Մարգարեներ, քահանաներ և սուրբ գրություններ տված ազգը
Վազգեն Արսենի
Գրող, հրապարակախոս
Մեր ճամպրուկները կապված են, և հյուրանոցի առաջ սպասում ենք երթուղային տաքսուն, որը մեզ Երուսաղեմից Թել Ավիվի օդանավակայան պետք է հասցնի։ Ետևում ենք թողնում հագեցած, ֆիզիկապես հոգնեցուցիչ, բայց գլխապտույտ առաջացնելու չափ հետաքրքիր շաբաթը։ Իսրայելի ռելիեֆը և անապատային չոր ու երբեմն անտանելի տապը ստիպում են կարոտով փափագել Հայաստանի լեռներին և հայրենիքի զով ու թովիչ բնությանը։
Երուսաղեմին հրաժեշտ ենք տալիս նորից հանդիպելու հույսով։ Այդ առեղծվածային քաղաքն իր անտեսանելի ձգողականությամբ գերում է յուրաքանչյուր այցելուի։ Իզուր չէ, որ Իսրայելն անվանում են Հինգերորդ ավետարան․ այստեղ ամեն մի քարն ու սարը, անապատն ու անտառը վկայում են մարգարեների, թագավորների, քահանաների, Հիսուսի և առաքյալների մասին։
Օդանավակայանը, ինչպես միշտ, ծանրաբեռնված է այցելուներով։ Թվում է՝ այստեղ կյանքը երբեք կանգ չի առնում։ Անցնելով անձնագրային հսկողության բաժինը՝ նստում ենք՝ մի քիչ շունչ առնելու․ դեռ երեք ժամ ունենք մինչ թռիչքը։
Օդանավակայանը աշխարհի փոքրիկ պատկերն է հիշեցնում։ Ներկայացուցիչներ ամեն ազգից ու ցեղից։ Թռիչքներ ամենատարբեր ուղղություններով։ Նրանց այստեղ չի բերել Իսրայելի գրավչությունը, հյուրընկալ վերաբերմունքն ու ապահով երկիր լինելը։ Ամեն տարի միլիոնավոր ուխտագնացներ են այցելում Սուրբ երկիրը։ Այդ մասին մարգարեացել էր Եսայի մարգարեն դեռևս 2700 տարի առաջ. «Բազում ժողովուրդներ պիտի գնան և ասեն․
Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը, Հակոբի Աստծու տունը…» (Եսայու 2:3)։
Իսկ Զաքարիա մարգարեն ավելացրել է. «Եվ շատ ժողովուրդներ ու զորավոր ազգեր պիտի գան Երուսաղեմում Զորքերի Տիրոջը փնտրելու, Տիրոջը պաղատելու» (Զաքարիա 8:22)։
Նայում եմ շուրջս և չեմ կարող չնկատել բոլորից տարբերվող մի խումբ մարդկանց. կրոնավոր հրեաներն են՝ իրենց տարօրինակ և մի քիչ զվարճալի տեսքով, երկար մորուքներով ։ Անկարելի է նրանց չնկատել և անտարբեր լինել։ Անգամ օրվա ամենաշոգ ժամին նրանք չեն հանում իրենց գլխարկները, որոնք շթայմլեխ են կոչվում։ Եվ, ի հեճուկս տոթ ամռան, նրանք խնամքով փաթաթված էին աղոթքի շալով, որը թալլիթ է կոչվում։
Նկատեցի, որ նրանցից ոմանք սկսեցին խնամքով իրենց թևերին և ճակատին կապել թեֆելին կոչվող թևնոցները, որոնք սկիզբ են առնում փոքրիկ տուփից։ Գիտեի, որ այդ տուփերի մեջ փաթույթներ կան Աստծու Խոսքից, որոնք մեջբերված են 2-րդ Օրինաց 6:6-8 խոսքերից.
