8 նշաններ, որոնք հուշում են հոգևոր պատերազմի մասին
Անուժություն, ընկճվածություն, սթրես, փորձություն, վախ, հուսահատություն, ստեր, վրեժխնդրություն… Ծանո՞թ են ձեզ այս բառերը։ Սրանք սատանայի սիրելի հնարքներից են, որոնք քայքայում են մեր հավատն առ Աստված։ Նա ցանկանում է, որ մենք հավատանք, որ փակուղում ենք, որ մեր դրությունն անհույս է, որ պարտությունը մեր ճակատագիրն է։ Եթե անփույթ լինենք, այս մոլորությունները մեզ հոգևոր պարտության սայթաքուն ճանապարհի վրա կկանգնեցնեն։
Սատանայի պրոֆիլը՝ ստության հայր
Ջոն Վեսլին գրել է. «Ինչպես ամենազորավոր քամիները կարող են սկսվել թույլ զեփյուռներից, նմանապես էլ սատանայի մուտքը երբեք ավելի վտանագավոր չէ, քան փոքրիկ և աննկատ միջադեպերի միջոցով եղածը, որոնք ոչինչ են թվում, սակայն աննկատ կերպով մարդու սիրտը բացում են մեծ փորձությունների առաջ»։ Մեր սիրտը սատանայի մոլորություններից ազատելու լավագույն ճանապարհն Աստվածաշունչն իմանալն է։ Այն մեզ սովորեցնում է հակառակ կանգնել թշնամու հնարքներին, մարտավարությանը և նպատակին։ Ահա սատանայի որոշ նկարագրություններ Աստվածաշնչից.
- ՄԱՐԴԱՍՊԱՆ
Հիսուսն անհավատ հրեաներին հետևյալն ասաց. «Դուք ձեր սատանա հորից եք է, և ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Նա սկզբից ևեթ մարդասպան էր» (Հովհաննեսի 8:44)։
- ՍՏԱԽՈՍ
Շարունակելով՝ Հովհաննեսի 8:44-ում Հիսուսն ասաց. «Նա (սատանան) ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա ստում է, ինքն իրեն է արտահայտում, որովհետև ստախոս է և կեղծիքի հայրը»։
- ԳԻՇԱՏԻՉ
Համաձայն 1-ին Պետրոս 5:8-ի «…ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա»։
Իմանալով այս փաստերը մեր թշնամու մասին՝ ինչո՞ւ ենք մենք շարունակ հայտնվում նրա որոգայթներում։ Երբեմն մենք շփոթվում ենք։ Քորրի թեն Բումն ասել է. «Եթե սատանային չի հաջողվում մեզ տկարացնել, նա մեզ զբաղեցնում է այլ բաներով»։ Սատանան հնարում է ամեն տեսակի շեղող զբաղմունքներ, որպեսզի մեզ հեռու պահի Աստվածաշնչի ուսումնասիրությունից, եկեղեցու հավաքույթներից և աղոթքից։ Նա ամեն բան կանի, որպեսզի մեզ հեռու պահի այն գիտակցումից, որ Հիսուսը պարտության է մատնել նրան խաչի վրա (Կողոսացիներին 2:15) և որ մենք կարող ենք հաղթել նրա հնարքներին (Եփեսացիներին 6:11):
Որոշ պայքարներ ֆիզիկական լուծումներ ունեն։ Մենք կարող ենք մեղմացնել մեր հոգնածությունն ավելի շատ հանգստանալով կամ էլ մեր հոգիները զորացնելով՝ մեր սիրելիների հետ հաղորդակցության միջոցով։ Սակայն, եթե զգույշ չլինենք, սատանան այդ պայքարը կտեղափոխի հոգևոր դաշտ։ Նա կսպասի մեր տկարանալուն, որից հետո մեզ կհամոզի, որ մենք մենակ ենք այս պայքարում։ Մեր սրտերը կլցվեն տագնապով և մենք կսկսենք անհանգստանալ, թե ինչպես պետք է հասցնենք մեր գործերը, վերականգնել խզված հարաբերությունները կամ էլ վճարել բոլոր պարտքերը։ Վախն ու անհանգստությունը վերածվում են թվացյալ անհաղթահարելի իրականության։
Սակայն մենք պետք է վստահ լինենք, որ «Նա, ով ձեր մեջ այս բարի գործն սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը» (Փիլիպեցիներին 1:6)։
Սաղմոս 121-ը նկարագրում է Աստծուն որպես օգնական, պահապան և մեր անձերի պաշտպան. «Նա չի թողնի, որ քո ոտքը սահի… Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից. նա պիտի պահպանի քո անձը։ Տերը պիտի պահպանի քո երթուդարձը՝ այսուհետև մինչև հավիտյան» (Սաղմոս 121:3, 7-8)»։ Աստված մեզ երբեք անօգնական չի թողնի։
