Գառնու ձորի անհայտ անկյունը
Եթե դեռ չեք եղել Գառնու չքնաղ ձորում, ահա մի քանի պատճառ անպայման այցելելու.
1. Արտասովոր տեսարան
Մեր տուրիստական երթուղին միշտ սահմանափակվում է Գառնի֊Գեղարդ ուղղությամբ, և մարդիկ գնում են, որ տեսնեն ձեռակերտ տաճարներ և առնչվեն դարավոր պատմության հետ, սակայն Գառնու ձորը անձեռակերտ մի բնական տաճար է բաց երկնքի տակ, որն արարվել է Արարչի ճաշակով։
2. Բարեկարգ ճանապարհ
Զգացվում է, որ այս տարածքում ճանապարհաշինությունը մեծ թափով է ընթանում։ Դուք Գառնի գյուղից հանգիստ կիջնեք կիրճը բավականին բարեկարգ ճանապարհով։
3. Ֆանտաստիկ մթնոլորտ
Սա մի վայր է, որտեղ քեզ թվում է, թե քարերը կախված են երկնքից, իսկ երկքինը կախվել է ժայռերի գլխից։
4. Տարածքում չկան ռեստորաններ և օբյեկտներ, որոնք աղավաղում են բնական պատկերը և բողազիկ կլկլոցներով խլացնում երգեցիկ թռչունների դայլայլը։
Փոխարենը կան հարմար նստարաններ, որոնց վրա նստելով կարելի է ըմբոշխնել չքնաղ տեսարանը։ Այնպես որ սա հրաշալի վայր է, որտեղ մարդ կարող է մենակ և անխռով ժամանակ անցկացնել ինքն իր հետ, բնության և Աստծու հետ։
5. Քարերի սիմֆոնիան
Դուք նման բան այլ տեղ չեք տեսնի։ Սա բնության հրաշքներից մեկն է, որտեղ ժայռերից կախված են ահռելի բազալտե կտորներ, որոնք իրենց վեցանկյուն կոներով երբեմն չսրված մատիտի տպավորություն են թողնում։
6. Լիցքաթափում և լիցքավորում
Գառնու կիրճը, քարերի սիմֆոնիան, Ազատ գետի շառաչյունը ստեղծում են այն բնակական միջավայրը, որտեղ մարդու միտքը լիցքաթափվում է լարվածությունից և լիցքավորվում է Արարչի ներկայությամբ։
Եթե այցելեք, ուրախ կլինեմ, որ կիսվեք ձեր տպավորություններով։