Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | ՀԱՋՈՂԱԿ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐՆ ԸՍՏ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ
2549
post-template-default,single,single-post,postid-2549,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

ՀԱՋՈՂԱԿ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐՆ ԸՍՏ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ

ՀԱՋՈՂԱԿ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐՆ ԸՍՏ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ

Աշխատանքն արարվեց մարդու հետ միասին։ Աստված Ինքը աշխատեց վեց օր և յոթերորդ օրը դադար առավ։ Երբ Արարիչն ավարտեց ստեղծագործելը, Նա նայեց Իր արարչագործությանը և բարձր գնահատական տվեց՝ անվանելով այն որպես «Շատ բարի»։

 

Իսկ երբ Նա մարդուն էր արարում, հանձնարարություն տվեց պահպանել և խնամել եդեմական պարտեզը։ Առաջնաստեղծ մարդը պարապ չմնաց։ Նա անմիջապեց ապահովվեց աշխատանքով և պատասխանատվությամբ։ Անգամ եդեմական դրախտ պարտեզում մարդն աշխատանք ու պատասխանատվություն ուներ։

 

Մենք արարված ենք Աստծու պատկերով և նմանությամբ։ Հետևաբար կանչված ենք աշխատանքի և ջանքի միջոցով, այնպես, ինչպես Արարիչը, կերտել բարին, գեղեցիկը և օգտակարը։

 

Աստված օրհնում է աշխատող ձեռքը, իսկ աշխատասիրությունը Աստվածաշնչի մեծագույն առաքինություններից է, որն արժանանում է Աստծու գովեստին ու վարձատրմանը։

 

Աստված օրհնում է աշխատող ձեռքը, իսկ աշխատասիրությունը Աստվածաշնչի մեծագույն առաքինություններից է:

Սրան հակառակ ծուլությունն անեծք է և աղքատության եղբայրը։ Այդ մասին շատ է անդրադառնում Սողոմոն Իմաստունն Առակաց գրքում.

 

«Ծույլ ձեռքը աղքատություն է պատճառում, իսկ ժիր ձեռքը հարստացնում է»։

Առակաց 10:4

 

«Ծույլն ասում է. «Ճանապարհին կորյուն կա, հրապարակների մեջ՝ առյուծ»։

Դուռն իր ծխնիների վրա է դառնում, ծույլը՝ իր անկողնու վրա։

Ծույլն իր ձեռքը մտցնում է ամանի մեջ, և այն ետ դեպի իր բերանը տանելը հյուծում է նրան։

Ծույլն իր աչքին ավելի իմաստուն է, քան յոթ մարդ, որոնք դատողությամբ են պատասխանում»։

Առակաց 26:13-16

 

Վերը թվարկած անձնավորության աղքատությունն իրոք իր գլխում և մտածելակերպի մեջ է։ Նա անդադար արդարացնում է իր չաշխատելը՝ բազում ենթադրություններ և պատճառաբանություններ բերելով։ Երբեմն նա անհիմն վախեր ունի, իսկ մեծամասամբ նա պարզապես շարժառիթ չունի աշխատելու։ Նման մարդիկ գուցե հետևյալն ասեն. «Ես այդքան գումարի ե՞մ արժանի։ Ավելի լավ է տանը մնամ ու ոչինչ չանեմ, քան նման գումարով աշխատեմ»։

 

Ի հեճուկս այս ամենի, կան մարդիկ, որոնք շահագործում են աշխատասեր մարդուն։ Հին Կտակարանում Փարավոնը հանդես էր գալիս աշխատանքային օրենսգիրքը խախտողի դերում, ով զրկեց հրեաներին իրենց աշխատանքային իրավունքներից՝ փորձելով ստրկացնել և շահագործել նրանց։

 

Նման գործատուներին հետևյալն է գրում Հակոբոս առաքյալը 5-րդ գլխի 1-4 խոսքերում.

 

«Իսկ այժմ, հարուստնե՛ր, լացե՛ք ու ողբացե՛ք այն թշվառությունների վրա, որ գալու են ձեզ վրա։ Ձեր հարստությունը փտել է, և ձեր հագուստները ցեցի կեր են դարձել, ձեր ոսկին ու արծաթը ժանգոտել են, և դրանց ժանգը ձեր դեմ վկայություն է լինելու ու ձեր մարմինները կրակի պես ուտելու է»։

 

Այստեղ տեսնում ենք, որ հակառակ այն բանի, որ այս մարդիկ բավականին հարստություն էին կուտակել, սակայն արդյունքում չեն վայելելու իրենց կուտակած հարստությունը։ Պատճառը պարզորոշ հայտնված է շարունակության մեջ.

 

«Ահա աղաղակում է վարձը այն մշակների, որոնք ձեր արտերում աշխատեցին, և դուք նրանց վարձը պահեցիք։ Հնձողների աղաղակները զորությունների Տիրոջ ականջներին հասան»։

 

Այս համարներում պարզ տեսնում ենք այն գործատուներին, որոնք զրկել էին իրենց աշխատողներին՝ հարստահարելով և ունեզրկելով նրանց։ Արդյունքը չի ուշանում. նրանք ուժ չեն ունենա վայելելու ուրիշներից թալանածը։

 

Որքա՜ն արդիական են այս խոսքերը մեր օրերում։ Աստծու Խոսքը հավիտենական կանոն և օրենք է, որին հակառակ գնացողը երբևէ չի հաջողվել։

 

«Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ և ոչ թե մարդկանց համար, իմանալով, որ Տիրոջից ժառանգության հատուցումը կստանաք, որովհետև Տիրոջը՝ Քրիստոսին եք ծառայում»։

 

Կողոսացիներին 3:23-24

 

«Նա, ով գողանում էր, թող այլևս չգողանա, ավելին՝ աշխատի՝ իր ձեռքերով բարիք գործելով, որպեսզի կարիքավորին տալու բան ունենա»։

 

Եփեսացիներին 4:28

 

Աստվածաշունչը նաև քաջալերում է մեզ անդադար կատարելագործվել և հմտանալ մեր մասնագիտության և աշխատանքի մեջ։ Ահա թե ինչ խոստում կա այն մարդու համար, ով ջանք ու եռանդ չի խնայում հմտանալու իր գործի մեջ.

«Իր գործի մեջ հմուտ մարդու տեսե՞լ ես. նա թագավորների առաջ է կանգնելու, անշուք մարդկանց առաջ չի կանգնելու»։

 

Առակաց 22:29

 

Ցանկանում եմ ավարտել մեր Տեր Հիսուսի խոսքերով, որոնք ուղղված են բոլոր նրանց, ովքեր հոգնած ու ծանրաբեռնված են իրենց կյանքի, թոհ ու բոհի, աշխատանքի և առօրյայի մեջ.

 

«Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»։

 

Մատթեոս 11:28

 

Հիսուսը հանգիստ չի տալիս ծույլերին ու անհոգներին։ Նա հանգիստ խոստացավ բոլոր նրանց համար, ովքեր հոգնած ու բեռնավորված են։ Այս մարդիկ ինչ֊որ գործ էին արել, նրանք իրենց ուսերի վրա ինչ֊որ բեռ էին վերցրել։ Ահա, թե ում հարամար է խոստացված աստվածային հանգիստը։ Իսկ այն անհրաժեշտ է, քանի որ եթե մարդ աշխատելուց հետո ժամանակ չվերցնի հանգստանալու և Աստծու ներկայության մեջ ժամանակ անցկացնելու, նա կհյուծվի և ստիպված կլինի իր վաստակած գումարները ծախսել իր առողջությունը վերականգնելու համար։

  Վազգեն Արսենի