ԻՆՉՊԵ՞Ս ԷԻՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՌԵՏՈՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵԼՈՒՅԹԻՆ
(Հատված` Դեյլ Քարնեգիի «Ինչպես ազդել մարդկանց վրա խոսքի միջոցով» գրքից)
Հերբերտ Սփենսերն ասել է. «Եթե մարդու գիտելիքները կարգավորված չեն, ապա ինչքան շատ բան նա գիտի, ավելի մեծ խառնաշփոթ կլինի նրա գլխում»։
Ոչ մի ողջամիտ մարդ չի սկսի տուն կառուցել` առանց նախագծի։ Ուրեմն նա ինչպե՞ս կարող է հանդես գալ ելույթով` առանց գոնե մոտավոր ծրագրի կամ հիմնական դրույթների։ Հրապարակային ելույթը ճամփորդություն է` որոշակի նպատակով, և երթուղին պետք է նշվի քարտեզին։ Նա, ով չգիտի, թե ուր է գնում, սովորաբար հայտնվում է մի անհայտ տեղում։
Ուզում եմ մեջբերել Նապոլեոնի խոսքերը. «Պատերազմ վարելը գիտություն է. հաջողությամբ հնարավոր է կատարել միայն այն, ինչը հաշվարկված էր և կշռադատված»։ Դա վերաբերում է նաև հրապարակային ելույթներին։
Արդյունավետ կերպով ինչպե՞ս կարգավորել մտքերի որոշակի միակցությունը։ Դա հավերժական հարց է, որը պետք է իրեն տա ամեն ճառախոս, քարոզիչ, հրապարակախոս, և որին պետք է նորից և նորից պատասխան տալ։
Ինչպես էր կառուցված այն ճառը, որը մրցանակ էր ստացել
Ֆիլադելֆիային նվիրված ճառն առաջին մրցանակ էր ստացել և այսօր նույնպես մրցանակ կստանար։ Այն լավ էր կառուցված, հագեցած էր փաստերով, որոնք շարադրված էին պարզ, կենդանի և հետաքրքիր լեզվով։ Այդ ճառը հոգի ուներ։ Շարժուն էր և տպավորիչ։
Ինչպե՞ս է կառուցված այդ ճառը։ Նախ և առաջ ունի իր սկիզբն ու վերջը. սկսվում է և անշեղորեն շարժվում առաջ։ Ավելորդ խոսքեր չի պարունակում, հռետորը զուր ժամանակ չի վատնում։ Նա խոսում է մեկ հարցի մասին, մինչև որ ավարտում է այն, և արդեն հարկ չկա դրան վերադառնալու։ Շատ ճառախոսներ մի հարցից մյուսն են ցատկում, և դա շփոթեցնում է ունկնդրին։ Մեր հռետորը գնում է կարճ ճանապարհով` տեղավորվելով հատկացված ժամանակում, հետ չդառնալով, աջ ու ձախ չշեղվելով։ Նրա խոսքը պատկերավոր է, նա ձգտում է ոգևորություն ստեղծել, շարժել մարդկանց սիրտը, բոցավառել զգացմունքները։Խոսքը եզրափակելիս շոշափում է այն հարցերը, որոնք հույզեր են հարուցում։ Դա ճառի իսկական գագաթնակետն է։ Բայց որքան էլ ճառը լավ կառուցված լիներ, տպավորություն չէր թողնի, եթե արտասանվեր անտարբեր կերպով, առանց ներշնչանքի։ Հռետորն այն արտասանեց այնպես, ինչպես կառուցել էր. անկեղծությունից ծնունդ առած հուզմունքով և ոգևորությամբ։
Ինչպես էր կառուցում իր ճառերը դոկտոր Քոնուելը
Դոկտոր Քոնուելը մի անգամ ինձ ասել է, որ իր բազմաթիվ ելույթներից շատերը կառուցել է հետևալ սկզբունքով.
- Շարադրել փաստերը։
- Արտահայտել այդ փաստերից բխող դատողությունները։
- Գործելու կոչ անել։
Շատերը նպատակահարմար են գտնում այսպիսի ծրագիրը.
- Ի ցույց դնել ինչ-որ վատ բան։
- Ցույց տալ, թե ինչպես ուղղել այդ չարիքը։
- Համագործակցություն խնդրել։
Կարելի է նաև առաջարկել ճառի այլ ծրագիր.
- Հարուցել հետաքրքրություն և ուշադրություն։
- Նվաճել վստահություն։
- Շարադրել փաստերը, ունկնդիրներին պարզաբանել ձեր առաջարկության արժանիքները։
- Բերել համոզիչ շարժառիթներ, որոնք մարդկանց կդրդեն գործելու։