Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Կոմպրոմիսը որպես քրիստոնեության մեծագույն թշնամի
2477
post-template-default,single,single-post,postid-2477,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Կոմպրոմիսը որպես քրիստոնեության մեծագույն թշնամի

Կոմպրոմիսը որպես քրիստոնեության մեծագույն թշնամի

Նա ցնցեց Ամերիկայի թե՛ հոգևոր և թե՛ աշխարհիկ միջավայրն իր երգարվեստով։ Շատերը նրա ձայնը նմանեցնում էին Ադելի թավշյա ձայնին։ Նա, սակայն, ոչ պակաս ճանաչում գտավ, քան Ադելը։ Լաուրեն Դեյգլը քրիստոնեական երգարվեստը բարձրացրեց նոր մակարդակի վրա։ Նրան լսում են ամենուր՝ խանութներում, սրճարաններում, մեքենաներում, տանը… Նրա երգերը հնչում են եկեղեցիների բեմահարթակներից և վերջերս էլ՝ Հոլիվուդի ամենահայտնի շոուներից։ Լաուրենի երգերը երկար ժամանակ չեն իջնում ամերիկյան հայտնի բիլբորդների ամենաբարձր վարկանիշ ունեցող տեղերից։ Նրա առջև բացվեցին Ամերիկայի շոու բիզնեսի և Հոլիվուդի դռները։ Նա հայտնի շոումենների սիրված և սպասված հյուրն էր։ Սակայն հանրահայտությունն ունի նաև իր մարտահրավերները։
 
Թվում է, թե հրաշալի առիթ է Ավետարանն ամենաբարձր հարթակներից հռչակելու համար երգերի միջոցով։ Սակայն աշխարհն ունի իր պայմանները։ Երբ վերջերս նրան հարցնում են իր դիրքորոշման մասին, թե արդյոք հոմոսեքսուալիզմը մե՞ղք է, Լաուրենը խուսափողական պատասխան է տալիս. «Անկեղծ ասած, ես չգիտեմ։ Սա ցավոտ հարց է ինձ համար, քանի որ շատ հոմոսեքսուալ ընկերներ ունեմ, որոնց սիրում եմ և չեմ ցանկանում ցավեցնել։ Ես Աստված չեմ, այնպես որ կարդացեք ձեր Աստվածաշնչերը, ճշտեք և եթե որևէ բան գտնեք, ինձ էլ ասեք, որ իմանամ, քանի որ ես էլ սովորում եմ»։
 
Լաուրենի խուսափողական պատասխանը մի քանի միտում ունի։ Նախ, գտնվելով ամերիկյան լիբերալ մշակույթի մեջ, դու մեծ ռիսկի ես դիմում՝ հոմոսեքսուալիզմը մեղք անվանելով։ Քո առջև ուժգնությամբ և արագորեն կփակվեն այն դռները, որոնք բացվել էին նույն ուժգնությամբ և արագությամբ։ Երկրորդ, աշխարհիկ միջավայրը տանել չի կարողանում Աստվածաշնչի անհանդուրժողականությունը մեղքի, ազատ ապրելակերպի, այլասերվածության հանդեպ։ Եվ պաշտպանելով Աստվածաշնչի սկզբունքները ժամանակակից հասարակությունում՝ դու ինքնաբերաբար դառնում ես թիրախ ճիշտ այնպես, ինչպես Հովհաննես Մկրտիչը։ Նմաններին մեր հասարակությունը գլխատում է։

 

Դավանե՞լ, թե՞ չդավանել. այս է խնդիրը

Ավետարանում Տեր Հիսուսն ասաց. «Ով որ ինձ և իմ խոսքերն ամոթ համարի այս շնացող և մեղավոր ազգի (սերնդի, հասարակության) մեջ, մարդու Որդին էլ նրան ամոթ կհամարի, երբ գա իր Հոր փառքով և սուրբ հրեշտակներով (Մարկոս 8:38)։
 
Աշխարհն ունի իր արժեհամակարգն ու դավանանքը։ Աշխարհում ընդունում և որպես նորմա են համարում մանկասպանությունը, որին «պտուղի արհեստական ընդհատում» են անվանում, շնությունը, որին արտաամուսնական կապ են անվանում, ամուսնության և ընտանիքի ինստիտուտի վերացումը, որին քաղաքացիական ամուսնություն են անվանում, կաշառքը, որին «մաղարիչ» են անվանում, սուտը, որին ճարպկություն են անվանում։ Քրիստոնեությունն ի սկզբանե հակառակ է ընթանում աշխարհի հոսքին։ Հենց Քրիստոսին էլ խաչեցին նաև այն բանի համար, որ բաներ էր ասում, որոնք հակասում էին այն ժամանակվա հասարակական, կրոնական, մշակութային և քաղաքացիական բարքերին ու սովորություններին։ Ճշմարտությունը Քրիստոսի համար կյանք արժեցավ։ Եվ նա վճարեց գինը, որպեսզի մեզ հասանելի դարձնի այն ճշմարտությունը, որի ճանաչողությունը մեզ ազատ է արձակում կապանքներից։

 

Կոմպրոմիսը որպես ուրացում և դարի մարտահրավեր

Խոսելով հալածվող քրիստոնյաների մասին՝ մենք գրեթե միշտ պատկերացնում ենք Իրանի, Հյուսիսային Կորեայի և Պակիստանի քրիստոնյաներին։ Սակայն այսօր արևմտյան քաղաքակրթության մեջ ապրող քրիստոնյաները պակաս չեն հալածվում։ Փորձվիր որևէ հակառակ բան խոսել հոմոսեքսուալիզմի, աբորտների, տղաներին տղա, իսկ աղջիկներին աղջիկ դաստիարակելու մասին, որ դու կհայտնվես քննադատների քարակույտի տակ, կդառնաս թիրախ ատելության և ծայրահեղականության մեղադրանքների համար։ Բազում են դեպքերը, երբ Անգլիայում ու արևմտյան այլ երկրներում անգամ խաչը որպես զարդ կրելու համար մարդկանց ազատել են աշխատանքից։ Որպեսզի խուսափել նման հալածանքներից, շատերը դիմում են փոխզիջմանը։
 
