Դուք ձեզ ծառայող համարո՞ւմ եք, թե՞ ոչ
Փորձեք պատասխանել այս հարցերին.
- Ձեզ քրիստոնյա համարո՞ւմ եք։
- Հավատո՞ւմ եք Աստծո Խոսքի զորությանը։
- Հավատո՞ւմ եք, որ Աստծո Խոսքը անբեկանելի և ներշնչված է Աստծո կողմից։
Եթե այո պատասխանեցիք բոլոր հարցերին, ապա շնորհավորում եմ, դուք հենց նոր լրացրեցիք լրիվ ժամանակով Քրիստոսի սպասավոր լինելու հայտը։ Գուցե մտածեք, թե դուք չեք աշխատում եկեղեցում կամ էլ քրիստոնեական որևէ ծառայությունում, կամ գուցե ժամանակ չեք գտնում ծառայել Աստծուն և ակտիվ լինել եկեղեցական կյանքում։ Գուցե համարում եք, թե եկեղեցում կամ ավետարանի գործում պետք է ծառայեն միայն հովիվները, քարոզիչները, քահանաները կամ էլ եկեղեցում աշխատողները։ Սակայն, եթե դուք ձեզ քրիստոնյա եք համարում, ապա կյանքի իմաստի հարցը վերջանականապես լուծված է ձեզ համար։ Այսուհետև ձեր կյանքի նպատակը դառնում է Քրիստոսի բարի լուրի և փրկարար պատգամի տարածումը։ Դուք արդեն ծառայության մեջ եք։ Գաղատացիներին 2:20-ն ասում է.
«Ես Քրիստոսի հետ խաչը ելա։ Այսուհետև ո՛չ թե ես եմ ապրում, այլ Քրիստոսն է, որ ապրում է իմ մեջ։ Եվ այն կյանքը, որ այժմ ապրում եմ մարմնով, Աստծո Որդու հավատով եմ ապրում, որ ինձ սիրեց և Իրեն ինձ համար տվեց»։
Մի կենսական ճշմարտություն կա այս խոսքերի մեջ. մեր կյանքն արդեն պայմանավորված չէ մեր շարժառիթներով կամ էլ մարմնական ցանկություններով, մեր ժամանակն ու կյանքն այլևս մեզանով չի պայմանավորված։ Եթե դուք ձեզ քրիստոնյա եք համարում, ապա ձեր կյանքը որոշվում է Քրիստոսի կոչումով և հանձնարարությամբ։
Սա դժվար ընտրություն է։ Եթե ընտրել եք նման կերպ ապրելը, ապա ձեր եսասիրական ձգտումներն ու նախասիրությունները դառնում են անկարևոր, և կենտրոնում հայտվում է Քրիստոսն ու Իր առաքելությունը։ Ահա այդ դեպքում ձեր աշխատավայրն ու շրջապատն արդեն վերածվում են ձեր միսիոներական դաշտի. ինչո՞ւ, քանի որ դուք նման կերպով կարող եք հասնել այն մարդկանց, որոնց եկեղեցին կամ լրիվ ժամանակով ծառայողները չեն կարող։ Թույլ մի տվեք, որ ձեզ մոլորեցնեն և փորձեն համոզել, որ քանի դեռ լրիվ ժամանակով եկեղեցում չեք ծառայում, ապա արդյունավետ չեք կարող ծառայել Աստծուն։
”Թույլ մի տվեք, որ ձեզ մոլորեցնեն և փորձեն համոզել, որ քանի դեռ լրիվ ժամանակով եկեղեցում չեք ծառայում, ապա արդյունավետ չեք կարող ծառայել Աստծուն։
Իրականում դուք այսպես ավելի մեծ հնարավորություններ ունեք ծառայել Աստծուն, քան եկեղեցու չորս պատերի մեջ։ Աստված ձեր շուրջը եղած մարդկանց հատուկ նպատակով է դրել։ Ձեր հանձնարարությունն է գտնել այդ նպատակը և նպատակ դարձնել այդ մարդկանց առաջնորդել դեպի Քրիստոսը։ Եվ Նա անհրաժեշտ ամեն բան կմատակարարի ձեզ` ձեր առաքելությունն իրագործելու համար։
Ձեր մասնագիտության դերը
Այս դեպքում որոշիչ դեր է խաղում ոչ թե ձեր մասնագիտությունը, այլ այն, թե ինչպես եք գործածում ձեր ժամանակը։ Մի թույլ տվեք, որ մարդիկ ձեզ համոզեն, թե աշխարհում կամ էլ որևէ առևտրային ընկերությունում աշխատելն Աստծո կամքը չէ ձեզ համար։ Հովհաննեսի ավետարանի 17:15-ում Տեր Հիսուսի աղոթքը մեզ համար հետևյալն էր.