Սատանայի 8 հոգևոր հարձակումները
Ուժասպառություն
Սերունդներով Իսրայել ազգը ապստամբել է Աստծու դեմ։ Արդյունքում Նա հետ վերցրեց Իր պաշտպանությունը և թույլ տվեց, որ բաբելոնացիները նրանց գերության տանեն։ Մարդիկ արագորեն հոգով ընկճվեցին։ Երբ նրանք բողոքեցին, թե Աստված այլևս չի մտածում նրանց բարեկեցության մասին, Նա Եսայա անունով մի մարգարե ուղարկեց, որ խոսի նրանց հետ։ Եսայան հարցրեց ժողովրդին. «Ինչո՞ւ ես ասում, ո՛վ Հակոբ, և խոսում, ո՛վ Իսրայել, թե՝ «Իմ ճանապարհը ծածկված է Տիրոջից, և իմ իրավունքը զանց է առնված Աստծուց»։ Մի՞թե չգիտես կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել, նրա հանճարն անքննելի է։ Նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը» (Եսայա 40:27-29)։
Դուք երբեևէ հոգով ընկճված եղե՞լ եք։ Երբևէ զգացե՞լ եք, որ կարծես Աստված մոռացել է ձեզ։ Վստա՛հ եղեք, երբ դուք գտնվում եք ձեր հուսահատության վերջում, Աստված ամեն բան նոր է սկսում: Այնպես, ինչպես նա Իսրայելին ազատեց Բաբելոնից, Ամենակարող Աստված ձեզ զորություն կտա, որ հաղթահարեք ձեր փորձությունները։
Տագնապ
Առակաց 12:25-ն ասում է. «Մարդու սրտի տագնապը ճնշում է նրան, իսկ բարի խոսքն ուրախացնում է նրան»։ Պետրոս առաքյալը նախքան այն համարը, որտեղ նա նկարագրում է սատանային որպես մռնչացող առյուծի պես մեկը, ասում է. «Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվե՛ք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում» (1-ին Պետրոսի 5:6-7)։
Ո՞րն է Աստծու ներկայության մեջ ապրելու բանալին։ Խոնարհությո՛ւնը։ Երբ մենք հասկանում ենք, որ անկարող ենք մեր սեփական ուժերով առերեսվել սատանային, սկսում ենք հասկանալ մեր խորը կարիքն Աստծու հանդեպ։ Եվ եթե մենք չափից դուրս ծանրաբեռնված ենք զգում, ապա պետք է հասկանալ, որ մենք մեր վրա բաներ ենք վերցրել, որոնք տանել չենք կարող։ Դրանք Աստծուն են պատկանում։
Սթրես
Աստվածաշնչում սթրես բառը չկա, սակայն այն բավականաչափ շատ է խոսում սթրեսային իրավիճակների մասին։ Դավիթ թագավորը մեկն էր, ով բազում փորձությունների էր առերեսվում։ Որպես երիտասարդ, նա մարտնչեց գազանների, հսկայի և թագավորի հետ։ Իր կյանքի վերջում էլ իր որդին ըմբոստացավ իր դեմ։ Թեպետ Աստված չէր հեռացնում սթրեսային իրավիճակները Դավթի կյանքից, սակայն դրանց միջոցով ավելի էր ամրացնում նրան։ Եվ Աստվածաշունչը խոստանում է, որ Աստված նույնը կանի նաև մեզ համար։ Սաղմոս 55:22-ում Դավիթը գրեց. «Քո հոգսը գցի՛ր Տիրոջ վրա, և նա խնամք կտանի քեզ համար. նա չի թողնի, որ արդարը հավիտյան շարժվի տեղից»։
Մեր անելիքը պարզապես Աստծու խոստումներին վստահելն է և հենվելն է Նրա բարությանը։ Երբ սատանան հարձակվում է, թող միանանք Դավիթ թագավորին՝ ասելով. «Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ նրան իմ օրհներգությամբ» (Սաղմոս 28:7)։
Փորձություններ
Հաջողությունը երբեմն ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան նեղությունը։ Երբ ամեն բան լավ է ընթանում, սատանան քաջալերում է մեզ վստահել մեր կարողություններին ավելի, քան Աստծուն։ Առակաց 16:18-ն ասում է. «Կործանման առաջից գոռոզությունն է գնում, իսկ սայթաքման առաջից՝ ամբարտավան հոգին»։ Սա սատանայի հնագույն հնարքներից է։ Նա համոզեց Եվային ուտել արգելված պտղից՝ ասելով նրան, որ այն կբացի վերջինիս աչքերը և նա «Աստծու պես կլինի՝ բարին և չարը գիտեցող» (Ծննդոց 3:5):