Քրիստոնեությունը չի հանդուրժում կոմպրոմիսը մեղքի հանդեպ։ Գաղջությունը՝ ո՛չ տաք և ո՛չ սառը լինելը, ամենազզվելի երևույթներից է Աստծո համար։ Եվ մեր հերոսուհին, չցանկանալով վիրավորել իր հոմոսեքսուալ ընկերներին, վիրավորեց և ցավեցրեց այն միլիոնավոր քրիստոնյաներին, ովքեր նրա լսարանն էին, ովքեր աղոթում և քաջալերում էին իրեն։ Վերջիվերջո ցավ պատճառեց այն Աստծուն, որը նրան շնորհ ու տաղանդ էր պարգևել՝ Իրեն փառավորելու համար։

 

Ի՞նչ անել

Մեզ՝ հայաստանյան հասարակությունում ու արժեհամակարգում ապրողներիս համար թվում է, թե նման մարտահրավերները հեռավոր ապագային են վերաբերում, սակայն այսօր իսկ արդեն նկատվում է լիբերալիզմի շորշոփը մեր հասարակության և քրիստոնեական միջավայրում։ «Քրիստոնյա միասեռականների» ֆորում կոչվող չարաբաստիկ նախաձեռնությունը հենց այս միտումն էր ենթադրում։ Սակայն որքանով միասեռականությունը «քրիստոնեական» է, այքանով նաև շնությունն ու հարբեցողությունը։ Շատ զավեշտալի կհնչեր, օրինակ՝ «Քրիստոնյա մարմնավաճառների և հարբեցողների» ֆորում հասկացությունը։ Սակայն նման հանցանքներն ու երևույթները քրիստոնեության հետ իրականում որևէ աղերս չունեն։

 

Ո՞րն է մեր պատասխանը

Աստված ատում է մեղքը, բայց սիրում է մեղավորին։ Մենք իրավունք չունենք մարդուն նույնացնել իր մեղքի հետ՝ ատելություն ու անհանդուրժողականություն տարածելով մարդու անձի հանդեպ։ Մենք մերժում ենք մեղքը, երևույթը, որը նողկալի է, սակայն ապաշխարության կոչ ենք անում մեղավորին՝ նրան սեր ցույց տալով, բայց միաժամանակ ասելով ողջ ճշմարտությունը։ Մարդուն վերացնելով մեղքը չես վերացնի, հակառակ դեպքում կնմանվենք ֆաշիստներին, ովքեր փորձում էին վառելով և գազի խցիկներում շնչահեղձ անելով՝ վերացնել այդ երևույթն ու մեղքը։ Քրիստոսը չեկավ մեղավորին կորցնելու և սպանելու համար, այլ՝ փրկելու։ Հետևաբար մենք նմաններին ոչ թե պետք է վերացնենք, այլ փրկենք։ Սակայն նրանք չեն փրկվի, եթե իրենց չասվի ողջ ճշմարտությունը։ Հետևաբար, եթե Լաուրենը սիրում է իր միասեռական ընկերներին, նա իրենց պիտի ասի ողջ ճշմարտությունը։

 

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Աստվածաշունչը հոմոսեքսուալիզմը սահմանում է որպես մեղք ու ոչ ավել և ոչ պակաս, քան պոռնկությունը, հարբեցողությունը, կախարդությունը… Վերջիվերջո մեղքի վարձատրությունը մահ է՝ անկախ այն բանից՝ այդ մեղքն անմեղ թվացող սո՞ւտ է, թե՞ մարդասպանություն։ Սակայն, Աստվածաշունչը մեզ նաև հույս է տալիս. Հիսուս Քրիստոսը եկավ փրկելու բոլոր մեղավորներին, ովքեր կընդունեն իրեն որպես Տեր և Փրկիչ։ Գրելով Կորնթոսի ապականված և այլասերված հասարակարգում ապրող քրիստոնյաներին՝ Պողոս առաքյալը, ով ծայրահեղ անհանդուրժող էր մեղքի հանդեպ, հետևյալն ասաց. «Մի՞թե չգիտեք, որ անիրավություն անողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ Դուք ձեզ չխաբեք։ Նրանք, որ պոռնկություն են անում կամ կռապաշտ են կամ շնացող, իգացող, արվամոլ, գող, ագահ, գինեմոլ, բամբասող կամ հափշտակող, Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ Եվ ձեզնից ոմանք այդպիսին չէի՞ն։ Բայց ձեր մեղքերից լվացվեցիք, սրբվեցիք, արդարացաք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգու միջոցով»։
1֊ին Կորնթացիներին 6:9-11
 
Ես խորին համոզում ունեմ, որ այս խոսքերը հավիտենական են և վերանայման կարիք չունեն։ Նմանապես նաև խորին համոզում ունեմ, որ ինչպես պոռնիկներն ու կռապաշտները, գողերն ու ագահները, գինեմոլներն ու բամբասողները, շնացողներն ու հափշտակողները, նմանապես միասեռականները ապաշխարության և փրկության կարիք ունեն։ Եվ մենք, որպես Քրիստոսի ներկայացուցիչներ երկրի վրա, պետք է պատրաստակամ լինենք նրանց ձեռք մեկնելու, օգնելու և առաջնորդելու դեպի համայն մարդկության Փրկիչը։

Վազգեն Արսենի