Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵԻ 7 ՆՇԱՆՆԵՐԸ
2421
post-template-default,single,single-post,postid-2421,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵԻ 7 ՆՇԱՆՆԵՐԸ

ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵԻ 7 ՆՇԱՆՆԵՐԸ

Աստվածաշունչն ի՞նչ է ասում սուտ մարգարեների և ուսուցիչների մասին։ Հիսուսը Մատթեոս 7:15-16-ում զգուշացնում է, որ նրանք գալիս են գառան մորթով, սակայն ներքուստ հափշտակող գայլեր են։ Ըստ Հիսուսի, մենք նրանց պետք է իրենց պտուղներից զանազանենք։ Իսկ պտուղները դրանք ըստ Աստվածաշնչի մարդու բնավորության գծերն են և գործերը։ Ամեն դեպքում պտուղ բառի աստվածաշնչյան համարժեքը արդյունքն է։ Հետևաբար ցանկացած ծառայություն որոշվում է ըստ դրա արդյունքի։ Եթե այն շինություն և հոգևոր աճ է բերում, նպաստում է հավատացյալի ապաշխարությանն ու հոգևոր ընթացքին, ապա բնականաբար աստվածային ծագում ունի։ Սակայն եթե այն վեճեր է հարուցում, բաժանություն, ավերմունք, թշնամանք և նախապաշարումներ առաջացնում, ապա դրա ծագումը վստահաբար կարելի է ասել, որ աստվածային չէ։

 

Հիսուսը բառացիորեն կոչ է անում մեզ ճանաչել սուտ մարգարեներին։ Սակայն մենք չենք կարող նրանց ճանաչել, եթե չքննենք Աստվածաշնչի լույսի ներքո։ Ոմանք ասում են, թե մարգարեին և նրա մարգարեությունները չպետք է քննել, այլ պետք է լսել ու կատարել։ Սակայն սա բացարձակ չի համապատասխանում Աստվածաշնչին։

«Բայց մարգարգարեներից թող երկուսը կամ երեքը խոսեն, և ուրիշները քննեն»։

1 Կորնթ. 14:29

Աստվածաշունչը մարգարեանում է, որ վերջին օրերում ահռելի թիվ են կազմելու սուտ ուսուցիչները և մարգարեները։ Դրանք այն աստիճան շատ են լինելու, որ Պողոս առաքյալը նրանց բազմությանն անվանում է դեզ։ Հովհաննեսը զգուշացնում է մեզ այս առիթով.

«Սիրելինե՛ր, ամեն հոգու մի հավատացեք, այլ փորձեցեք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են. որովհետև շատ սուտ մարգարեներ են դուրս եկել աշխարհ»։

1 Հովհ. 4:1

Բացի սուտ մարգարեներից և ուսուցիչներից Պողոսը խոսում է նաև սուտ եղբարների և առաքյալների մասին։ Հետևաբար, թեպետ մենք չպետք է լինենք հիվանդագին կասկածամիտ, սակայն պետք է աստվածաշնչյան ճշմարտությամբ և հեղինակությամբ քննենք և ստուգենք դիմացինի ծառայությունը։

Ձեզ եմ ներկայացնում 7 հիմնարար կետեր, որոնք կօգնեն մեզ քննել և զանազանել.

 

1. Սուտ մարգարեները տանել չեն կարողանում, երբ նրանց շտկում կամ խրատում են

Երբեմն մարդը ճանաչվում է այն ժամանակ, երբ իրեն շտկում կամ խրատում են։ Այդ պահին է երևում, թե նա ամբիցիո՞զ, եսակենտրո՞ն, թե՞ խոնարհ է ու հեզ։ Խոնարհ անձը չի հակադարձում և հարձակվում, այլ, եթե անգամ այդ խրատն անընդունելի է իրեն համար, խոստանում է մտածել և աղոթել դրա շուրջ։ Ահա թե ինչ տեղի ունեցավ փարիսեցիների հետ, երբ Հիսուսը խրատեց նրանց.

«Այն ժամանակ աշակերտները մոտ գալով ասացին նրան.

-Գիտե՞ս, որ փարիսեցիները այդ խոսքը լսելով գայթակղվեցին»։

Մատ. 15:12

 

2. Սուտ մարգարեները արծաթասեր են և փառասեր

Նրանք սովորաբար փնտրում են սեփական շահը, փառքը, համբավը։ Նրանք շատ են սիրում խոսել իրենց սեփական հաջողությունների, հրաշքների և հաղթանակների մասին։ Նրանք սիրում են ամենուր ներկայացնել և գովել սեփական անձը և արժանիքները (տե՛ս Տիտոս 1:7; 1 Տիմ. 3:3)։

 

3. Սուտ մարգարեները անհաշտության մեջ են և խոսուափում են այլ ծառայողների հետ հաղորդակցությունից

 

1-ին Տիմ. 3։3

Նրանք սիրում են շեշտել, որ իրենց ծառայության պատճառով շատերն իրենց չեն ընդունում, սակայն շատ դեպքերում պատճառը ոչ թե նրանց ծառայությունն է, այլ` պահվածքը, կռվարար լինելը, անհաշտ վերաբերմունքը։

 

