Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Դու թևեր տվո՞ղ ես, թե՞ թևեր կոտրող
2505
post-template-default,single,single-post,postid-2505,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Դու թևեր տվո՞ղ ես, թե՞ թևեր կոտրող

Դու թևեր տվո՞ղ ես, թե՞ թևեր կոտրող

Վազգեն Արսենի

«Սակայն ինձ հետ վեր գնացող իմ եղբայրները ժողովրդի սիրտը թուլացրին, բայց ես ամբողջովին հետևեցի իմ Տեր Աստծուն»։

Հեսու 14:8

 

Քաղեբի այս խոստովանությունը վերաբերում էր այն 12 լրտեսներին, որոնցից տասը, վերադառնալով Քանանի երկրից, խռովեցրին և հիասթափեցրին ժողովրդին՝ վախ և անհուսություն սփռելով։ Նրանց խոսքը հետևյալն է. «Երկիրը լավն է, բայց մեզ համար չէ»։ Սակայն այդ տասից երկուսը՝ Հեսուն ու Քաղեբը, այլ կարծիք ունեին։

 

Կան մարդիկ, որոնց կյանքի կոչումն է դիմացինին կոտրելը, հիասթափեցնելը, «ժողովրդի սիրտը թուլացնելը»։ Նրանք մասնագիտացած են ահաբեկելու, թևաթափ անելու, վախեցնելու մեջ։ Երբ շփվում ես նրանց հետ, կարծես վերջին հույսդ էլ կորցնում ես. «Լավ բան ես մտածել, բայց մեկ է չի ստացվի», «Էս երկրում ոչ մի լավ բան չկա», «Ոչինչ էլ չի փոխվել, ամեն բան նույնն է», «Երազանքների գիրկն ես ընկել, ախպե՛րս»։ Նրանք ոչինչ չեն խնայի «մեր աչքերը բացելու», «իրականությունը ցույց տալու» համար։ Անգամ ամենաակնառու դրական փոփոխությունների ներքո նրանք դավադրություններ են տեսնում. «Դե, էս սաղ պլանավորված էր, սաղ պայմանավորվել էին, բռա՛տ»։ Եվ ասում են այնպիսի համոզվածությամբ ու համարձակությամբ, որ նրանց աչքերից փայլատակում են մեծն Պլատոնն ու Արիստոտելը, նրանց խոսքերից ծոր է տալիս դարերի փորձառությունն ու կյանք տեսած լինելու հանգամանքը։

 

Նրանք մոլագարի պես հաճույք են ստանում դիմացինի ձախողումից, տապալումից. «Այ տեսար, որ ասում էի՜…»։ Նրանց համար ամեն բան գաղջ է, երկինքը մոխրագույն է, իսկ օդը՝ թունավոր, հացը՝ հարամված, ջուրը՝ փչացած, կառավարությունը՝ ծախված, մարդիկ՝ հիասթափված։ Հլը փորձվիր խոսել մի փոքր լավատեսությունից, որ գիշատչական բնազդով կհոշոտեն քեզ, կհայտարարեն կա՛մ միամիտ, կա՛մ ցնորված, կա՛մ դավադիր։ Այդ տասը լրտեսների պատճառով Իսրայելը տրտնջաց Աստծու դեմ, ըմբոստացավ Մովսեսի դեմ և հավելյալ քառասուն տարի կորցրեց՝ պտտվելով ի շրջանս յուր։

 

«… Իմ ծառա Քաղեբի մեջ ուրիշ հոգի կար, և նա ամբողջովին հնազանդվեց ինձ, ես էլ նրան կտանեմ այն երկիրը, ուր նա գնացել էր, և նրա սերունդները կժառանգեն այն»:

Թվոց 14:24

 

Քաղեբն իրավիճակներին նայում էր ոչ թե մարդկային, այլ հավատքի աչքերով։ Նա դժվարությունների մեջ ոչ թե ձախողում էր տեսնում, այլ հաղթանակ, մարտահրավերների մեջ ոչ թե խնդիր էր տեսնում, այլ հնարավորություն։ Եվ որքան մեծ էր խնդիրը, այնքան մեծ էր հաղթանակը Քաղեբի համար։ Այդ «ուրիշ հոգին» նրան տարբեր էրն դարձնում իր շրջապատից, նա «ուրիշ մտածելակերպ ուներ», «ուրիշ աշխարհայացք»։ Գուցե նրան ասում էին. «Դու ոնց որ էս աշխարհից չլինես։ Աչքերդ լա՛յն բացիր, իրատե՛ս եղիր»։ Սակայն Քաղեբի համար իրատեսությունը համեմված էր հավատքի լավատեսությամբ։ Դրա համար, անգամ լինելով 85 տարեկան, նա չկորցրեց իր լավատեսությունը, համարձակությունը, նվաճելու, ձեռքբերումներ ունենալու ձգտումը։

 

Այսօր մեր կյանքում, շրջապատում, հասարակության մեջ մենք Քաղեբների մեծ պակասություն ենք զգում։ Առատ են այն մարդիկ, ովքեր «թուլացնում են ժողովրդի սիրտը», հիասթափություն ու վախ են սերմանում մարդկանց մեջ՝ առանց գիտակցելու, որ դրանցով դառնում են սատանայի գործակալներ՝ դառնալով նրա կամակատարը։

 

Ես ուզում եմ Հեսու և Քաղեբ լինել իմ շրջապատի համար, ոգեշնչել իմ ընկերներին բարձրունքներին հասնելու համար, ուրախանալ նրանց հաջողություններով, թև տալ և ոչ թե թև կոտրել։ Ուզում եմ ինչ֊որ մեկի ժպիտի առիթ լինել, ինչ֊որ մեկի հաջողության պատմության մեջ թեկուզ մի փոքրիկ ներդրում ունենալ։ Այս առումով, թերևս, ամենամեծ օրինակն ու անգերազանցելի նմուշը մեզ համար Տեր Հիսուս Քրիստոսն է, ով իր հետևորդներին երբեք հուսափաբ չի անում, չի ահաբեկում, ով ցույց է տալիս գորշ իրականությունը, բայց նաև ցույց է տալիս ապագայի փառքն ու ստանալիք վարձքը։ Նա զորացնում է տկարին, հերոս է դարձնում վախկոտին, բարձրացնում է ընկածին ու փրկում է կործանվածին։ Եվ դա էլ բավական չէ, իրեն հավատացողներին ասում է. «Ի՛նձ նման եղեք»։

 

Թող մեր ականջներից ու շուրթերից չհեռանան նրա քաջալերական խոսքերը.

 

«Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։

Հովհ. 16:33