Հիսուսով շարժվող եկեղեցիների 10 բնորոշ գծերը
Աստծո Խոսքը Հռոմեացիներին 8:29-ում սովորեցնում է, որ հավատացյալները նախասահմանված են Հիսուս Քրիստոսի նման լինելու համար։ Թեպետ այս խոսքը գրված է եղել Հռոմի եկեղեցուն, հասկանում ենք, որ այս համարը խոսում է Քրիստոսի մարմնի բոլոր անդամների մասին։ Հետևաբար, նաև տեղական համայնքները` եկեղեցիները, կանչված են իրենց վարվեցողության, առաքելության և էության մեջ նմանվելու Քրիստոսին։
Թեպետ բազմազան բնութագրեր կան, որոնց մեջ կարելի է խորասուզվել, ես ձեր ուշադրությանը կներկայացնեմ տասը բնորոշ գծեր, որոնք պետք է ունենա Քրիստոսով շարժվող յուրաքանչյուր եկեղեցի։ Իհարկե մարդկանց մեջ ընդամենը մեկն է եղել, ով բացարձակ կատարյալ է եղել (Հիսուս Քրիստոս), և սա նշանակում է, որ մնացած բոլոր մարդիկ կամ համայանքները չեն հասնում Նրա փառքին` որքան էլ որ ուժգին ձգտեն դրան։Լավագույնը, որ կարող ենք անել, մեր կյանքում Նրա շնորհի մեջ քայել փորձելն է` հասկանալով, որ երկնքի տակ մենք երբեք չենք գտնի կատարյալ եկեղեցի կամ էլ կատարյալ մարդ։
Այս ամենով հանդերձ, ստորև թվարկված են տասը բնորոշ գծեր, որոնց պետք է տիրապետի յուրաքանչյուր եկեղեցի, ով իր երկրային ճանապարհներում շարժվում է Հիսուս Քրիստոսով։
1. Ծառայության ուրախ մթնոլորտ
Հիսուսը սովորեցրեց, որ արքայության մեջ մեծը նա է, ով ծառայում է (Մատթեոս 23:11)։ Նա այն Իր օրինակով ցույց տվեց, երբ Իր ծնկները խոնարհեցրեց և լվաց Իր աշակերտների ոտքերը (Հովհաննես 13)։ Այդ գործողությունը ամբողջապես հակասում էր Իր ժամանակների հռոմեական և հրեական ավանդույթներին, որոնք սովորեցնում էին, որ ձեզանից ցածրերի առաջ խոնարհվելը անտեղին և անընդունելի է։ Հետևաբար, եկեղեցիները, որոնք Հիսուս Քրիստոսով են շարժվում, հաղթականորեն կցնծան` մյուսների բարօրությանը ծառայելու համար։
2. Հրաշքների ակնկալիք
Երբ Պողոս առաքյալը հեթանոսներին Ավետարանն էր քարոզում, նա Հիսուսին նկարագրում էր որպես մեկը, ով քայլում և բարիք էր գործում` բժշկելով բոլորին, ովքեր սատանայից էին բռնված (Գործք Առաքելոց 10:38): Այս կերպ Հիսուսը ընկալվում էր որպես Աստծո հրաշագործ զորությանը տիրապետող մեկը։ Հիսուսն անգամ Իր հետևորդներին ասաց, որ նրանք ավելի մեծ գործեր պիտի գործեին, քան Նա գործեց (Հովհաննես 14:12): Հետևաբար, այն եկեղեցին, որը շարժվում է Հիսուս Քրիստոսով իր առօրյա կյանքում կունենա հրաշքներ ակնկալող հավատք։
3. Աստվածային առաքելության և նպատակի զգացողություն
Երբ Հիսուսն Իր առաջին քարոզը տվեց, Նա Եսայա մարգարեությունից մի հատված կարդաց, որը մարգարեություն էր Իր առաքելության մասին (Ղուկաս 4:18, Եսայա 61:1-2): Նա առաքելության մարդ էր, ով ամեն օր ձգտումներ և նպատակներ ուներ։ Նա Պիղատոսին ասաց, որ այն նպատակը, որն ուներ Իր կյանքում, որպես թագավոր ճշմարտության մասին վկայելն էր (Հովհաննես 18:37): Ահա այս լույսի ներքո երևում է, որ Հիսուս Քրիստոսով շարժվող եկեղեցին ոգեշնչող տեսիլք կունենա և իր համայնքի մեջ մարդկանց կբռնկեցնի նպատակի և առաքելության զգացողությամբ։
4. Խորասուզված աշակերտության մեջ
Երբ կարդում ենք չորս ավետարանները, ակնհայտ է, որ Հիսուսն Իր ծառայության մեջ գլխավորապես կենտրոնանում էր այն բանի վրա, որ ներդրում աներ Իր տասներկու, այնուհետև յոթանասուն աշակերտների մեջ (Ղուկաս 9:1, 10:1): Տեղական եկեղեցիները, որոնք Քրիստոսի կերպարանքն ունեն, իրենց ողջ ծառայությունը կուղղեն այն բանին, որ աշակերտներ պատրաստեն և ոչ թե պարզապես մարդկանց ամբոխ դիզեն։
5. Ճշմարիտ հաղորդակցություն և ընտանեկան միջավայր
Հիսուսը ոչ միայն սովորեցնում էր Իր աշակերտներին, այլև ապրում էր նրանց հետ և նրանց մեջ։ Նա Իր ցավը բաժնեկցում էր նրանց հետ, ուտում և աղթում էր նրանց հետ (Ղուկաս 14:14-46): Հիսուս Քրիստոսով շրաժվող եկեղեցին հիմնարար արժեք կդարձնի հաղորդակցությունն ու ընտանեկան մթնոլորտը։