4. Սուտ մարգարեին սովորաբար ուղեկցում է հոգևորապես անհաս ամուսինը կամ կինը 

Հոգևորապես անհաս ամուսին կամ կին ունենալը չի նշանակում, որ դուք սուտ մարգարե եք։ Եվ սուտ մարգարե լինելը պարտադիր չի նշանակում, որ ձեր կողակիցը անպայման հոգևորապես անհաս է։ Սակայն սովորաբար նրանց կողակիցները ողջունում և քաջալերում են` ավելի նպաստելով մոլորության տարածմանը։

«Այնպես էլ նրանց կանայք պետք է ծանրաբարո լինեն. ոչ թե չարախոս, այլ զգաստ…»։

1-ին Տիմ. 3:11

 

5. Սուտ մարգարեն մեծարվում է իր հետևորդների կողմից, իսկ քննադատողները խիստ դատապարտության արժամանանում

Նրանց հետևորդները սովորաբար ագրեսիվ կերպով հարձակվում են քննադատողների վրա։ Նրանց ամենասիրած և մեջբերած խոսքը «Չդատելն է»։ Իսկ «դատողներին» սպառնում են անեծքով և Աստծո պատիժներով։

Եթե բոլորը հակառակվում են քեզ և մերժում, նշանակում է, որ դու խստասիրտ մարդ ես և պատրաստ ես հասնել նպատակներիդ` այլոց արհամարհելով և կոտրելով։ Իսկ եթե բոլորը սիրում են քեզ, նշանակում է, որ դու մարդահաճո անձնավորություն ես և վախենում ես երբեմն ասել ճշմարտությունը։

Ճշմարիտ մարգարեն և՛ կսիրվի և՛ կարհամարհվի։ Սակայն նրա բարոյական կերպարը և վարքը օրինակելի կլինեն անգամ նրա հակառակորդների համար։ Սակայն սուտ մարգարեն աչքի է ընկնում իր անզուսպ պահվածքով, սպառնալիքներով, ագրեսիվ խոսքերով, հարձակվողական դիրքով և երբեմն փողոցային բառապաշարով։ Նրանք, ովքեր չեն ընդունի իրեն, կպիտակավորվեն իբրև անհավատ, անաստված, ապստամբ և անարգված։ Սակայն ճշմարիտ մարգարեի պտուղը փուշը չէ, ինչպես Հիսուսն ասաց, այլ` թուզը։ Իսկ թուզը քաղցր պտուղ է։ Նա Հոգու պարգևներով սեր է ցուցաբերում իր շրջապատին։

«Բայց պետք է նրան դրսիններից բարի վկայություն էլ ունենալ»։

1-ին Տիմ. 3:7

 

6. Սուտ մարգարեն տառապում է հպարտությունով

Ունենալով վառ ընդգծված ԵՍ` նրանք շարժվում են ոչ թե սիրով և ուրիշներին ծառայելու շարժառիթով, այլ հպարտությամբ։ Սատանան լավ է գիտակցում, որ հպարտությունը ամենակործանարար ծուղակն է ծառայողների համար և դա է պատճառը, որ նա ջանք չի խնայում այդ ծառայողի եսը շոյելու, արժանապատվությունը բարձրացնելու և անձի «առանձնահատուկ և օծյալ» լինելը շեշտելու համար։

«Ո՛չ նորահավատ, որ չգոռոզանա և սատանայի դատաստանն ընկնի»։

1-ին Տիմ. 3:6

 

7. Սուտ մարգարեն խուսափում է ուժեղ երեցներից, վարդապետներից և հովիվներից

Որքան թույլ լինի քո լսարանը, այնքան հեշտ կլինի նրան կառավարելը և սեփական կարծիքները թելադրելը։ Սուտ մարգարեն սովորաբար իրեն շրջապատում է զգացմունքային, թույլ կամքի տեր ունեցող, հեշտ կառավարվող մարդկանցով, քանի որ նրա համար անթույլատրելի է, եթե որևէ մեկը «նրա նման օծյալին» հանդիմանի, շտկի կամ խրատի։ Նրանք սիրում են շրջապատվել մարդկանցով, ովքեր միշտ «այո և ամեն» կասեն իրենց յուրաքանչյուր խոսքին` առանց քննելու այդ խոսքերի համապատասխանությունն Աստվածաշնչին։ Սովորաբար նրանք շրջապատվում են արյունակից բարեկամներով և հավատքի մեջ թույլ և նեղմիտ մարդկանցով։

Մարգարեն պետք է ծառայի թիմի մեջ և անպայման ընկերակից լինի ուսուցչին։ Միայն այդ դեպքում նրա ծառայությունն արդյունավետ և շինիչ կլինի։ Սրա լավագույն օրինակը Անտիոքի եկեղեցին էր.

«Եվ Անտիոքում` այնտեղի եկեղեցում, կային մի քանի մարգարեներ և վարդապետներ… Սրանք երբ Տիրոջը պաշտոն էին մատուցում և ծոմ պահում, Սուրբ Հոգին խոսեց…»։

Գործք 13:1-2

 

Վերջիվերջո, ինչպիսն էլ լինեն սուտ մարգարեները, չպետք է մոռանանք, որ մարգարեական ծառայությունը, մարգարեի պաշտոնը և մարգարեական պարգևը կենսական անհրաժեշտություն ունի եկեղեցու հոգևոր շինության համար։ Իրականում, եթե եկեղեցում բարձրանան ճշմարիտ մարգարեները, որոնք կգործեն Աստվածաշնչի համապատասխան, դա լավագույն պաշտպանությունը կլինի սուտ մարգարեներից։
Վազգեն Արսենի