ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՄԵՐ ՄԱԿԱԲՈՒՅԾ ՄՏՔԵՐԸ ԵՎ ՓՈՐՁԵՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴՐԱՆՑ
Միջինում մարդն օրական 60.000 միտք է ունենում։ Դրանք կարող են կապված լինել մարդու առօրյայի, անելիքների և ապագայի հետ։ Այդ մտքերը կարող են չեզոք լինել, օգտակար լինել, իսկ մի մասն էլ՝ վնասակար և կործանարար։
Որոշ մտքեր, ինչպես մակաբույծները, ներխուժում են մեր հոգեկան տարածք, խլում են մեր էներգիան և խաթարում մեր խաղաղությունը։ Դրանք կոչվում են պարազիտ կամ մակաբույծ մտքեր։ Մեր մտքի տարածք ներխուժողներին ճանաչելը, զանազանելը և դրանց դեմ պայքարելը կարևոր է հոգեկան առողջության պահպանման և անձնական աճի համար։
Ի՞ՆՉ ԵՆ ՄԱԿԱԲՈՒՅԾ ՄՏՔԵՐԸ
Մակաբույծ մտքերը բացասական, կրկնվող և հաճախ ոչ իրական մտքեր են, որոնք զբաղեցնում են մեր միտքը՝ երբեմն ճարակելով մեր զգացական աշխարհը, գողանալով մեր խաղաղությունը և վախ սերմանելով մեր մեջ։ Ահա մի քանի նախանշաններ, որոնցով կարող ենք զանազանել պարազիտ մտքերը.
Ինքնավստահության պակաս: Մտքեր, որոնք թուլացնում են մեր վստահությունը և ունակությունները։
Վախ և անհանգստություն: Դրանք կայուն, հաստատուն մտահոգություններ, տանջող մտքեր են առաջացնում ապագայի հանդեպ։
Մակաբույծ մտքերը ոչ միայն ապագայի հետ են կապված, այլև մեզ կարող են տանել անցյալ, մեր մեջ դատապարտություն և շարունակական ափսոսանք առաջացնել անցյալի բաց թողնված հնարավորությունների, թույլ տրված սխալների հանդեպ։
Բացասական ինքնախոսություն: Մարդու ներսում շարունակ քննադատական, դատապարտող և ստորացնող երկխոսություն է գնում սեփական անձի հետ։ Չկա կառուցողական վերլուծություն, լուծման վրա կենտրոնացում, այլ շարունակ խոսվում է խնդիրների, սխալների և բացասական երևույթների մասին։
Նախանձ և վիրավորանք: Պարազիտ կամ մակաբույծ մտքերը մեզ ուղղորդում են մտածել և կենտրոնանալ ուրիշների հաջողությունների և ձեր հանդեպ եղած ենթադրյալ անարդարությունների վրա։ Արդյունքում ծնվում են նախանձ, վիրավորվածություն, մերժվածություն և կյանքի հանդեպ հիասթափություն։
Այս մտքերը վտանգավոր են, որովհետև կարող են սովորական դառնալ և ստեղծել մի ցիկլ, որը դժվար է կոտրել։
ԻՆՉՊԵՍ ԶԱՆԱԶԱՆԵԼ ՄԱԿԱԲՈՒՅԾ ՄՏՔԵՐԸ
Մակաբույծ մտքերը սովորական մտքերից զանազանելը առաջին քայլն է դրանց դեմ պայքարում։ Ահա մի քանի հատկանիշներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել.
Կրկնվելու և կրկնելու հակում: Մակաբույծ մտքերը հաճախ կրկնում են նույն բացասական ուղերձները նորից ու նորից։ Այդպես շարունակվելու դեպքում դրանք մարդու վերահսկողությունից դուրս կհայտնեն, և հակառակը՝ այդ մտքերը կսկսենք վերահսկել մարդուն։
Անհիմն և ոչ ռացիոնալ: Այս մտքերը կարող են չհիմնվել փաստերի կամ իրականության վրա։ Դրանք հաճախ չափազանցնում են կամ խեղաթյուրում ճշմարտությունը։ Այս առումով «Կիկոսի մահը» ստեղծագործությունը հիանալի կերպով նկարագրում է մարդու մակաբույծ մտքերը։
Բացասականություն: Մակաբույծ մտքերը սովորաբար բացասական են և կենտրոնանում են այն բաների վրա, ինչ սխալ են, այլ ոչ թե այն, ինչ ճիշտ են։
Ներխուժողականություն: Դրանք ներխուժում են ձեր միտքն անսպասելի, կպչուն են և տհաճ։
Էներգիայի կորուստ: Այս մտքերը խմում են ձեր կենսական էներգիան, հոգնեցնող են և արդյունքում ընկճում են ձեզ։
ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ՄԱԿԱԲՈՒՅԾ ՄՏՔԵՐԻ ԴԵՄ
Երբ ճանաչում եք մակաբույծ մտքերը, հաջորդ քայլը դրանց դեմ պայքարելն է։ Ահա մի քանի ռազմավարություններ.
