Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Փոխիր սովորություններդ
325
post-template-default,single,single-post,postid-325,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Փոխիր սովորություններդ

Փոխիր սովորություններդ


Մտքերը վերածվում են գործերի, գործերը` սովորությունների, սովորությունները` բնավորության։ Իսկ բնավարությունը որոշում է, թե մեր կյանքն ինչպիսին է լինելու։

Նկատե՞լ եք. սկզբում մենք ձևավորում ենք սովորությունները, որից հետո սովորությունները ձևավորում են մեզ։

Հաշվված է, որ մեր առօրյա գործերի 90%-ը բխում են մեր սովորություններից։

Կան լավ և վատ սովորություններ, ինչպես նաև սովորությունները լինում են օգտակար և վնասակար։

 

Օրինակ, ծխելը ոչ միայն վնասակար սովորություն է, այլև` կործանարար։ Սակայն առողջ ապրելակերպը, մարմնամարզությամբ զբաղվելը, ընթերցանությունը լավ և օգտակար սովորություններ են։

 

Մի պահ քննենք, թե ինչպիսի սովորություններ ունենք։ Դրանցից որո՞նք են օգտակարը և որո՞նք վնասակարը։

 

Ինչպե՞ս ենք ձեռք բերում սովորությունները

Բառն արդեն հուշում է մեզ. Մենք սովորում և սովորեցնում ենք մեզ դրանց, հնազանդեցնում ենք մեզ դրանց։ Լսե՞լ եք այսպիսի արտահայտության մասին. սովորության ուժը կամ սովորության համաձայն։ Մենք մեր կյանքը փորձում ենք համապատասխանեցնել, համաձայնեցնել սովորություններին, և ցանկացած բան, որ չի համապատասխանում մեր սովորություններին հղի է լարվածությամբ և կոնֆլիկտով։

 

«Մտքերը վերածվում են գործերի, գործերը` սովորությունների, սովորությունները` բնավորության։ Իսկ բնավարությունը որոշում է, թե մեր կյանքն ինչպիսին է լինելու»։

 

Բացի անձնական սովորություններից, կան նաև ազգային սովորություններ, որոնք մենք կնկատենք նաև մեր մեջ։ Օրինակ, սովոր ենք ասել, որ հայերի ազգային սովորության մեջ մտնում է նաև հյուրասիրությունը։ Ազգային սովորություններն ու ավանդույթներն օգտակար են այնքանով, որքանով, որ դրանք առողջարար, բանական և օգտակար են։

 

Եթե սովորությունները բարի և օգտակար են, ապա դա լավ է, եթե դրանք չար և անիմաստ են, կարող են կյանք կործանել։

 

Երբեմն նկատում եմ, որ վատ սովորությունների հետևում չար և դիվային ուժեր են կանգնած։ Օրինակ, թմրանյութեր գործածելու հետևում կանգնած է սատանայական չար զորություն, որը մարդկանց դրդում է այդ քայլին։

Հոգեբաններն ասում են, որ 21 օր է պահանջվում վատ սովորությունը հեռացնելու համար և 21 օր է պահանջվում լավ սովորությունը մեր մեջ հիմնովին հաստատելու համար։ Եվ դա պատահական թիվ չէ։ Երեք շաբաթ պահանջվեց Դանիելից, ով իր ծոմապահության միջոցով բեկում բերեց իր ազգի համար։

 

5 սովորություն, որ քրիստոնյան պետք է զարգացնի իր մեջ

Ինչ ցանես քո մեջ, այն էլ կհնձես։ Մարդն արարվեց հողից, այդ իսկ պատճառով նա երբեմն պարարտ հող կարող է լինել նրա մեջ զանազան սովորություններ սերմանելու համար։ Տեր Հիսուսն Ինքը նույնպես սովորություններ ուներ։ Ավետարանն ասում է, որ Նա գնաց Նազարեթ և Իր սովորության համաձայն շաբաթ օրը գնաց ժողովարան (Ղուկաս 4:16)։ Այնուհետև Ավետարանն ասում է, որ նա աղոթելու սովորություն ուներ (Ղուկաս 22:39): Նա նաև սովորություն ուներ լեռը բարձրանալ` աղոթք անելու համար։ Եթե ուսումնասիրենք Նրա կյանքը, ապա կտեսնենք, որ Նա բարիք անելու, հյուր գնալու, Բարի լուրը վկայելու և բազմաթիվ բարի սովորություններ ուներ։ Մենք կարիք ունենք որդեգրելու այն սովորությունները, որ ուներ Տեր Հիսուս Քրիստոսը։