«Ես չեմ աղոթում, որ Դու նրանց աշխարհից դուրս վերցնես, այլ որ Դու նրանց չարից ազատես»։
Եկեղեցին և հավատացյալները չեն կարող կտրված լինել աշխարհից, հասարակությունից։ Մենք պետք է առանձնանաք մեղքից, աշխարհային սովորություններից, սակայն դա մեզ չպետք է տանի մեկուսացման։ Մենք պետք է ապրենք աշխարհի մեջ, սակայն աշխարհը չպետք է ապրի մեր մեջ։ Իր վերջին հանձնարարության մեջ Տեր Հիսուսը մեկուսացման կոչ չարեց, այլ հակառակը, գնալ ամբողջ աշխարհ և ավետարանը քարոզել։
Մատթեոսի 5:14-ում Տեր Հիսուսն ասաց.
«Դուք եք աշխարհի լույսը»։
Հետևաբար մեզ պետք չէ լույսը թաքցնել եկեղեցական պատերի ներքո։ Այն պետք է տարածել ամենուրեք և մասնավորապես քրիստոնյայի աշխատավայրում։ Եթե դուք աստվածաբանական աստիճան կամ էլ եկեղեցական պաշտոն չունեք, դա չի նշանակում, որ դուք ծառայող չեք համարվում։ Հիսուսն Ինքը եկեղեցու կողմից չէր վարձատրվում։
”Մեզ պետք չէ լույսը թաքցնել եկեղեցական պատերի ներքո։
Նախքան Իր կյանքի վերջին տարիները Նա հյուսն էր և Իր աշխատանքն օգտագործում էր մարդկանց հետ հաղորդակցվելու և կապ հաստատելու համար։ Սա մեծագույն օրինակն է բոլոր քրիստոնյաների համար։ Եթե նրանց Տերն աշխատել է, ապա նրանք առավել ևս։ Այո՛ Պետրոսի և մյուս աշակերտների պես կային մարդիկ, ովքեր, հրաժարվելով ամեն ինչից, մուտք գործեցին ամբողջ ժամանակով ծառայության մեջ, սակայն եկեք չմոռանանք այն հազարավոր աշակերտների և հետևորդների մասին, ովքեր մնացին այնտեղ, որտեղ կային, որպեսզի տարածեն իրենց լույսը և կենդանի վկայություն լինեն Քրիստոսի գործի համար։
Գործք Առաքելոցում նկարագարված ամուսնական զույգը` Պրիսկիղան և Ակյուղասը, հիանալի օրինակ են ծառայում մեզ համար։ Գործք 18:2-3-ն ասում է, որ Պողոսը Կորնթոսում գտավ նրանց և սկսեց նրանց հետ գործակցել, քանի որ արհեստակից էին։ Թե՛ Պողոսը և թե՛ այս ամուսնական զույգը վրանակարների էին։ Առաքյալը և նրանք միասին վրաններ էին կարում և վաճառում` դրանով հոգ տանելով նաև իրենց ծառայության մասին։ Վրանների էին պատրաստում, սակայն իրականում նրանք սխրանքներ գործեցին, և աշխատանքը նրանց չխանգարեց պատմություն կերտել։
Ի՞նչ անել
Աստված մեր սրտին է նայում և ոչ թե մեր գրպանի պարունակությանը կամ էլ ծառայության մասշտաբներին։ Մենք չպետք է մեզ համեմատենք այլոց հետ և ասենք, որ այսինչը կամ այնինչը հազարավորների է փրկում, իսկ ես դրա հնարավորությունը չունեմ։ Աստված ոչ թե թվերին է նայում, այլ արդյունքին։
”Աստված ոչ թե թվերին է նայում, այլ արդյունքին։
Նա 100 տոկոսանոց արդյունք է ակնկալում մեզանից։ Եթե դուք անգամ փոքր գործ եք անում, ապա դա արեք 100 տոկոսանոց նվիրումով և պատասխանատվությամբ։ Եվ վերջիվերջո մենք դատվելու և պարգևատրվելու ենք ոչ թե ըստ մեր գործի քանակությամբ, այլ ըստ մեր գործի արդյունավետությամբ և մնայուն լինելով։ (Տե՛ս 1-ին Կորնթ. 3։12-15)։
Աստված պատրաստ է գործածել ձեզ հիմա և այն վայրում, որտեղ դուք եք գտնվում։ Փոխե՛ք ձեր հայացքը ձեր աշխատավայրի, շրջապատի և հասարակության հանդեպ։ Նայեք դրանց որպես ձեր ծառայողական դաշտ, նպատակ դրեք ձեր առաջ ինչ-որ մեկին առաջնորդել դեպի Քրիստոսը, փոխել մեկի կյանքը, դրական ազդել ձեր միջավայրի վրա։ Ահա այդ ժամանակ դուք Աստծո արդյունավետ ծառա կլինեք և շատ ավելի արդյունավետ, քան եկեղեցու շատ աշխատողներ։ Ձեզ տեսեք որպես Քրիստոսի և եկեղեցու լիարժեք ժամանակով ծառայող անձ, վերջիվերջո Աստված Ինքն է մատակարարում ձեզ ամեն անհրաժեշտ բաներն` Իրեն ծառայելու համար։ Եթե ամեն քրիստոնյա այդպես մտածի, ապա Ավետարանը շատ ավելի մեծ արդյունավետությամբ կտարածվի, իսկ քրիստոնյաները ձեռք կբերեն անսահմանափակ հնարավորություն այդ գործն անելու համար։