Ի՞նչ անել, ԵՐԲ ԱՍՏՎԱԾ ԱՍՈՒՄ Է` ՈՉ
«Կանչի՛ր Ինձ, և Ես պիտի պատասխանեմ քեզ և քեզ մեծ ու հզոր բաներ պիտի ցույց տամ, որ դու չգիտես»։
Երեմ. 33:3
Հանրահայտ աստվածաշնչյան համարում տեսնում ենք, որ եթե ցանկանում ենք, որ Աստված պատասխանի մեզ, մենք պետք է մի բան անենք. կանչենք Նրան։ Մինչև Նրան չկանչենք, Նա մեզ չի պատասխանի։Աստված մեզանից շատ ավելի է հետաքրքրված, որ պատասխանի մեզ։ Սակայն միշտ չէ, որ Աստծո պատասխանը մեր ակնկալածն է։ Մենք սովորաբար սպասում ենք, որ Աստված հաստատապես և դրական պատասխանի մեր աղոթքներին։ Սակայն պետք է հասկանանք, որ «ՈՉ»-ը նույնպես պատասխան է։
Աստծո ՈՉ-ը կարող է երկու կերպ լինել. «Դեռ ոչ» և պարզապես «ՈՉ»։
Աստված Աբրահամին, ով տարիներ փափագով սպասում էր իր խոստացյալ որդուն, ասաց` դեռ ոչ։ Երբ Աստված նման կերպ է պատասխանում, նշանակում է, որ մենք դեռ պատրաստ չենք, մենք դեռ հասուն չենք, նշանակում է, որ այդ պատասխանը տվյալ պահին կարող է անգամ վնասել մեզ։ Աստծո «Դեռ ոչ»-ը հուսադրող է։ Դա նաև խոսում է այն մասին, որ կգա մի օր և այդ ոչն այո կդառնա։
Մատ. 6:10-ում Հիսուսը սովորեցրեց մեզ «Հայր մեր» աղոթքն արտաբերելիս, գերադասությունը տանք Հոր կամքին։ Իսկ Աստծո կամքը միշտ չէ, որ համըկնում է մեր կամքին։
Կփորձեմ մի քանի կետով պարզաբանել, թե ինչպես պետք է վարվել, երբ Աստված մեզ «ՈՉ» է պատասխանել։
1. Աստծո ՈՉ-ը բխում է Նրա ամենագիտությունից։
Աստված ամենագետ է, իսկ մենք երբեմն անգետ։ Աստված հեռատես է, իսկ մենք` կարճատես։ Նա տեսնում է մեր վաղվա օրը ներկա իրականությունից ավելի լավ։ Հետևաբար մեզ պետք չէ ընկճվել, երբ Աստված որևէ բանում մերժում է մեր աղոթքն ու խնդրվածքը։ Պարզապես պետք է վստահել Նրա ամենագիտությանը։
2. Աստված երբեմն ՈՉ է ասում մեզ, որովհետև ավելի լավ ծրագիր ունի մեզ համար։
«Որովհետև Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն. և ձեր ճանապարհներն Իմ ճանապարհները չեն»։
Եսայա 55:8
Աստված բազմաթիվ ճանապարհներ ունի մեզ համար պատրաստած։ Առակաց գիրքն ասում է, որ ճանապարհներ կան, որոնք մարդու համար լավ են թվում, բայց դրանց վերջը կորուստը և կործանումն է։
Եթե Աստված ասում է ոչ, ապա իմացիր, որ Նա ավելի լավ ծրագիր ունի քեզ համար։
«Որովհետև Աստված մեզ համար ավելի գերազանց բան նախատեսեց, որ նրանք կատարելության չհասնեն առանց մեզ»։
Եբր. 11:40
Պահե՛ք այս խոսքը ձեր մտքում, հիշեք և վերհիշեք այն, երբ հուսահատվում եք։ Պարզապես համոզվեք, որ երբ իրավիճակները ձեր ուզածով չեն ընթանում, երբ ձեր աղոթքները չեն պատասխանվում, երբ ձեր ցանկությունները չեն կատարվում, ապա Աստված ավելի գերազանց բան է ձեզ համար պատրաստել։
Գիտե՞ք` կյանքում ամենադժվար ընտրությունը լավի և վատի միջև չէ. այն լավի և լավագույնի միջև է, երբ լավը հիմա է, իսկ լավագույնի համար պետք է մի փոքր սպասել։ Այ այստեղ է, որ մենք երբեմն մեր շտապողականությամբ սխալներ ենք գործում։ Մեզ պետք է պարզապես մտապահել. Աստված ավելի լավ բան է պատրաստել մեզ համար։
3. Երբ Աստված ոչ է ասում, Նա ցանկանում է փոխել մեր բնավորությունը։
Մատթեոս ավետարանի 15 գլխում պատմվում է մի կնոջ մասին, ով Հիսուսին թախանձագին խնդրում էր իր աղջկա բժշկության համար, սակայն առերեսվեց Հիսուսի անտարբերությանը։ Այնուհետև Հիսուսը մերժեց նրան և շուն անվանեց։ Սակայն այդ կինը չընկճվեց Հիսուսի մերժումից, այլ մի բան ասաց, որ ճեղքում բերեց տվյալ իրավիճակի մեջ.
