Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | 7 բան, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է անի ամեն օր
2172
post-template-default,single,single-post,postid-2172,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

7 բան, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է անի ամեն օր

7 բան, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է անի ամեն օր

Որպես քրիստոնյաներ մենք կանչված ենք ազատության մեջ և մեր աստվածապաշտությունը ոչ թե պարտականությունների մի շարան է, այլ սիրո ինքնաբուխ կյանք։

Սակայն միևնույն ժամանակ կան որոշակի բաներ, որ քրիստոնյան պետք է անի` հավատքի մեջ հարատևելու համար։

«22Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով»։

Հակոբոս 1:22

 

Եթե մենք պարզապես ուսումնասիրենք Աստծո Խոսքը, սակայն այն ի գործ չդնենք, ապա մեր հավատքը ընդամենը կլինի մտավոր մի փորձառություն։ Մեր ամենօրյա գործողություններն են, որ սահմանում և ի ցույց են դնում մեր հավատքը, և այդ նպատակի համար մենք պետք է ուշադիր լինենք։ Քրիստոնեական հաջողակ կյանք ունենալու համար չկան հատուկ բանաձևեր և ուղենիշեր։ Այն պահանջում է ամենօրյա առաջնորդություն Սուրբ Հոգով և Աստծո Խոսքի ջանադիր կիրառում։ Այնուամենայնիվ, կան բաներ, որոնք, ըստ Աստվածաշնչի, բոլոր քրիստոնյաները պետք է անեն ամեն օր։

 

1. Աղոթել

Մեր աղոթքի ժամը Աստծո հետ հաղորդակցվելու մեր անձնական պահն է։ Լինելով աղոթքի մեջ` քրիստոնյան անմատչելի է դառնում աշխարհի և գայթակղությունների քայքայիչ ազդեցությունից և իր ուշադրությունը կենտրոնացնում է իր Արարչի և երկնային Հոր վրա։ Ամեն օր փորձառելով աղոթքի կյանքը` մենք սկսում ենք ավելի արդյունավետ քրիստոնեական կյանքով ապրել և ավելի պատրաստ լինել` դիմագրավելու կյանքի անսպասելի մարտահրավերները։

Տեր Հիսուսն անձամբ էր կոչ անում Իր աշակերտներին աղոթել, որպեսզի փորձության մեջ չհայտնվել։ Անգամ Նա, լինելով Աստծո Որդի և մուտք ունենալով Աստծո զորության ու ներկայության մեջ, կարիք ուներ ամեն օր աղոթքի միջոցով հաղորդակցվել Հոր հետ:

 

2. Կարդալ Աստվածաշունչը

Մենք կոչվում ենք հավատացյալներ, որովհետև հավատցել ենք այն ամենին, ինչ գրված է Աստվածաշնչում: Աստվածաշունչը հավատացյալի ամենօրյա կյանքի անբաժանելի մասն է: Այսօր զբաղմունքի ժամանակակից շատ միջոցները, ինչպես նաև համացանցը սոցիալական ցանցերը փորձում են հավատացյալի կյանքում գրավել ընթերցանության տեղը: 21-րդ դարի մարդը դարձել է ավելի նվազ կարդացող և շատ վիրտուալ: Սակայն Աստծո Խոսքը հավիտենական է, անփոխարինելի և անբեկանելի: Դա է պատճառը, որ հավատացյալը պետք է ժամանակ տրամադրի հավիտենական արժեքներին՝ մասնավորապես Աստծո Խոսքին:

Շատ օգտակար է Աստվածաշունչը կարդալ սիստեմատիկ ծրագրով: Ընթերցանությունը պետք է դարձնել ճամփորդություն, և քրիստոնյան պետք է հստակ սահմանի ընթերացանության իր ճամփորդությունը` A կետից հասնելով B կետ, և դա անելով ամեն օր:

 

3. Գոհացող լինել

Ժամանակակից աշխարհը լի է պատուհասներով, դժվարություններով և վախերով: Առօրյա հոգսերը մարդուն դարձրել են դառնահոգի և տրտնջացող: Մեզ բորբոքում է գրեթե ամեն բան. եղանակը, քաղաքականություն, մարդկանց վերաբերմունքը, կարիքները: Եվ այս ամենի մեջ կարծես կորչում է այն գեղեցիկը, որ Աստված ամեն օր անում է մեր կյանքում:

Կարևոր է հասկանալ, որ գոհությունը հավատացյալի կյանքում չի բխում իր զգացմունքներից ու երևույթներից: Քրիստոնյայի համար գոհությունը բխում է այն հավատքից, որն արձագանքում է Աստծո կատարած գործերին:

Սաղմոս 100:4-5-ը մեզ տալիս է Աստծուց գոհանալու հավիտենական պատճառ.

«Գոհացե՛ք Նրանից և օրհնեցե՛ք Նրա անունը, որովհետև Տերը բարի է և նրա ողորմությունը հավիտյան և Նրա ճշմարտությունը ազգից մինչև ազգ»:

 

Ինչ էլ փոխվի մեր կյանքում, երեք բան անփոփոխ է լինելու.