«Մարդը պարարտ հող կարող է լինել նրա մեջ զանազան սովորություններ սերմանելու համար»։

Դրան հակառակ, տեսնում ենք որոշ վնասակար սովորություններ, որ ձեռք են բերում քրիստոնյաները։ Օրինակ, Եբրայեցիներին 10:25-ն ասում է, որ որոշ հավատացյալներ եկեղեցական համատեղ ժողովներից բացակայելու և չմասնակցելու վնասակար սովորություն ունեն։ Թշնամին ցանկանում է, որ նման սովորությամբ քրիստոնյաներին մեկուսացնի և հեռացնի Քրիստոսի մարմնից։

Ոմանց մոտ սովորություն է դարձել ուշանալը, սուտ խոսելը, չափազանցնելը։ Սրանք մեզ ոչ մի լավ տեղ չեն տանի։

Հակառակ նման վնասակար սովորությունների` կառաջարկեմ հինգ առողջարար սովորություն, որ ամեն քրիստոնյա կարիք ունի զարգացնի իր մեջ։

 

1.Աղոթելու սովորություն, հատկապես առավոտ կանուխ

Ընդհանրապես վաղ առավոտյան արթնանալը բարի և օգտակար սովորություն է։ Քնկոտությունը պակաս քայքայիչ և վնասակար սովորություն չէ, քան վերը թվարկածները։ Սովորականից մեկ կամ երկու ժամ շուտ արթնանալը մեզ հնարավորություն է ընձեռում նախապես ծրագրավորել մեր օրը, աղոթքով խորհրդածել գալիք իրադարձությունների մասին, լսել Աստծո ձայնը և առաջնորդվել Սուրբ Հոգով։

 

2. Կարդալու սովորություն

Ընթերցանությունը լավագույն ներդրումն է մեր մեջ։ Ընթերցասեր մարդիկ ավելի շփվող, ստեղծագործ, հաջողակ և ավելի մեծ մտահորիզոն ունեն։ Նպատակ դրեք, ծրագրեք մեկ ամսվա ընթացքում գոնե մեկ կամ երկու գիրք կարդալ։ Ժամանակակից տեխնոլոգիաները, համացանցը, սոցիալական ցանցերն իրենց դրական դերով հանդերձ խժռում են մեր օգտակար ժամանակի մեծ մասը։ Սակայն այն ժամանակը, որ մարդ կանցկացնի գրքի հետ, ամենաօգտակար ներդրումն ու բարի ավանդը կլինի նրա մեջ։ Ձեր ընթերցանության լավագույն բաժինը տվեք Աստվածաշնչին, չէ՞ որ այն գրքերի Գիրքն է և ամենայն իմաստության ակն ու աղբյուրը։ Նպատակադրվեք տարվա մեջ գոնե մեկ անգամ այն սկզբից մինչև վերջ կարդալ։

 

3. Տալու սովորություն

Տալը կամ առատաձեռն լինելը քրիստոնյայի մեծագույն առաքինություններից է։ Տեր Հիսուսն ասաց, որ տալն ավելի երանելի է, քան առնելը։ Որոշ մարդիկ ավելի մեծ հաճույք են ստանում տալիս, քան առնելիս։ Եվ իսկապես տալը հաճույք է։ Վերջիվերջո, մարդը հարուստ է ոչ թե իր ունեցածով, այլ իր տվածով։ Այսպիսով, մեզ սովորեցնենք և տալու սովորություն ձեռք բերենք` հիշելով, որ Աստված տվողին առատաձեռնությամբ պիտի հատուցի։

 

