Համացանցային քարոզիչների 4 վտանգները
Վերջին երկու֊երեք տասնամյակների ընթացքում հեռուստատեսային և համացանցային քարոզիչների բոլորովին նոր սերունդ է հայտնվել։ Այս առումով շատ արդիական է հնչում Պողոս առաքյալի զգուշացումը 2-րդ Տիմոթեոս ուղերձում.
«Որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի, այլ իրենց ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատվեն։ Նրանք իրենց ականջները ճշմարտությունից կդարձնեն ու առասպելներին հետևելով՝ կմոլորվեն»։
2-րդ Տիմոթեոս 4:3-4
Հարցն այն չէ, որ նման հավատացյալներն իրենց ականջները ճշմարտությունից կդարձնեն և առասպելներին կհետևեն․ դա ընդամենը հետևանքն է։ Խնդրի արմատն այն է, որ նրանք իրենց համար ուսուցիչներ կընտրեն՝ համաձայն իրենց ցանկությունների, ըստ տրամադրության, ըստ իրենց մարմնավոր ցանկությունների։ Այսինքն՝ համաձայն այս արտահայտությունների. «Ես այդպես եմ ուզում», «Ես այդպես եմ հարմար զգում»։
ՎՏԱՆԳ 1-ին
Կախվածության մեջ հայտնվել քարոզչի հաճոյախոսությունից
Լսելով նման ուսուցիչներին՝ մարդը հաճախ հաճույք է զգում, քանի որ իր սեփական ինքնագնահատականն գնալով ավելի է բարձրանում։ Այդ քարոզիչները հետևյալն են ասում են. «Սիրելի՛ս, դու շատ ցածր ինքնագնահատական ունես։ Դու պետք է քեզ ավելի թանկ գնահատես»։ Մարդու մոտ տեղի է ունենում վերաարժեքավորում և նա, իբրև թե հասկանալով, ասում է. «Այո՛, ես ինչ որ տեղ թերագնահատել եմ իմ հոգևորության կարողությունը, իմ նվիրման խորությունը, իմ փոխադարձ սիրո ուժը Աստծու հանդեպ և, ընդհանրապես, թերարժևորել եմ իմ զանազանության այն կարողությունը, թե ով է ճիշտ ուսուցիչը, իսկ ով՝ ոչ»։
Նրանք մարդուն ասում են. «Դու ավելի լավին ես արժանի»։ Իսկ նա մտածում է. «Այո՛, երեկվա քարոզիչը լավն էր, սակայն ա՛յ այսօրվա քարոզիչն ավելի լավն է։ Երեկ իմ տրամադրությունը բարձրացրին, սակայն այսօրվա քարոզը լսելով՝ ես պարզապես հաճույք եմ ապրում։ Ավելի լավ է՝ այսօրվա քարոզչին լսեմ»։
Սակայն, այս ամենն շարունակվում է այնքան ժամանակ, մինչև գտնվում է մեկ այլ՝ շողոքորթող և ականջ շոյող քարոզիչ։ Ցավոք սրտի, սա շատ տարածված երևույթ է։
ՎՏԱՆԳ 2-րդ
Հավատացյալների՝ տեղական համայնքից դուրս հայտնվելը
Երբ 90-ականների սկզբներին սկսեցի լսել ամերիկացի
քարոզիչներին, ամեն քարոզի վերջում քարոզիչն ասում էր. «Ընկերնե՛ր, մենք գտնվում ենք այսինչ նահանգում, այսինչ շրջանում։ Եթե դուք որևէ եկեղեցու մաս չեք կազմում, ձեզ անհրաժեշտ է գտնել եկեղեցի։ Վերջում մենք մեր շրջանի եկեղեցիների հասցեները ձեզ կփոխանցենք։ Անգամ լավ քարոզներ լսելը կարող է ձեզ ոչինչ չտալ․դրանք ձեր կյանքի սխալ ընթացքի մեջ պարզապես մի պահ կհանգստացնեն ձեզ։ Ձեզ անհրաժեշտ է կենդանի մասնիկը դառնալ որևէ ավետարանական համայնքի․ այնտեղ է, որ Աստված ձեզ պիտի սրբացնի, խրատի և ամոքի։ Եվ այնտեղ է, որ դուք կկարողանաք հոգևորապես աճել»։
Հիշում եմ, որ 90-ական թվականների առաջին կեսին յուրաքանչյուր հեռուստատեսային քարոզ (այն ժամանակ դեռ չկար համացանցը) նման կերպ էր ավարտվում՝ անկախ այն բանից, թե ով էր քարոզիչը։ Նա կարող էր շատ հանրահայտ մեկը լինել, սակայն անպայման խոսում էր տեղական եկեղեցիների մասին։ Ոմանք այդ մասին անգամ խոսում էին թե՛ իրենց քարոզների սկզբում և թե՛ վերջում։ Իսկ ոմանք էլ հրավիրում էին տեղական եկեղեցիների հովիվներին, որպեսզի նրանք պատմեին իրենց եկեղեցիների մասին։