«Այս խոսքերը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, քո սրտում լինեն։ Դրանք կրկի՛ն սովորեցրու քո որդիներին, խոսի՛ր դրանց մասին քո տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս։ Դրանք որպես նշան կապի՛ր քո ձեռքին, դրանք ճակատանոց թող լինեն քո աչքերի առջև»։
Իրենց զգուշորեն «փաթաթելով» Աստծու Խոսքով՝ նրանք դրանով հայտարարում են, որ կապված են Աստծու և Նրա օրենքի հետ, որ ծածկված և պաշտպանված են Աստծու Խոսքով։ Իրականում հրեաները շատ խնամքով են վերաբերվում այդ գործողությանը և կապերն այնպես են փաթաթում, որ այն կազմի եբրայերեն շին (ש) տառը, որը Շադդայ անվան առաջին տառն է։ Իսկ այն Աստծու անուններից մեկն է։
Դիմացս նստած էր լրջադեմ մի հրեա տղա, որի երեսի աղվամազերը մատնում էին նրա պատանեկությունը։ Վերջինս խնամքով բացեց իր աղոթագիրքը և սկսեց քթի տակ կարդալով աղոթքներ մրմնջալ։
Ինձ միշտ հուզել և հետաքրքրել է հրեաների մարմնի դիրքն աղոթքի ժամանակ։ Մեզ՝ ավետարանականներիս համար, սովորական է աղոթքի ժամանակ ծնկի գալը, ձեռքերը վեր բարձրացնելը, անգամ ուրախությունից փառաբանության ժամանակ ծափահարելը։ Բայց այն, ինչ նրանք են անում խիստ անսովոր էր ինձ համար։ Հրեաները՝ թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ, աղոթքի ժամանակ մարմնով հետ ու առաջ են ցնցվում։ Այդ անելով՝ նրանք ոչ թե խոնարհում են իրենց գլուխները, ինչը նույնպես աղոթքի ընդունված դիրք է մեզ համար, այլ կարծես ամբողջ մարմնով կանոնավոր և ռիթմիկ առաջ ու հետ են ցնցվում։
Հետաքրքությունից սկսեցի ինքս էլ ակամա «ցնցվել»։ Ի՞նչ խորհուրդ ունի մարմնի նման դիրքը։ Չէ՞ որ հրեաները հոգևոր կյանքին շատ խնամքով են վերաբերվում և որևէ անիմաստ գործողություն, որևէ անիմաստ խոսք չի կարող տեղ գտնել նրանց պաշտապունքի մեջ։
Դովայիվ կոչվող այդ արարողությունը մեծ տեղ ունի հրեա հավատացյալի ամենօրյա պաշտամունքի մեջ։ Հետաքրքրությունս ինձ մղեց ուսումասիրության։ Փոքրիկ հետազոտությունից հետո ինքս ինձ պարգևատրեցի ուրախությամբ, երբ գտա դրա իմաստը։ Փաստորեն նման շարժումը խորհրդանշում է այն, որ աղոթողն իր ողջ անհատականությունը՝ հոգին, անձը և մարմինը, նվիրաբերում է Աստծուն։ Ինչպես մի հրեա ալևոր րաբբի բացատրեց, որ մարմնի նման շարժումն ընդօրինակումն է մոմի կամ ճրագի լույսի առկայծման։ Առակաց 20:27-ն ասում է, որ մարդու հոգին Տիրոջ ճրագն է։ Դրանով հրեա հավատացյալը հայտարարում է, որ նա ճրագ է, լույս, որը սկիզբ է առնում Աստծուց և առկայծում է՝ ի դեմ խավարի և չարիքի։
Ամեն անգամ, երբ այցելում եմ Իսրայել և հաղորդակցվում հրեա հավատացյալների հետ, հասկանում եմ, թե դեռ որքան բաներ ունեմ բացահայտելու և ճանաչելու, խորասուզվելու և գտնելու այն ակունքը, որը սկիզբ է առել Աստծուց, բխել է հրեա ժողովրդի ծոցից և շարունակում է կյանք տալ բոլոր հավատացողներին։
Իհարկե այդ ամեն գիտելիքները չեն կարող փրկել հրեաներին, քանի որ առանց Տեր Հիսուս Քրիստոսի չկա փրկություն, սակայն դրանք կարող են օգնել մեզ՝ բացահայտելու հավատքի մեր արմատներն ու մեր կառույցի հիմքերը։ Եվ այդ փնտրտուքներին օգնության է գալիս Հինգերորդ ավետարանը՝ Իսրայել երկիրը՝ իր անզուգական բնությամբ, պատմական տեղեկություններով և առեղծվածային ժողովրդով, որը մեզ մարգարեներ, քահանաներ և սուրբ գրություններ է տվել։