատասխան որոշում կընդունեմ։ |
Ես չեմ կարող… | Ես ընտրում եմ այդպես անել։ |
Ես ստիպված եմ… | Ես նախընտրում եմ։ |
Եթե միայն… | Ինձ մոտ կստացվի։ |
Ռեակտիվ մարդը միշտ տուժում է և շահագործվում մյուսների կողմից։ Պրոակտիվ մարդը, եթե անգամ հայտնվի սխալ իրավիճակների մեջ, նա չի հաշտվում հանգամանքների հետ և արագ ելքեր է փնտրում՝ դուրս գալու և ուրիշներին էլ դուրս բերելու նման դրություններից։ Վերջիվերջո, ռեակտիվ մարդը ծայրահեղ բացասական և վատատեսական հայացք ունի կյանքի, հանգամանքերի և իրեն շրջապատող միջավայրի հանդեպ։ Պրոակտիվ մարդն անգամ ամեն վատ իրավիճակի մեջ փորձում է տեսնել լավը, լուսավորը, բարին։ Նրա հայացքը կյանքի հանդեպ լավատեսական է։
Բա հիմա ի՞նչ եմ անելու
Եթե հայտնաբերեցիք, որ դուք ռեակտիվ եք, դա դատավճիռ չէ, չէ՞ որ անկախ ձեր խառնվածքից և բնավորությունից, ձեր ընտրությունը, որոշումներն ու ազատ կամքի գործադրումն է, որ փոխում է ձեր կյանքը։ Հետևաբար, մեզ պարզապես անհրաժեշտ է ամեն օր հետևողաբար որոշում կայացնել լինել պրոակտիվ, լինել դրական անձնավորություն։