Քեզ համար հույս կա
Այն պահին, երբ գրում էի այս գիրքը, մանկությանս հուշերում դեռ թարմ էր հետևում մնացած դժվարին տարիների տեսարանը: Ցրտի պատճառով, զրկված լինելով էլեկտրականության ու ջերմության աղբյուրից, գտնվելով պատերազմական և սովալլուկ վիճակում, Հայաստանում շատերը ստիպված կտրում էին իրենց պարտեզի, փողոցի, մոտակա անտառների ծառերը, որպեսզի տաքացնեին իրենց սառած կացարանները և տները: Այդ տարիներին տասնյակ հազարավոր ծառեր տապալվեցին, որոշները ամբողջովին կտրվեցին: Փողոցները մերկացան երբեմնի սաղարթախիտ ծառերի բացակայությունից: Սա մի տխուր և ցավալի իրականություն էր: Սակայն ավելի ցավալին այն էր, երբ մտածում էիր, որ այլևս երբեք այդ ծառերը չեն կենդանանա: Կարճ ժամանակ անց, սակայն, տապալված, կտրված և չորացած ծառերի տեղը կանաչ ծիլեր հայտնվեցին: Չորացած կոճղերը և ծառերի բները կրկին զարդարվեցին ու պատվեցին կանաչով: Նախկին ծառերի փոխարեն սկսեցին աճել ավելի խիտ և շատ շիվեր, որոնք հետագայում դարձան հաստաբուն և սլացիկ ,կանաչավետ ու սաղարթախիտ ծառեր:
Մտաբերելով այս պատկերը՝ ակամայից հիշեցի Աստծո խոսքերը՝ գրված Հոբի գրքում.
”«Քանի որ, եթե ծառը կտրվի, դեռ հույս կա, որ նորից ծլի ու ճյուղի պակասություն չունենա: Եթե անգամ նրա արմատը երկրի մեջ ծերացած լինի, ու կոճղը՝ հողի մեջ մեռած, ջրի բույրից այն կբողբոջի ու բույսի պես ճյուղեր կարձակի»: Հոբ 14:7-9
Շատերի պես, այսօր գուցե դու էլ, սիրելի՛ ընթերցող, նման ես այդ տապալված ծառերին: Գուցե դժվարություններն են քեզ տապալել, կյանքի սպառնալիքներն են փորձել կտրել քո հաստ բունը, գուցե հիվանդությունների, նեղությունների և ֆինանսական խնդիրների քամիներն ու փոթորիկներն են կոտրատել ճյուղերդ և թևաթափ արել քեզ, գուցե արտաքնապես դատելիս քո մեջ կյանք չի մնացել և հույս չկա քո ապագայի հանդեպ, սակայն Հոբի գրքի այս կենարար խոսքերը մեզ իրապես հույս են տալիս:
Յուրաքանչյուր ծառ իր մեջ հույս է կրում: Այդ հույսն է, որ նրան ստիպում է նորից ծլարձակել, վեր խոյանալ և տարածել իր ճյուղերն ու պտուղ բերել: Յուրաքանչյուր մարդու մեջ կա այդ փոքրիկ և գուցե անտեսանելի հույսը, որի մեջ բովանդակված է ապագայում եղած կյանքն ու լավատեսությունը: Յուրաքանչյուր տապալումից և անկումից հետո անգամ մենք պետք է թույլ տանք, որ այդ անտեսանելի հույսը ի հայտ բերի այն կյանքը, որը նրա մեջ է:
Շատերս հուսահատվում ենք այն ժամանակ, երբ մեզ ընդամենը մեկ քայլ է բաժանում հաղթանակից: Հուսահատվում ենք, երբ արտաքնապես որևէ փոփոխություն չի երևում մեր կյանքում կամ մեր գործերում: Սակայն անհուսությունը մահվան դատավճիռ է: Վերը նշված Հոբի գրքի մեջբերման մեջ ասվում է, որ անհույս վիճակում գտնվող ծառը ջրի բույրից կբողբոջի ու բույսի պես ճյուղեր կարձակի: Հավատում եմ, որ այդ ջուրը, որը մեզ վերստին ծնունդ ու կյանք է տալիս, Աստծո Խոսքն է, որը բողբոջեցնում, ծաղկեցնում և պտղաբեր է անում մեզ: Այս գիրքն ընթերցելու ընացքում միասին պիտի հայտնաբերենք այդ ջրի աղբյուրը, պիտի մոտենանք ակունքին և թույլ տանք, որ Աստծո Խոսքը պարգևի մեզ այն կենարար հույսը, որը կապրեցնի ու հաջողություն կտա մեզ:
Վազգեն Արսենի (Զոհրաբյան)
Երևան, 2016 թ.