Շրջմոլիկ հավատացյալները
Պանդեմիայի շրջափուլում շատ եկեղեցիներ սկսեցին իրենց ծառայությունները հեռարձակել առցանց և կոչ անել իրենց անդամներին տներում հավաքվել։ Եվ տնային եկեղեցիների շարժումը սկսեց աճել այն չափով, որ այսօր շատ ու շատ հասուն հավատացյալներ հավատքով քայլ են կատարում և ընդունված ստանդարտներից դուրս համայնքներ են հիմնում։ Եկեղեցիները սկսել են մտածել նախկին չափանիշներից դուրս։ Դա լավ է։ Սակայն միաժամանակ նաև վատ է, որ չստուգված, չկրթված և որակավորում չունեցող մարդիկ օգտագործում են այս հնարավորությունը սկսելու այնպիսի ծառայություններ, որոնք որևէ հիմք չունեն։ Նման մարդկանց ես անվանում եմ միայնակ շրջմոլիկներ, քանի որ նրանք չունեն վերակացուներ։ Նրանք որևէ մեկին չեն հնազանդվում, սական դրանով հանդերձ հայտարարում են, որ մասնագետներ են։
Նրանք որևէ մեկին հաշվետու չեն, սակայն մեծ ուրախությամբ գրավում են առաջնորդական դիրքեր և ձգտում գլխավոր դերակատարը լինել շատերի համար։ Ենթադրենք, որ ինչ որ եկեղեցի տնային եկեղեցիների մի համակարգ է սկսում և այդ խմբերի համար առաջնորդներ է վերապատրաստում։ Այնուհետև պատկերացնենք, որ ինչ որ մի ամուսնական զույգ որոշում է իրենց խումբը հիմնադրել՝ առանց հաճախելու վերապատրաստման դասերին, քանի որ նրանց թվում է, թե կարիք չունեն հնազանդվել այն կանոններին կամ համապատասխանել այն չափանիշներին, որ հովիվն է սահմանել։ Նրանց հոգևոր հպարտությունը և անկախության ձգտումը վարակում է ուրիշներին, և դու չեք հասցնի հասկանալ, թե եկեղեցում ինչպես սկսվեց պառակտությունը։ Նման պառակտումները եղել են եկեղեցուն՝ սկսած առաջին դարից։ Հենց այդ մարդկանց մասին էր, որ Աստվածաշնչի հեղինակները, ինչպիսին Հուդան էր, զգուշացնում էին, որ կան ոմանք, որոնք համեմատվում են «ծովերի կատաղի ալիքների» և «մոլոր աստղերի» հետ, որոնք բաժանում և սուտ վարդապետություններ են տարածում (Հուդա 1:13)։
Շրջմոլիկ հավատացյալները վտանգավոր են, անգամ եթե նրանք հաճախ չեն էլ գիտակցում, որ սատանան օգտագործում է իրենց, որպեսզի քանդեն Աստծու գործը։ Հին Կտակարանի ըմբոստ Կորխի պես, նրանք կասկածում են Աստծու իշխանության վրա և հայտարարում են իրենց հոգևոր առավելությունների մասին։ Ահա շրջմոլիկ հավատացյալների 6 առանձնահատկություն։ Ուշադրությո՛ւն դարձրեք հաջորդիվ շարադրվելիք նախանշաններին։
- Շրջմոլիկ հավատցյալները գերհոգևոր են
Նրանց ոտքերը հազվադեպ են երկրին դիպչում։ Նրանք կարող են շատ ժամանակ անցկացնել աղոթքի մեջ (կամ էլ այդպես հայտարարել), կամ էլ կարող են անգամ ծոմ պահել և իրենց հանդեպ խստաբարո լինել։ Սակայն մարդկանց հետ իրենց հարաբերությունները խախուտ են։ Հիշե՛ք, Հիսուսը չապրեց Իր կյանքը որպես միստիկ մի ուսուցիչ՝ տարածելով «երանավետ» և իրականությունից կտրված գաղտնի իմաստություն։ Նա ապրում էր իրական կյանքում և հաղորդակցվում էր մարդկանց հետ, որոնց իրապես սիրում էր։ Մենք նույնպես պետք է այդպես վարվենք։
- Շրջմոլիկ հավատացյալները հաճախ «հատուկ հայտնություն» ունեն։