4. Հաղորդակից լինելու սովորություն

Երբեմն մեր վատ սովորությունները թույլ չեն տալիս, որ մենք ազատ և անկաշկանդ հաղորդակցվենք մարդկանց հետ։ Նեղացկոտությունը, նախապաշարումները, ամաչկոտությունը մեծ խոչընդոտ են այս հարցում։ Սակայն հաղորդակցության և սրտաբացության արդյունքում է, որ մենք հարստացնում ենք մեր կյանքն այլոց փորձառություններով, շնորհներով և գիտելիքներով։ Վերջիվերջո, հաղորդակցության շնորհիվ է, որ մենք կարողանում ենք ազդեցություն ձեռք բերել մարդկանց վրա և բաժնեկցել նաև մեր ունակություններով։ Մեր հաղորդակցության ամենամեծ շարժառիթը Տեր Հիսուսի խոսքերն են, որ ասաց, թե որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իր անունով, Նա այնտեղ նրանց մեջ է։ Այսպիսով, մեզ չզրկենք այն մեծագույն օրհնությունից, որ կոչվում է հաղորդակցություն։

 

5.  Աշակերտելու սովորություն

Մատ. 28:18. «Գնացեք և ազգերին աշակերտեցեք»։ Ոչինչ այնքան կյանք, աշխարհայացք և արժեհամակարգ չի փոխում, որքան աշակերտությունը մարդու կյանքում։ Հիսուսը հետաքրքրված էր ոչ թե իր հետևորդների հոծ բազմությամբ, այլ աշակերտներով։ Հենց աշակերտներն էին, որ քրիստոնյա կոչվեցին, հենց աշակերտներն էին, որ աշխարհակարգ փոխեցին։ Այսօր եկեղեցիները լի են հավատացյալների հոծ բազմությամբ, սակայն ամեն մի հավատացյալ չէ, որ Հիսուսի ջանադիր ու նվիրյալ աշակերտն է։ Այդ իսկ պատճառով մենք ինքներս մեզ պետք է աշակերտենք, որից հետո մարդկանց ոչ միայն առաջնորդենք դեպի Քրիստոսը, այլ Նրա խոսքով մարդկանց առաջնորդենք դեպի քրիստոնեական արդյունավետ կյանք։

 

Հիմա ի՞նչ

Եթե այս հոդվածն ընթերցելիս հայտնաբերեցիք, որ ձեր մեջ բազմաթիվ վնասակար սովորություններ կան և բացակայում են օգտակար սովորությունները, պետք է մեկ բան հիշենք և մխիթարվենք. Եսայա 61:1-ից մեջբերում անելով` Տեր Հիսուսը հետևյալն ասաց. «Ես եկել եմ կապյալներին ազատ արձակելու»։ Ապա ի՞նչն է մեզ խանգարում, որ աղոթքով գանք Նրա առաջ և հետևյալն ասենք.

«Սիրելի՛ Հիսուս, ես հայտնաբերեցի, որ իմ մեջ վնասակար սովորություններ կան և ես կապված եմ դրանց և դրանցով։ Խնդրում եմ Քեզ ազատել ինձ ________________ (թվարկի՛ր այդ սովորությունները) նման բաներից։ Եվ տո՛ւր ինձ կարողություն ձեռք բերելու նոր և օգտակար սովորություններ, որոնք ինձ ավելի կմոտեցնեն Քեզ։ Ամե՛ն»։

 

Հիշե՛ք 21 օրվա օրենքը։ Առաջին օրերն ամենածանրը կլինեն։ Հրթիռը տեղից պոկվելիս ավելի շատ վառելիք ու էներգիա է ծախսում, քան տիեզերք հասած ժամանակ, քանի որ երկրի ձգողական ուժը`գրավիտացիայի օրենքը, նրան հետ է քաշում, և հրթիռին ջանք է պետք, որ ճեղքի, վեր բարձրանա։ Մեղքն ու աշխարհն էլ ունեն ձգողականության ուժ։ Դրանք քեզ փորձում են հետ քաշել, բայց Աստծո սիրո ձգողականության ուժն ավելի զորավոր է։ Որոշի՛ր հենց այսօր սկսել քո 21 օրյա ճամփորդությունը։ Քայլ առ քայլ ամեն օր գնա դեպի նպատակը և անպայման, անկասկած հաջողություն կգտնես։