 

  • Աստծո բարությունը,
  • Նրա ողորմությունը,
  • Նրա ճշմարտությունը:

 

Ուրեմն արժե ամեն օր գոհանալ Աստծուց: Այս անելով՝ կփոխվի մեր կենսակերպը և մտածելկերպը և մենք անգամ ամենամեծ նեղությունների մեջ Աստծուց գոհանալու առիթներ կունենանք:

 

4. Ներել

«Հայր մեր» աղոթքն ամենօրյա աղոթք է: Այդ աղոթքն արտաբերելիս մենք նաև հետևյալն ենք ասում. «Ներիր մեզ, ինչպես մենք ենք ներում նրանց, ովքեր մեղք են գործում մեր հանդեպ»:

Ինչպես գոհանալը, նմանապես էլ ներումը որոշում է: Շատ անգամ եմ տեսել քրիստոնյաների, ովքեր ասում են, որ չեն կարող ներել, քանի որ ներում չեն զգում տվյալ անձի հանդեպ: Սակայն ներումը ոչ թե հաջորդում է զգացողությանը, այլ՝ նախորդում: Երբ մենք որոշում կայացնենք ներել որևէ մեկին, ապա մեր մեջ կսկսվի ներման զգացում առաջանալ:

 

5. Ապաշխարել

Ամեն օր մենք պետք է գիտակցենք, որ մեր հին մարդը մեղանչական է Աստծո առաջ։ Մեր սեփական գործերով չենք կարող շահել Աստծո բարեհաճությունը և արժանանալ Նրա օրհնություններին։ Նա մեզ ձրիաբար է սիրում և ներում, սակայն դրա հետևում Իր Որդու զոհն ու արյունն է։ Ապաշխարությունը մեկանգամյա գործողույթուն չէ, այն կյանք է և առօրյա։ Ապաշխարության մեջ օր-օրի նորոգվող մարդը ամեն բանից առաջ փորձում է տեսնել սեփական սխալները և մեղքերը, նա իրեն չի բարձրացնում մյուսների հանդեպ, այլ փորձում է խոնարհաբար քննել իր կյանքը։

Իրականում առանց ապաշխարության զուր են մեր աղոթքները, ընթերցանությունը, գոհությունը և երկրպագությունը։ Հետևաբար քրիստոնյան ամեն օր կարիք ունի Տիրոջից ներում աղերսել, խոնարհաբար կոտրվել Նրա առաջ և հավատքով ընդունել իր մեղքերի թողությունը։

 

6. Պատրաստակամ լինել օգնելու

Մինչ մենք տարված ենք մեր սեփական խնդիրներով և կարիքներով, մեր շրջապատում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր մեր օգնության կարիքն ունեն։ Մենք չենք կարող բոլորին օգնել. թե՛ ֆիզիկապես և թե՛ տրամաբանորեն դա անկերելի է, սակայն մենք կարող ենք ամեն օր ընտրել երկու, երեք հոգու և փորձել այդ օրը օգտակար լինել նրանց։ Մեկ զանգը, ուշադրությունը, աղոթքը կյանքեր է փոխում։

Անելով դա` մենք հնարավորություն կստանանք մարդկանց փոխանցելու Քրիստոսի սերը և միջոց հանդիսանալու, որպեսզի այդ մարդիկ ավելի մոտենան Աստծուն մեր  միջոցով։

 

7. Գնալ դեպի նպատակը

Մի փիլիսոփա ասել է. «Եթե ձեր նպատակը զրոն է, ապա դուք կհասնեք ձեր նպատակին»։

Աննպատակ քրիստոնյաները խոցելի են դեպրեսիայի, հուսալքվածության, հիվանդագին մտքերի համար։ Աստված մեզ նպատակի համար է աշխարհ բերել։ Պողոս առաքյալը փիլիպպեցիներին գրում էր, որ հետին բաները մոռանալով դեպի առաջ է շարժվում, դեպի նպատակը։ Նպատակը քրիստոնյայի ամենամեծ շարժիչ ուժերից է։ Այն կարող է դառնալ դրական շարժառիչ` Աստծո համար ավելի արդյունավետ ապրելու համար։ Դրեք ձեր առաջ փոքրիկ նպատակներ, որոնք համահունչ են Աստծո Խոսքի, հասեք այդ նպատակին և ամեն անգամ ձգտեք ավելի վեհ ու բարձր նպատակներին։

Նպատակամղված քրիստոնյան լի է հավատով, խանդավառությամբ։ Նա իր ժամանակը չի վատնի մի բանի վրա, որտեղից արդյունք չի ունենա։ Եվ թեպետ նման քրիստոնյան միշտ մարտահրավերների առաջ կկանգնի, բայց դա նրան հնարավորություն է տալիս նաև ճաշակել հաղթանակի բերկրանքն ու քաղցրությունը։

 

Ամեն օր կատարելով այս քայլերը` մենք օր-օրի կվերափոխվենք և ավելի կմոտենանք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին։
Վազգեն Արսենի