Պողոսը զգուշացնում էր կողոսացիներին այն հպարտ մարդկանց մասին, որոնք միշտ Աստծուց տեսիլքների էին տեսնում։ Նա ասաց. «Ոչ ոք թող ձեզ մրցանակից չզրկի կեղծ խոնարհությամբ և հրեշտակների պաշտամունքով, ներթափանցելով այն բաների մեջ, որ չի տեսել, և անտեղի հպարտանալով իր մարմնական մտքի խոհերով»։
Աստված մեզ հետ խոսում է Սուրբ Հոգում միջոցով, և Նա կարող է օգտագործել երազները, տեսիլքները կամ մարգարեական խոսքերը։ Սակայն Նրա ուղերձներից միշտ սեր և խաղաղություն են բխում։ Իսկ միստիկ ոգին սովորաբար դրսևորվում է գերհոգևոր մարդկանց մոտ, որոնք պնդում են, որ միշտ հայտնություններ են ստանում։ Զգուշացե՛ք այն մարդկանցից, որոնք հայտարարում են, որ միշտ գիտեն, թե Աստված ինչ է ասում բոլորի և ամեն ինչի մասին։
- Շրջմոլիկ հավատացյալները չեն կարող հնազանդվել հեղինակությանը։
Ինքնակոչ առաջնորդները համարում են, որ նրանք ավելի շնորհալի են քան հովիվները և հոգևոր այլ առաջնորդները։ Դրա համար նրանք անհնար են համարում խրատ և հանդիմանություն ստանալը ինչ որ մեկի կողմից։ Նրանք նաև հակում ունեն բամբասել առաջնորդից կամ էլ սուտ մեղադրանքներ տարածել։ Գոռոզության պատճառով նրանք իրենց տարանջատում են Քրիստոսի մարմնից։
- Շրջմոլիկ հավատացյալները ուշադրության ծարավ են։
Քանի որ նրանց մանկության մեջ հնարավոր ուշադրության և սիրո պակաս է եղել, շրջմոլիկ հավատացյալները հուսահատ փորձեր են անում ուշադրության կենտրոնում լինել։ Նրանց զգացմունքային ճգնաժամը մղում է նրանց անդադար հագեցում փնտրելու։ Որոշ մարդիկ, որոնք ձգտում են ծառայել որպես բարեխոս, հոգևոր վերակացու կամ անգամ փառաբանության խմբի անդամ, իրականում ներքին բժշկության կարիք կունենան նախքան ծառայության մեջ մտնելը։ Եթե դուք նման մարդկանց բեմ բարձրացնեք նախքան նրանց բժշկվելը, դուք շատ կզղջաք դրա համար։
- Շրջմոլիկ հավատացյալներն իրենց զոհի տեղ են դնում
Ինձ ձանոթ շրջմոլիկ հավատացյալների մեծ մասը հավատում է, թե սատանան իրենց վրա մշտապես հարձակվում է, կարծես թե նրանք սատանայի համար ամենամեծ վտանգն են ներկայացնում։ Կյանքում եղած ամենափոքր իսկ խնդիրները նրանց համար դիվային հարձակման կամ դավադրության «վկայություն» են դառնում։ Եվ եթե անգամ հովիվը փորձում է որոշակի ուղղորդում բերել նրանց կյանքում, նրանք դրան վերաբերվում են որպես հոգևոր հարձակում։
- Շրջմոլիկ հավատացյալները հաճախ խաբվում են
Նրանք, ովքեր մերժում են խրատն ու հոգևոր իշխանությունը, դեպի կորուստն ու կործանումն են գնում։ Ջոզեֆ Սմիթը՝ մորմոնիզմի հիմնադիրը, այդ աղանդը հիմնադրեց այն բանից հետո, երբ բոլոր քրիստոնեական հարանվանություններին հայտարարեց կեղծ եկեղեցիներ։ Նա իրեն կտրեց Քրիստոսի մարմնից, և դա հիմք հանդիսացավ 19-րդ դարի մեծագույն հերձվածության։ Մարդիկ, որոնք այդքան կենտրոնացած են իրենց հոգևոր գերակայության վրա, վերջնական արդյունքում մերժում են Հիսուսին և արդարացնում են իրենց մեղսալի վարքը։
Եկեղեցին պետք է առողջ վայր լինի։ Մենք պետք է պատրաստենք այնպիսի առաջնորդներ, որ լինեն խոնարհ, ի վիճակի լինեն կրթվելու, հնազանդ լինեն հոգևոր իշխանություններին, լինեն գործնական, անկեղծ և զգացմունքային առումով հասուն։ Թույլ մի՛ տվեք շրջմոլիկ հավատացյալներին վնասել Քրիստոսի մարմինը։
Լի Գրեյդի