1. Ճանաչել և ընդունել: Ճանաչեք և ընդունեք այս մտքերի գոյությունը։ Պարզապես գիտակցեք, որ դրանք կան և դրանք ձեր սեփական մտքերը չեն, ներմուծված և ներդրված են դրսից, հետևաբար օտար և օտարածին են։
2. Մարտահրավեր նետեք դրանց: Կասկածի տակ դրեք այդ մտքերի վավերականությունը։ Ճշտեք, թե արդյո՞ք դրանք հիմնված են փաստերի վրա։ Արդյո՞ք տրամաբանական են։
3. Փոխարինե՛ք։ Փոխարինեք այդ մտքերը դրական, շինիչ և օգտակար մտքերով։ Հիշե՛ք, եթե ձեր ուղեղում դատարկ տարածություն կա, ապա այն անպայման կլցվի։ Սակայն մի՛ սպասեք, որ այդ տարածությունը զբաղեցվի դրսի մտքերի կողմից։ Այսպիսի մի խոսք կա. «Եթե օտար մտքերը վարձակալել են ձեր ուղեղը, բարձրացրե՛ք վարձը և դրանց դուրս վռնդեք»
4. Ձեզ դիտարկեք կողքից և վերլուծեք իրավիճակը: Հայտնի հոգեթերապևտ և գիտնական Վիկտոր Ֆրանկլն ասել է, որ մարդը միակ բանական արարածն է, որ կարող է իրեն կողքից տեսնել և վերլուծել իրավիճակը, գնահատականներ տալ և կենտրոնանալ լուծման և բուժման վրա։ Արդյունքում նա ի հայտ բերեց կյանքի իմաստի մասին թերապևտիկ մի մոտեցում, որը կոչվեց Լոգոթերապիա
5. Դրական համոզումներ ունեցեք: Այս առումով անչափ օգտակար է, երբ մարդը խոսում է ինքն իր հետ՝ թույլ չտալով, որ բացասական մտքերն անեն դա։ Օրինակ, Աստվածաշնչի մեծագույն թագավորը՝ հանճարեղ Դավիթը, իր սաղմոսներից մեկում հետևյալ հարցը տվեց ինքն իրեն. «Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը» (Սաղմոս 42:11
6. Ֆիզիկական ակտիվություն և բնության հետ շփում ունեցեք: Մարզումները կարող են օգնել մաքրել ձեր միտքը և նվազեցնել սթրեսը, ինչն էլ ավելի հեշտացնում է բացասական մտքերի դեմ պայքարելը։ Իսկ միջավայրի փոփոխությունը կարող է ներքին փոփոխություն առաջացնել մտքերի հետ կապված։ Երբեմն նման մտքերի համար բարենպաստ բացասական միջավայր է պետք, իսկ երբ մարդ փոխում է այդ միջավայրը, կարող են փոխվել և մտքերը
7. Օգնություն ընդունեք: Խոսեք ընկերների, ընտանիքի անդամների կամ հոգևոր հեղինակություն ունեցող մարդու հետ։ Մատնե՛ք ձեր մտքերը, լույս գցեք դրանց վրա, դրանցով կիսվեք մտերիմների հետ և հայցեք նրանց օգնությունը։ Եթե նրանք որևէ բանով չօգնեն էլ, ինչ֊որ մեկի հետ կիսվելն արդեն օգնություն է։ Վերջիվերջո, միայն լուսաբանումն ու բարձրաձայնումն արդեն կարևոր է։ Դա նման է նրան, երբ գիշերը հայտնվում եք խոհանոցում և վառում եք լույսը, խավարասերները փախչում են։ Լուսաբանելն ու բացահայտելը թերապիայի կարևոր մասն են
8. Սահմանափակեք տրիգերները: Կան հիշողություններ, պատկերներ, մտքեր, երգեր, անգամ հոտեր, որոնք խթանում են նման մտքերի առաջացումը։ Ճանաչեք և սահմանափակեք այն բաները, որոնք առաջացնում են բացասական մտքեր։
ԱՌՈՂՋ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ԶԱՐԳԱՑՐԵՔ
Մակաբույծ մտքերի դեմ պայքարելը շարունակական գործընթաց է, բայց համբերատարությամբ և ճիշտ քայլերի շարանով, առողջ սովորություններով կարող եք կառուցել առողջ մտածողություն։ Ահա մի քանի լրացուցիչ խորհուրդներ.
-
-
- Երախտագիտություն փորձառեք: Կանոնավորապես կենտրոնացեք այն բաների վրա, որոնց համար շնորհակալ եք, որպեսզի փոխեք ձեր մտածողությունը բացասականից դեպի դրականը։
-
- Նպատակներ սահմանեք: Հստակ, հասանելի և տեսանելի նպատակները կարող են ձեզ ուղղություն ցույց տալ և խթանել ձեզ։
- Համբերատար եղեք։ Համբերությունը ձեզ առատապես կհատուցի, եթե համագործակցեք իր հետ։ Հիսուս Քրիստոսն ասել է. «Համբերությամբ կփրկեք ձեր հոգիները»։
-
Եզրակացություն
Մակաբույծ մտքերը կարող են մեծ ազդեցություն ունենալ ձեր հոգեկան առողջության վրա, բայց դրանց ճանաչելը և հաղթահարելը կարող են հանգեցնել նշանակալի անձնական աճի և հոգեկան խաղաղության։ Տարբերելով այս մտքերը և օգտագործելով ռազմավարություններ դրանց դեմ պայքարելու համար՝ կարող եք վերականգնել և մաքրել ձեր մտավոր տարածքը և զարգացնել ավելի դրական և դիմացկուն մտածողություն։ Հիշեք, որ հոգեկան բարօրության ճանապարհը շարունակական է, և մակաբույծ մտքերի դեմ պայքարելու յուրաքանչյուր քայլ ձեզ ավելի առողջ և երջանիկ կդարձնի։
Վերջիվերջո, մի հանճարեղ մարդ ասել է. «Դուք չեք կարող արգելել, որ ագռավները թռչեն ձեր գլխավերևում, բայց կարող եք արգելել, որ դրանք բույն չդնեն ձեր գլխի վրա»։
Հարգանքներով՝ Վազգեն Զոհրաբյան