«Այո՛, Տե՛ր»։
Մատ. 15:27
Այդ կինն իր վերաբերմունքով, բնավորությամբ և խոնարհությամբ Հիսուսի պայմանական ՈՉ-ը փոխեց ԱՅՈ-ի։
Աստված ավելի հետաքրքրված է մեր բնավորությամբ, քան մեր բարօրորությամբ, քանի որ բնավորությունն է որոշում, թե որտեղ ենք անցկացնելու մեր հավիտենությունը։ Հետևաբար, երբեմն Նա կփորձի նման կերպ կերտել և վերափոխել մեզ, մեր ներսում խոնարհ սիրտ ձևավորել։
Երբ մենք կատարելապես համաձայնվում ենք և հաշտվում Աստծո հետ, ապա դա հաղթանակ և ճեղքում է բերում մեր կյանքում։
4. Աստված կարող է մեզ ՈՉ ասել մեղքի պատճառով
«Եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտի մեջ, Տերը չէր լսի ինձ»։
Սաղմ. 66:18
Մեղքը Աստծո օրհնությունների հակառակորդն է մեր կյանքում։ Եվ երբեմն չպատասխանված աղոթքների պատճառը կարող է լինել չխոստովանված մեղքը, որի մեջ կարող է հարատևել աղոթողը։
5. Երբեմն, եթե Նա ԱՅՈ ասի, դա կարող է մեզ կործանման տանել։
Փառք Աստծո, որ Նա մեր բոլոր աղոթքներին չէ, որ ԱՅՈ է պատասխանում, քանի որ, եթե այդպես լիներ, շատերս գուցե կենդանի էլ չլինեինք։ Հիշենք այն աղոթքները, երբ մարդիկ ասում են. «Աստվա՛ծ, հոգիս առ` պրծնեմ»։ Եվ իսկապես փառք Իրեն, որ Նա նման աղոթքներին ՈՉ է ասում։
6. Նա ՈՉ է ասում, որովհետև քեզանից առաջ արդեն մեկին ԱՅՈ է ասել։
Երբեմն Աստված մեկին ԱՅՈ է ասում և մյուսին ՈՉ։ Պատկերացրեք, եթե քաղաքացին աղոթի, որ անձրև չգա, երբ միևնույն ժամանակ գյուղացին հորդ անձրևի համար է թախանձում։ Աստված մեզանից ավելի իմաստուն է և Նա լավ գիտե, թե ում` ինչպես պատասխանի։
7. Աստված մեզ ՈՉ է ասում, քանի որ ԱՅՈ-ն անհնարին է։
Օրինակ, երբ իմանում ես, որ աղջիկ ես ունենալու, աղոթես, որ նախքան ծնվելը տղա դառնա։
Աստված երբեք մեղքին ԱՅՈ չի ասի, քանի որ Նրա վերաբերմունքը մեղքի հանդեպ հավիտենապես անփոփոխ է։ Նման դեպքում մեր աղոթքները պարզապես պարապ զբաղմունք են։
8. Երբ մենք աղոթում ենք բաների համար, որոնք արդեն նախասահմանված են աշխարհի արարումից առաջ։
Բաներ կան, որ աշխարհի արարումից առաջ Աստված արդեն նախատեսել և որոշել է, հետևաբար որքան էլ որ մենք աղոթենք, ՈՉ-ն ԱՅՈ-ի չի վերափոխվի։
Օրինակ, մենք չենք կարող աղոթել, որ մահացած մարդու հոգին փրկվի, կամ էլ, որ միշտ ամառ լինի…
9. Երբեմն մեզ թվում է, թե Աստված ՈՉ է մեզ ասել այն դեպքում, երբ Նա մեզ ոչ մի պատասխան էլ չի տվել, պարզապես ոչինչ էլ չի ասել։
Մեզ այդ դեպքում պարզապես սպասել է պետք։ Պատասխանի հետաձգումը ամենևին մերժում չէ։ Մեր ամենամեծ սխալները հենց այդտեղ ենք անում, երբ անհամբեր ենք, երբ Աստված ասում է` Մի քիչ էլ սպասիր։ Մենք չենք համբերում։ Երբ Աստված լռում է, գերադասելի է, որ աղոթողը ոչիչն չանի, բացի Իրեն սպասելուց, հակառակ դեպքում մարդ հաստատ կսխալվի։
10. Աստծո ՈՉ-ը ոչ թե մերժում է, այլ առաջնորդություն։ Աստված դուռ է փակում, բայց մի լուսամուտ է բացում։
Երբ Աստված ասում է ոչ, պարզապես վստահիր նրան։ Վստահիր, որ Նրա նպատակներն ավելի լավն են, ավելի գերազանց են, ավելի կատարյալ են։
Աստված ոչ թե ոչ է ասում մեզ, այլ մեր խնդրանքին, հետևաբար մեզ պետք չէ մերժված զգալ Աստծուց, երբ Նա մեզ ոչ է ասում։
Աստված անգամ Հիսուսին չպատասխանեց խաչի վրա, սակայ երրորդ օրը Հիսուս ստացավ Իր պատասխանը։ Սիրելինե՛ր, մեզ համար էլ կա երրորդ օր, պարզապես պետք է մի քիչ համբերել և չշտապել։
Վերջիվերջո, բաներ կան, որոնք երբեք չեն փոխվի, որքան էլ ուզում ես աղոթիր, պարզապես պետք է ներդաշնակության, հաշտության և համերաշխության մեջ լինել Աստծո բացարձակ և ինքնիշխանի կամքի հետ։ Ահա այդ դեպքում է, որ շատ բաներ կբացահայտվեն մեզ համար։ Դրա համար մեզ պետք է պարզապես վստահել Աստծուն։
Ամբողջական պատգամը կարող եք դիտել այստեղ.