Այս պատճառով Պողոսը զգուշացնում է. «Ուրեմն ով համարում է, թե հաստատուն կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի։ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։ Դրա համար, իմ սիրելինե՛ր, կռապաշտությունից փախե՛ք» (1-ին Կորնթացիներին 10։12-14)։
Խոնարհ սրտով և Աստծու առաջնորդությամբ է, որ կարող ենք հաղթահարել փորձությունները։
Վախ
Միակ անձը, ումից պետք է վախենանք… Աստված է։ Պատերազմներում չի լինի հաղթել առանց քաջության։ Հիսուսը հորդորեց իր աշակերտներին. «Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը» (Մատթեոսի 10:28)։
Աշակերտները բոլորից ավելի շատ պատճառներ ունեին վախենալու։ Հիսուսի մահվան հանցակիցները ակտիվ որս սկսեցին Հիսուսի հետևորդների նկատմամաբ։ Հիսուսն ինչպե՞ս էր ակնկալում, որ նրանք չպետք է վախենային։ Քանի որ նա նաև ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։ Այս ճշմարտությանը մեզ միայն հետևյալ կերպ է մնում արձագանքել. «Տերն է իմ օգնականը,և ես չպիտի վախենամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել»։
Եթե զգում եք, որ հանձնվելու մոտ եք, ձեր կենտրոնացումը խնդրից տեղափոխեք լուծման վրա։ Ձեր պայքարների մեջ Հիսուսը կանգնած է ձեր կողքին։ Նա երբեք չի լքի ձեզ, և Նրա համար որևէ անկարելի բան չկա (Մարկոսի 10:27):
Հուսահատություն
Երբ Պողոսն իր երկրորդ նամակը գրեց կոնթացիների եկեղեցուն, նա դիմացել էր հնգապատիկ խարազանմանը, երեք անգամ ծեծվել էր, քարկոծվել, երեք անգամ նավաբեկության էր ենթարկվել, բազմաթիվ անգամ ձերբակալվել էր և այդպես շարունակ (2-րդ Կորնթացիներին 11:23-27): Իրավիճակն ավելի վատացնելու համար եկեղեցում եղած սուտ վարդապետները զրպարտում էին նրան և հարցականի տակ էին դնում նրա առաքելական կոչումը։ Նման ճնշումների ներքո շատ հավատացյալներ կկասկածեին իրենց կոչման և Աստծու բարության վրա։ Սակայն Պողոսը չէր տատանվում։ Նա հետևյալն ասաց. «Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք»։
Քրիստոնյա դառնալ, չի նշանակում վերջ դնել մեր փորձություններին։ Ինչպես Պողոսն է վկայում, դրանք երբեմն ավելի ուժգնանում են։ Անգամ նման պարագայում հավատը վստահեցնում է մեզ, որ վերջնական հաղթանակ և հավիտենական փրկություն ունենք Հիսուս Քրիստոսով։ Գուցե չտեսնենք մեր ցավի հետևում լինող նպատակը, սակայն կարող ենք վստահել Տիրոջը, որ կարող ենք փայլել մեր կոտրվածությունների մեջ։ Նրա շնորհը բավարար է և Նրա զորությունը կատարյալ է դառնում տկարությունների մեջ (2-րդ Կորնթացիներին 12:9):
Ստեր
Ղուկասի 4-րդ գլուխը հայտնում է Աստվածաշնչում հոգևոր պատերազմի ամենաակնառու տեսարաններից մեկը։ Մինչ Հիսուսը ծոմապահության մեջ էր անապատում, սատանան Նրան երեք անգամ փորձեց։ Շատ կարևոր դասեր կան, որոնք կարող ենք սերտել այս հատվածից, սակայն եկե՛ք կենտրոնանանք երրորդ փորձության վրա 9-12 համարներում.
«(Սատանան) տարավ նրան (Հիսուսին) Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այստեղից քեզ ցա՛ծ գցիր, որովհետև գրված է.
“Քեզ համար իր հրեշտակներին կհրամայի,
որ քեզ պահեն,
որ քեզ ձեռքերի վրա վերցնեն,
որպեսզի ոտքդ երբեք քարի չդիպչի“ (Սաղ. 91.11-12)»։
Հիսուսը նրան ասաց. «Ասված է.