6. Կենտրոնացում Հոր վրա
Հիսուսը միշտ Իր Հոր գրկում էր և ամենասկզբից նկարագրված էր որպես Հոր հետ եղող (Հովհաննես 1:1, 18): Այս երկու համարները բացահայտում են այն, թե Հիսուսը որքան մոտ է եղել Հորը։ Նա նաև ասաց, որ Ինքը և Հայրը մի են (Հովհաննես 10:30), և որ Նա ասում է միայն այն, ինչ Հայրն է Իրեն ասել, և որ միայն անում է այն, ինչ Հորն է հաճելի (Հովհաննես 8:28-29): Հետևաբար, Հիսուսով շարժվող եկեղեցին կքայլի որդեգրության հոգով` ինչպես կենդանի Աստծո զավակներ իր սրտի լեցունությունից աղաղակելով` Աբբա՛, Հա՛յր (Հռոմեացիներին 8:15)։ Նման եկեղեցին որբության ոգուն հակառակ է գնում և բժշկություն է բերում կոտրված սրտերին և հասարակության մերժված խավին։
7. Աղոթքն առաջնահերթություն է այդ եկեղեցու համար
Հիսուսը պարբերաբար արթնանում էր մինչ արևածագը` աղոթելու համար (Մարկոս 1:35): Նրա աշակերտները հասկացել էին, որ Հիսուսի զորության գաղտնիքն աղոթքն էր և հենց այդ իսկ պատճառով նրանք խնդրեցին, որ Նա նրանց աղոթել սովորեցնի (Ղուկաս 11:1)։ Նրա` երկրի վրա անցկացրած օրերը նկարագրված են որպես մի ժամանակ, երբ Նա ուժգին աղաղակով և արտասուքով Իր աղոթքներն էր բարձրացնում Հոր առաջ (Եբրայեցիներին 5:7): Քանի որ Հիսուսը հարատև, կրակոտ աղոթքի անձնավորություն էր, Հիսուս Քրիստոսով շարժվող եկեղեցին էլ նմանապես պետք է մի համայնք լինի, որտեղ շատ կրակոտ աղոթքներ կբարձրանան։
8. Նման եկեղեցին բնութագրվում է իր համբերատարությամբ և անսասանությամբ
Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսն ուրախության փոխարեն խաչը հանձն առավ (Եբրայեցիներին 12:2): Եվ թեպետ Աստվածորդի էր, Նա չծառայեց և որևէ հրաշք չգործեց մինչև Իր կյանքի 30 տարին, ինչը մեծ համբերատարության դրսևորում էր (Ղուկաս 3:23): Ցանկացած եկեղեցի, որն իրեն կնույնացնի Հիսուս Քրիստոսի հետ, պետք է լինի մեծ համբերատարության եկեղեցի` հակառակ բոլոր փորձություններին և չարչարանքներին։
9. Նման եկեղեցիներում քրիստոնեությունը կենսակերպ է և ոչ թե կրոն
Հիսուսն ասաց. «Ես եմ ճանապարհը» (Հովհաննես 14:6)։ Նա չասաց. «Ես եմ կրոնը»։ Վաղ եկեղեցին Քրիստոսի մեջ իր ճամփորդությունը նկարագրում է որպես կյանք և ճանապարհ (Գործք 5:20, 24:14): Ծայրաստիճան կրոնավոր և ծեսերի մեջ խորասուզված եկեղեցին (փորձելով Քրիստոսին հետևել միայն կանոնների և ավանդույթների հիման վրա) ոչ թե Քրիստոսին է նմանվում, այլ մարդկանց կողմից ստեղծված կրոններին (Գաղատացիներին 3:3, Կորնթացիներին 2:16-23): Ակնհայտ է, որ Հիսուս Քրիստոսով շարժվող եկեղեցին իր փոխհարաբերությունները կարտահայտի Նրա հետ եղած կենսական, իրական կերպով։
10. Նրանք ճշմարտությունն են ասում իշխանություններին
Թեպետ ժամանակակից շատ հովիվների և առաջնորդների նպատակը մշակութային կոնֆլիկտներից խուսափելն է, որպեսզի «հարգանք» ձեռք բերեն, իրենց Տերը, որին նրանք հետևում են, ճշմարտությունն էր ասում իշխանություններին։Աստվածաշնչի անգամ մակերեսային ընթերցանությամբ պարզ է դառնում, թե Նա ինչպես էր նպատակամղված բժշկում մարդկանց շաբաթ օրը, ինչը հրապարակային վիրավորանք էր կրոնական առաջնորդների համար (Մարկոս 3:1-5, Հովհաննես 5): Նա հռոմեացի կուսակալ Պիղատոսին ասաց Իր թագավորության մասին (Հովհաննես 18:36-38), հանդիմանում էր կրոնական առաջնորդներին այն բանի համար, որ վերջիններս իրենց ավանդույթներն Աստծո Խոսքից բարձր էին դասում (Մարկոս 7:1-3)։ Հիսուս Քրիստոսով շարժվող եկեղեցին ճշմարտությունը երբեք չի էժանացնի, այլ պատշաճ կերպով կհռչակի Աստծո ողջ կամքն իր արժեհամակարգի, բառերի և առաքելության մեջ։
Որպես վերջաբան պետք է ասել, որ կան բազմաթիվ ճանապարհներ, որոնցով մենք կարող ենք նմանվել Քրիստոսին։ Սակայն, եթե մենք ջանանք քայլել վերը թվարկված 10 կետերին համապատասխան, հզոր հետք կթողնենք մեր շուրջը եղած աշխարհի վրա։
Ջոզեֆ Մաթթերա
Թարգմանեց` Վազգեն Զոհրաբյանը