Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Անհեռատեսության և անիրատեսության համազգային ախտանիշը
3016
post-template-default,single,single-post,postid-3016,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Անհեռատեսության և անիրատեսության համազգային ախտանիշը

Անհեռատեսության և անիրատեսության համազգային ախտանիշը

Մեր ազգային անհեռատեսությունն ու անիրատեսությունն այն ախտն ու հիվանդությունն են, որի հետևանքները կրում է ոչ միայն ներկա սերունդը, այլև ապագա սերունդները։

 

Հեռատես լինելու համար մենք պետք է նախ իրատես լինենք, սակայն, ցավոք, մեր կարճատեսությունը թույլ չի տալիս իրատես լինել։ Մեր ազգային տեսողությունը մթագնած և շղարշված է անցյալի հնարովի առասպելներով, անիրական պատումներով, մեր ազգի՝ իբրև թե հերոսական սխրանքներով և, այսպես կոչված, ըտնրյալ լինելու սինդրոմով։

 

Երբ գալիս է ազգովի որևէ որոշում կայացնելու պահը, մենք այնքան կտրված ենք իրականությունից, որ չենք տեսնում մեր ներկա կայացվելիք որոշումների վնասն ու վտանգը ապագա սերնդի համար։ Երբ 90-ականներին մենք մոտ էին արցախյան հարցի հանգուցալուծմանը, հենց 90-ականների սերունդը որոշեց այս հարցը թողնել ապագային, որպեսզի պատմությունը հանկարծ չհիշի նրանց որպես հողատու, որպես դավաճան կամ էլ կոմպրոմիստ։ Չէ՛, նրանք անպայման պիտի հիշատակվեն իրենց սխրանքներով ու հերոսական արարքներով, թեպետ հակառակորդի քաղաքացիական բնակավայրերի թալանն ու ավերումը, բնակավայրերի՝ հողին հավասարեցումը դժվար թե ներկա քաղաքակրթությունը հերոսություն համարի։ Իսկ նման երևույթները իսկապես ստվերում են մեր իսկական հերոսներին, որոնցով պարծենալու և որոնց ազնիվ տեսակով ոգեշնչվելու կարիք ունենք։

 

Այդ իսկ պատճառով այդ օրերի իշխող սերունդը որոշեց առկախել այդ հարցը օդում և այն, որպես ժառանգություն, փոխանցել հաջորդ սերնդին։ Նրանք այնքան անհեռատես էին, որ չէին հասկանում կամ չէին ուզում հասկանալ, որ իրենցից հետո եկող սերունդը շատ դառը գին էր վճարելու նախորդ սերնդի անպատասխանատվության և անհեռատեսության համար։ Եվ այդ գինն այն հազարավոր զոհերն ու խեղված ճակատագրերն էին, որ զոհ դարձան ոչ միայն մեր թշնամու, այլև մեր նախորդ սերունդների անհեռատեսության և անպատասխանատվության պատճառով։ Եվ այս առումով՝ չեմ ուզում անպայման դատապարտել բացառապես նախկին իշխանություններին։ Վերջապես, եկե՛ք հասկանանք, որ յուրաքանչյուր իշխանություն արտացոլումն է տվյալ հասարակության իրականության ու արժեհամակարգի։

 

Ցավոք, մենք ազգովի դեռ երկար ժամանակ ի վիճակի չենք լինի առերեսվել մեր իրական ախտերի հետ, քանի որ այդ ախտերը տարիներ շարունակ ներկայացվել են որպես առավելություն և ազգային արժանապատվություն։ Այսքան կորուստներից հետո, ցավոք սրտի, մենք չդարձանք ավելի իրատես և հեռատես․ դեռ շարունակում ենք հավատալ և ապավինել առասպելներին, պատահականությանը, այն փաստին, որ մի օր Բաքվի նավթը կվերջանա, կամ ջրի տակ կանցնի դրանց երկիրն, ու մենք լավ կապրենք։

 

