Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Եկե՛ք լուծենք նախանձի հարցերը
2086
post-template-default,single,single-post,postid-2086,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Եկե՛ք լուծենք նախանձի հարցերը

Եկե՛ք լուծենք նախանձի հարցերը

Երբ նախասիրությունը և նախապատվությունը տրվում է մեր անձին, այդ ժամանակ դառնում ենք խոցելի մի քայքայիչ երևույթի համար, որը կոչվում է ՆԱԽԱՆՁ։ Եթե հարցնեմ, թե այն ո՞ւմ է ծանոթ, ապա դժվար թե գտնվի մեկը, ով բացասաբար կպատասխանի։

 

Նախանձությունն ըմբոստություն է Աստծո դեմ, քանի որ այն ասում է, որ Աստված իրավունքի չունի մեկ ուրիշին ավելի օրհնի, քան քեզ։
 
Նախանձը հոգու քաղցկեղն է, այն մարդու հոգին քայքայող ամենազորեղ ուժերից է։

 

Նախանձը հոգու քաղցկեղն է, այն մարդու հոգին քայքայող ամենազորեղ ուժերից է։

 
Նկատել եմ, որ երբեմն մարդը ինչ-որ մեկին քննադատում է, ոչ թե նրա համար, որ ինչ-որ բան իր դուրը չի եկել, այլ այն բանի համար, որ պարզապես նախանձում է։
 
Նախանձող մարդը ուրիշի հաջողությունը դիտում է որպես իր անհաջողություն, ուրիշի երջանկությունը դիտում է որպես իր դժբախտություն, ուրիշի ձեռքբերումը` որպես իր կորուստ, ուրիշի առողջությունը` որպես իր հիվանդություն, ուրիշի օրհնությունը` որպես իր անեծք։

 
Հասնելով իր իմաստության գագաթնակետին` «աշխարհ տեսած» Սողոմոն թագավորը հետևյալը գրեց.
 

«Եվ ես տեսա բոլոր աշխատությունը եւ բոլոր հաջող գործերը, որոնց համար մարդը նախանձում է իր ընկերոջը»։

 

Ժողովող 4:4

 
Դուք ցանկանո՞ւմ եք հաջողակ լինել։ Սակայն պատրա՞ստ եք արդյոք այն բանին, որ ձեզ նախանձելու են։ Անհաջողակ մարդուն, ձախողակ մարդուն, խեղճ ու կրակ մարդուն չեն նախանձում։ Այնպես որ, եթե ինչ-որ մեկը ձեզ նախանձում է, ընդունեք որպես կոմպլիմենտ առ այն, որ դուք հաջողակ անձնավորություն եք։

 

Նախանձի ծնունդը

Ծննդոց 4:1-7-ում նկարագարված պատմությունը մեզ ակնառու կերպով հայտնում է, թե մարդու սրտում ինչպես բուն դրեց նախանձը և դրդեց վերջինիս եղբայրասպանության։ Կայենի աչքերում Աբելն այլևս եղբայր չէր, այլ` մրցակից։

 

Երբ մեկն իր դիմացինի մեջ տեսնում է մրցակցի, նրա մեջ վախ է առաջանում, որ կկորցնի իր նվաճումները, անունը, համբավը, փառքը և հեղինակությունը։
 
Պատմությունից մեզ հայտնի է Սալիերի-Մոցարտ հակամարարտությունը։ Լինելով ընկերներ` Սալիերին հանձին Մոցարտի տեսավ իր գլխավոր մրցակցին։ Այս ողբերգական պատմության ավարտը բոլորիս է հայտնի։

 

Իրականում նախանձի մեջ մահ կա։ Այն մեր սրտում սպասնում է այն մարդուն, ում նախանձում ենք։ Կայենին ավելի հեշտ էր Աբելին սպանել, քան Աբելից որևէ բան սովորել։

 

Նախանձը ծնվում է համեմատվելու ընթացքում։

 

Թե՛ Կայեն-Աբել և թե՛ Սոլիարի-Մոցարտ հակամարտության մեջ տեսնում ենք, որ նախանձը ծնվեց համեմատության մեջ։ Երբ համեմատվում ենք ուրիշների հետ և տեսնում, թե մյուսներն ինչ ունեն, որ մենք չունենք, դրանից բազմաթիվ բացասական երևույթներ կարող են առաջանալ մեր մեջ, որոնցից մեկը հենց նախանձն է։ Իրականում հպարտությունն էլ առաջանում է համեմատվելիս։ Մենք տեսնում ենք, թե ինչ ունենք, որ մյուսները չունեն, և դա առիթ է հանդիսանում, որ խորասուզվենք հպարտության կործանարար ծովի մեջ։