Սակայն ես տեսնում էի, որ սեփական եկեղեցին փնտրելու, եկեղեցու լիարժեք անդամ դառնալու, նվիրյալ լինելու, Աստծու Խոսքին և հոգևոր իշխանությանը հնազանդվելու կոչերն աստիճանաբար ավելի ու ավելի էին պակասում, դրանք ավելի հազվադեպ էին հնչում։ Քարոզի ամենավերջում քարոզիչն արդեն կոչ չէր անում, այլ պարզապես ցուցադրում էր եկեղեցիների հասցեների ցանկը։
Իսկ ահա 21-րդ դարում գործնականում բոլոր հեռուստաքարոզիչները, իսկ հիմա արդեն ինտերնետ֊քարոզիչները գրեթե մոռացել են այն մասին, որ իրենք եկեղեցի և համայնք չեն, որ իրենք չեն կարող հոգևորապես հովվել իրենց ինտերնետ կամ էլ հեռուստատեսային հոտը։ Նրանք սկսեցին դեպի իրենց քաշել այն մարդկանց, որոնք իրենց լսում և դիտում են։
ՎՏԱՆԳ 3-րդ
Մոլորվել ամեն բան ըստ Աստծու Խոսքի չստուգելու արդյունքում
Զուգահեռաբար սկսեցին թուլանալ նաև ամեն բան Աստծու Խոսքով ստուգելու կոչերը։ Ավելին, սկսեց ավելի հաճախ հնչել այն, որ առաջին հերթին ավետարանական սփոփանք էր թվում, սակայն, ըստ էության, ավելի և ավելի նման է շողոքորթության. «Ինձ հաճելի բաներ ասեք, իմ վրա քաղցր բաներ մարգարեացեք»,֊ ահա այսպես էր հին Իսրայելն ասում Աստծու մարգարեներին, որոնք որևէ մեկին չէին ուզում շողոքորթել։ Շատ ցավալի է, քանի որ որևէ քարոզիչ չի կարող ճշմարտություն համարվել և վերին ատյան։
Սակայն հեռուստաքարոզիչները և ինտերնետ֊ուսուցիչները դադարեցին ասել. «Ստուգե՛ք ինձ, քանի որ ես, հնարավոր է, սխալվում եմ»։ Նրանք ընդհանրապես դադարեցին խոսել այն մասին, որ իրենց մոտ կարող են սխալներ լինել։ Եվ հետևյալ արդյունքը ստացվեց՝ «Կկուն գովում է աքաղաղին այն բանի համար, որ վերջինս իրեն է գովում»։ Նրանք սկսեցին ավելի շատ գովերգել նրանց, ովքեր լսում են իրենց, եթե հատկապես այդ լսողներն իրենց պարբերաբար գումարներ են ուղարկում։ Բայց դրա փոխարեն իրենց իրավունք են վերապահում ավելի շատ ինքնագովեստով զբաղվել՝ հասկանալով, որ այդպես ավելի շատ դիտողականություն կապահովեն։
ՎՏԱՆԳ 4-րդ
Խուսափել սեփական կյանքի համար պատասխանատվություն կրելուց
Միայն ինտերնետ֊քարոզիչներին լսող և լսածն ըստ Աստծու Խոսքի չստուգող հավատացյալների համար ևս մի վտանգ կա. դա սեփական հոգևոր աճի պատասխանատվությունն այդ քարոզիչների վրա դնելու ցանկությունն է։ «Իմ հովիվը մեկ միլիոն բաժանորդ ունի։ Դուք գիտե՞ք, թե դա ի՜նչ է նշանակում»։ «Գիտե՛նք։ Դա նշանակում է, որ նա շատ հանրահայտ է համացանցում»։ «Ո՛չ, դա նշանակում է, որ նա մեծ և շատ օծված է»։ Հնարավո՛ր է, իսկ հանարավոր է՝ ո՛չ։ Կարող է լինել նաև բոլորովին հակառակը․ նա, հնարավոր է, շատ հետևորդներ ունի ոչ թե այն բանի համար, որ Սուրբ Հոգին շատ զորավոր է նրա միջոցով գործում, և Աստված նրան մեծ օծություն է տվել, այլ այն բանի համար, որ նա կարողանում է հաճոյանալ մեծ թվով քրիստոնյաների, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում պատասխանատու և հաշվետու լինել և ցանկանում են իրենց անձերի, իրենց փրկության, իրենց կյանքի պատասխանատվությունը դնել «մեծն» ինտերնետ֊գուրուի վրա, որը միշտ կհանգստացնի իրենց խիղճը և ականջ շոյող խոսքեր կասի։
Ընկերնե՛ր, մեզ համար շատ կարևոր է ոչ թե թեթևամտորեն, այլ ամենայն լրջությամբ ամեն բան ստուգել ըստ Աստծու Խոսքի։ Մեզ համար անչափ կարևոր է չընկնել այն թակարդը, որտեղ հայտնվում են ինտերնետային շատ հավատացյալներ, որոնք իրենց նախընտրած ինտերնետ֊քարոզիչներից սուրբգրային միայն որոշ հատվածների հավաքածու և մեկնություններ են ներկայացնում, որոնք հաճելի է լսել մեծամասնությանը, իսկ Աստվածաշնչի մնացած մասն անտեսում են։
Հեղինակ՝ Բորիս Գրիսենկո
Թարգմանեց Վազգեն Զոհրաբյանը