Եվ սա ողբերգություն է։ Շտկվելու, կրթվելու և զարգանալու փոխարեն՝ մենք հույս ենք դնում թշնամու դեգրադացման, տգիտության և կատակլիզմների վրա։ Դրա համար էլ ազգովի հրճվում էին, երբ Թուրքիայիում անտառներ էին հրդեհվում, կամ օրինակ, երբ լսում ենք, որ Վանա լինճը կտրուկ ցամաքել է։

 

Մենք լուրջ թերապիայի կարիք ունենք, բայց մեր անիրատեսությունը թույլ չի տալիս դա տեսնել։ Մենք պատրաստ ենք բոլորին մեղադրել, նզովել և ատել, բայց որևէ կերպ չտեսնել մեր այն գծերն ու նկարագրերը, որոնք խայտառակում են մեզ աշխարհի և քաղաքակրթության առաջ։

 

Մենք շարունակում ենք ազգովի դավանել մեր ընտրյալ լինելը։ Իսկ ինչպիսի՞ն է այդ «ընտրյալ» ազգը՝ կրիմինա՞լ, փնթի՞, օրինախա՞խտ, կեղծարա՞ր, ամենի ինչից դժգո՞հ, ապապետակա՞ն, ապաշնորհ և անշնորհակա՞լ, տգետ և անտա՞շ։

 

Ես ավելի շուտ կասեի՝ ՀԱԿԱՍԱԿԱՆ։ Այո՛, մենք հակասական հասարակություն ենք՝ սինթեզելով մեր մեջ բարին և չարը, անհավանական տոկունությունն ու վախկոտությունը, հերոսականությունն ու դավաճանությունը, ինքնազոհողությունն ու էգոիզմը, հանճարեղությունն ու տգիտությունը։

 

Ցավոք, սակայն, մենք դեռ շարունակում ենք հույսներս կապել փրկիչների հետ, քանի որ փրկիչը, լինելով գերմարդկային և հավաքական կերպար, մեզ ազատում է անհատական պատասխանատվությունից։ Եթե փրկիչներն են մեզ ազատելու, ապա ի՞նչ կարիք կա սովորելու, կրթվելու, զարգանալու։

 

Եվ չեմ էլ զարմանա, որ այս գրառումն էլ որոշակի ռեզոնանս առաջացնի ոմանց մոտ, թերևս սա մի փոքրիկ ինդիկատոր կլինի, որով ի ցույց կդրվի մեր ներսի արատը։ Բայց այնքան ժամանակ չենք տեսնի այդ արատները, քանի մենք մեզ նայում ենք սոլովյովների և ժիրինովսկիների աչքերով, մեր դահճի սեթևեթանքը և շողոքորթությունն ընդունում ենք որպես հաճելի իրականություն և փաստ։

 

Հույս կա՞ մեզ համար. միանշանա՛կ։ Եվ թեպետ ժամանակը մեր օգտին չի աշխատում, մենք կարող ենք Աստծու շնորհով քրտնաջան աշխատել, ազնիվ և ջանասեր լինել, կրթվել և առաքինի դառնալ։ Ես կասկած չունեմ, որ ունենք Աստծուց տրված հնարավորություն՝ կառուցելու այնպիսի պետություն ու երկիր, որ մեր թշնամիները նախանձով ու երանությամբ նայեն մեզ և հեգնելու ու ծաղրելու փոխարեն՝ խորը պատկառանք տածեն մեր հանդեպ այնպես, ինչպես այսօր ռուսն է տածում գերմանացու և ճապոնացու նկատմամբ, որոնց ընդամենը մի քանի տասնամյակ առաջ էր ջարդել ու կապիտուլյացիայի ենթարկել։ Բայց այսօր այդ ջարդարարն ինքն է երազում ապրել գերմանական ստանդարտներով և օգտվել ճապոնական խելքից ու տեխնոլոգիաներից։

 

Ունենք այդ հնարավորությունը, իսկ կօգտվե՞նք արդյոք դրանից, կարծում եմ՝ այդ մասին միայն Աստծուն է հայտնի և այս հոդվածը կարդացող յուրաքանչյուր անհատին, ով չի սպասի դիմացինի փոխվելուն, այլ ինքը կսկսի հենց իրենից և իր տնից։

 

Ձեր անարժան ծառա՝
Վազգեն Զոհրաբյան