 

Կայենին հակառակ Նոր Կտակարանի սկզբնամասում տեսնում ենք Հովհաննես Մկտրչին, ով անձամբ հայտարարեց, որ իրենից հետո գալիս է մեկը, ով իրենից զորավոր է լինելու։ Նա բարձրացրեց Հիսուսին, ով էլ հետագայում Հովհաննեսին պիտի բոլոր մարգարեներից վեր դասեր ու պատիվ տար։ Թեպետ Հովհաննեսը Հիսուսից առաջ էր եղել ծառայության մեջ և այդ պահին ավելի մեծ համբավ և հեղինակություն էր վայելում, սակայն նրանց միջև բացակայում էր նախանձը և մրցակցությունը։

 

Ինչպես լուծեմ նախանձի հարցերը

Նախանձի հարցերը լուծելու ամենաարդյունավետ և կարճ ճանապարհը սերն է։ Վերջիվերջո, նախանձն առաջանում է սիրո բացակայությունից։ Այն մարդը, ով տառապում է հոգեմաշ նախանձից, ցույց է տալիս, որ իր կյանքում սիրո մեծ բացակայություն կա։

 

Սերը չի նախանձում։

 

Չէ՞ որ առաքյալն իր ուղերձում ասում է, որ ՍԵՐԸ ՉԻ ՆԱԽԱՆՁՈՒՄ (1-ին Կորնթ. 13:4)։ Նման դեպքում բոլոր զենքերը թշնամու դեմ ուղղելու համար մարդն ուղղում է Աստծո զավակների դեմ։

 

Այս թեմայի մասին Սողոմոնը հետևյալը գրեց.

 

«Մարմնին կյանք է մի հանդարտ սիրտը, բայց նախանձը փտություն է ոսկորներին»։

 

Առակց 14:30

 

Հանդարտ սիրտը կյանք է մարմնի համար։ Հանդարտ սիրտը օգտակար է ողջ մարմնին։

 

Հակառակ հանդարտ սրտին, նախանձը բորբոքող և փտեցնող հատկություն ունի։ Երբ չես ուրախանում ուրիշի ուրախությամբ, ուրեմն քո ներսում մի բան սկսել է փտել։

 

Վերջերս կարդացի, թե ինչպես մի խումբ բժիշկ-գիտնականներ հայտնաբերել են, որ նախանձը թուլացնում է մարդու իմմունային համակարգը և բարենպաստ պայմաններ է ստեղծում զանազան վիրուսների և հիվանդությունների համար։ Եվ սա վերաբերում է ոչ միայն մեր ֆիզիկական մարմնին։ Վստահ կարող ենք ասել, որ նախանձը թուլացնում է հոգու դիմադրողականությունը մեղքի հանդեպ։

 

Աստվածաշնչյան ուսումնասիրություններից պարզել եմ, որ սա նաև սատանայի մեղքն էր, քանի որ նա նախանձեց Աստծուն, ցանկացավ իր աթոռն ամենաբարձր դիրքում դնել։ Ինչո՞ւ, ո՞րն էր պատճառը. որպեսզի բոլորի կողմից երևելի և տեսանելի լինի։

Ավետարանը հայտնում է, որ քահանաներն ու փարիսեցիները Հիսուսին հալածում էին ոչ թե Նրա վարդապետության համար, այլ նախանձից դրդված։
 

Նախանձից ազատվելու երեք կարևոր քայլ

Ինչպես արդեն ասվեց, նախանձից ձերբազատվելու ամենաարագ լուծումը սերն է։ Եկեք ավելի գործնական դարձնենք այդ սերը` հետևյալ երեք քայլերով.