“Տիրոջը՝ քո Աստծուն, մի՛ փորձիր“ (Բ Օր. 6.16)»։
Սատանայի հարձակումը սկսվեց որպես ոտնձգություն Հիսուսի ինքնության վրա որպես Աստծու Որդի։ Նա փորձում էր քայքայել Հիսուսի կախվածությունն Աստծուց։ Եվ հասկացե՞լ եք, թե ինչ արեց նա հաջորդիվ։ Սատանան փորձեց նրան՝ մեջբերելով Աստվածաշնչից (Սաղմոս 91:11-12): Թեպետ իր մեջբերումը բառացի և ճշգրիտ էր, սակայն կիրառությունը սխալ էր։ Սատանան հարձակվեց Հոր հետ Հիսուսի հարաբերության վրա և խեղեց աստվածաշնչյան ճշմարտությունը։
Կարիք չունենք հեռու փնտրել այս ռազմավարությունը մերօրյա աշխարհում։ Շատ անկեղծ քրիստոնյաներ շեղվել են առողջ վարդապետությունից՝ ընդունելով մասնակի ճշմարտություններ և կասկածի տակ դնելով իրենց հարաբերություններն Աստծու հետ։ Սատանային հակառակվելու մեր լավագույն ձևը Հիսուսի ձն է՝ հիմված մնալով Աստծու Խոսքի վրա։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «…քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը» (2-րդ Կորնթացիներին 10:4)։
Եփեսացիներին 6:14-ն էլ ասում է. «Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած»։ Ավելի վաղ Պողոսը գրեց, որ ճշմարտությունը Հիսուսի մեջ է (Եփեսացիներին 4:21):
Մեր մտքում եղած պատերազմներում մենք կարող ենք հերքել սատանայի ստերը։
Վրեժխնդրություն
Երբևէ դիտե՞լ եք մի ֆիլմ կամ ներկայացում, որում դերեկատարին այնպես են անարդարացի վշտացնում, որ դուք անհամբեր սպասում եք վշտացնողի հատուցմանը։ Արդարադատության փափագը փոթորկում է մարդու հույզերը։ Այն ակնթարթային արձագանք է առաջացնում, որը մեզ մղում է վրեժխնդրության։
Աստվածաշնչյան կերպարները նույնպես չեն խուսափել նման պայքարներից։ Սաղմոսներում Դավիթն աղաղակում էր Աստծուն անարդարության պատճառով։ Մի առիթով նա ասաց. «Վե՛ր կաց, Տե՛ր, ա՛ռ նրա առաջը, գետի՛ն գցիր նրան և ամբարիշտների ձեռքից ինձ ազատի՛ր քո սրով» (Սաղմոս 17:13)։
Դավթի արձագանքը սովորեցնում է մեզ, որ մեր ներսում էլ կա վրեժխնդրության ցանկություն։ Սակայն վտանգը գալիս է այն ժամանակ, երբ խուսափում ենք կանգնել Աստծու դիրքում և ցանկանում ենք վրեժխնդրություն անել մեր սեփական պայմաններով։ Աստվածաշունչն ասում է. «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» (Բ Օր. 32.35),- ասում է Տերը» (Հռոմեացիներին 12:19)։
Մեր պաշտպանությունը՝ Աստվածաշնչի ճշմարտությունը
Երբ հոգևոր պատերազմ է, Աստվածաշունչը մեր առաջին պաշտպանությունն է։ Այն Քրիստոսի միտքն ունի։ Հովհաննեսի ավետարանն ասում է. «Եվ Բանը (Հիսուսը) մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հորից ունի Միածինը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ» (Հովհաննեսի 14:6)։
Ամուր կանգնած լինելով աստվածային ճշմարտության վրա և այն բանի վրա, թե ով ենք մենք Քրիստոսի մեջ՝ մենք կարող ենք հակառակվել թշնամու հարձակմանը։ Քրիստոս Հիսուսն արդեն հաղթանակ ունի մեզ համար, և Նա մեզ անպաշտպան չի թողնի։ 2-րդ Պետրոսի 2:9-ում ասված է. «Տերը գիտի աստվածապաշտներին փորձությունից փրկել»։
Երբ քայլում ենք ճշմարտության մեջ, մենք զորություն ենք ձեռք բերում հաղթահարելու այնպիսի մոլորություններ, ինչպիսիք են անուժությունը, ընկճվածությունը, սթրեսը, փորձությունը, վախը, հուսահատությունը, ստերը, վրեժխնդրությունը։
Դեյվիդ Ջերեմայա
Թարգմանեց՝ Վազգեն Զոհրաբյանը