 

1.Նախանձից ազատվելու լավագույն ճանապարհն աղոթելն ու օրհնելն է այն մարդուն, ում նախանձում ես։

Սկզբից գուցե դժվար թվա, սակայն Սուրբ Հոգին քեզ կարողություն կտա այս գործում։ Մի՛ խաբվիր այն մտքից, որ չես կարող աղոթել մեկի համար, ում հանդեպ բացասական ես տրամադրված։ Հիշի՛ր, որ զգացմունքները փոփոխական են և հետևում են մեր որոշմանը։ Մենք ոչ թե պետք է զգանք, որ աղոթենք տվյալ անձի համար, այլ եթե որոշում կայացնենք, զգացմունքն էլ կհետևի մեզ։

 
2.Նախանձից ազատվելու լավագույն ճանապարհն անձն ուրանալն է։

Գերեզմանում ոչ ոք ոչ ոքի չի նախանձում։ Այն անձը, ով մեռած է սեփական մարմնավոր և մեղսալի ցանկությունների համար, նրա կյանքում բացակայում են նման խնդիրները։ Այսպիսով, սա մի հրաշալի առիթ է հրաժարվելու մեր անձնասիրությունից, որպեսզի աստվածասեր դառնանք։

 

3.Նախանձից ազատվելու լավագույն ճանապարհը ուրախանալն է բոլորի հետ։

 

Պողոս առաքյալն իր ուղերձներից մեկում հորդորում է ուրախացողների հետ ուրախանալ և լացողների հետ լացել (Հռոմ. 12:15)։ Հասկացել եմ, որ երբեմն լացողների հետ լացելն ավելի հեշտ է, քան ուրախացողների հետ ուրախանալը։ Որպեսզի ուրիշի ուրախությունը մերը դարձնենք, մենք պետք է հրաժարվենք մեր ամբիցիաներից և մարմնական հակումներից։

 

ՎԵՐՋԻՎԵՐՋՈ մի կարևոր խորհուրդ. մի՛ համեմատվեք։ Շատ անգամ մենք համեմատվում ենք այլոց հետ այն ժամանակ, երբ չգիտենք և չենք հայտնաբերել մեր սեփական կոչումն ու նախասահմանվածությունը։ Բժիշկը երբեք չի նախանձի հանճարեղ երաժշտին, քանի որ գիտի, որ դա նրա կոչումը չէ։ Նույնպես էլ ատաղծագործը` կոշկարարին։ Յուրաքանչյուրս ունենք Աստծուց նախասահմանված մեր կոչումն ու կյանքը, որոնք եզակի և յուրահատուկ են։ Մեր կոչումն անկրկնելի է, չկա երկրորդ համարժեքը։ Հետևաբար նախանձելու վրա ժամանակ վատնելու փոխարեն, լավ կլինի հայտնաբերենք մեր կոչումն ու զարգացնենք այն։

 

Անհրաժեշտ նախանձ

Աստվածաշունչը հայտնում է, որ Աստված նախանձոտ Աստված է (Ելից 34:14): Աստված նախանձախնդրությամբ հետևում է իր զավակներին, որպեսզի Իրենից բացի այլ աստվածներ չունենանք։ Ինչո՞ւ, պատասխանը շատ պարզ է. որովհետև Աստծուց դուրս պարզապես այլ աստված չկա և եղածներն էլ կեղծ, սուտ և անշունչ են։ Աստվածաշունչը հորդորում է մեզ ունենալ նախանձավորություն հետևյալ երկու բաների հանդեպ.
 
1. Տիրոջ տան հանդեպ(Հովհաննես 2:17)։
 
2. Հոգևոր պարգևների հանդեպ (1-ին Կորնթ. 14:1)։

 
Սա առողջարար և պետքական նախանձ է, որտեղ բացակայում է սեփական անձի դրսևորումը և սրտացավություն ու փափագ է ցուցաբերվում հոգևոր կյանքի հանդեպ։

 

Հիմա ի՞նչ

 

Խոստովանենք և աղոթենք

 
Եթե հայտնաբերեցիք, որ նման խնդիր կա ձեր կյանքում, կհամաձայնվեի՞ք արդյոք մի պահ, խոնարհեցնելով ձեր գլուխը, հետևյալ աղոթքն անել.
 
«Սիրելի՛ Հայր,

ես որոշում եմ հրաժարվել նախանձից և հրաժարվել համեմատվելուց։ Ես գիտակցում եմ նախանձի քայքայիչ ազդեցությունը և խնդրում եմ, որ ներես ինձ։ Որոշում եմ սիրել և օրհնել, ինչպես նաև ուրախանալ իմ մերձավորների հաջողությամբ ու նվաճումներով: Այս ամենն աղոթում և որոշում եմ Քո սուրբ անունով։ Ամե՛ն»։