Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | ԱՌՈՂՋ ԿՇՌԱԴԱՏԵԼՈՒ ՀԻՆԳ ՁԵՎ` ՉՄԱՐԵԼՈՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ
2288
post-template-default,single,single-post,postid-2288,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

ԱՌՈՂՋ ԿՇՌԱԴԱՏԵԼՈՒ ՀԻՆԳ ՁԵՎ` ՉՄԱՐԵԼՈՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ

ԱՌՈՂՋ ԿՇՌԱԴԱՏԵԼՈՒ ՀԻՆԳ ՁԵՎ` ՉՄԱՐԵԼՈՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ

Մի հովիվ ինձ հրավիրեց քարոզելու իրենց եկեղեցում կիրակի առավոտյան և հետո զգուշացրեց, որ իրենց ծառայությունների ժամանակ հրաշքով ոսկու փոշի է թափվում: Արձագանքս անկեղծ էր, բայց զգուշավոր: Անկեղծ էր, քանի որ գանահատում եմ Սուրբ Հոգու դրսևորումները և զգուշավոր, քանի որ Սուրբ Գրքի մեջ նման դրսևորման օրինակ չկա, իսկ Սուրբ Գիրքը հոգիներն ու դրսևորումները քննելու մեր հիմնական և առաջնային ուղեցույցն է:
 
Ես քարոզեցի այդ կիրակի առավոտյան և երբ արդեն ավարտում էի ուղերձս, նկատեցի, թե երեխաներն ինչպես էին մանկական ծառայությունից գալիս իրենց ծնողների մոտ` դահլիճ: Դահլիճի ետևի մասում իրարանցում սկսվեց: Ես կանգ առա և ինչ-որ մեկը հայտարարեց. «Ոսկու փոշին հայտնվեց»:
 
Ես քաղաքավարի կերպով արձանագրեցի նրանց ոգևորվածությունը և վերջացրի ուղերձս:
Ավելի ուշ կանգնած էի եկեղեցու նախասրահում գտնվող գրասեղանի մոտ, երբ նկատեցի, որ ոսկու փոշով ծածկված մանկական ծառայության պատասխանատուն ինձ է մոտենում: Ես հարցրեցի նրան. «Այդ ի՞նչ է քեզ վրա»: Նա պատասխանեց. «Օ՜հ, մենք այսօր մանկական սենյակում փայլուն նյութերով էինք խաղում»։
 
Ես անմիջապես հիշեցի, որ դա այն ժամանակ էր, երբ երեխաները եկան դահլիճ և «ոսկու փոշու» հայտնվելու վերաբերյալ իրարանցում սկսվեց: Ես ժպտացի և ինքս ինձ ասացի. «Ես գտել եմ նրանց ոսկու փոշու աղբյուրը»:
 
Այդ իրավիճակն անվնաս էր: Այնուամենայնիվ, եթե մենք զգուշավոր չլինենք կյանքի փոքր բաների շուրջ կշռադատորեն մտածելու հարցում, ապա մեծ բաների մեջ էլ անզգույշ կլինենք, որոնք կարող են մեր կյանքն արժենալ:
 
Ահա, թե ինչ տեղի ունեցավ 1978 թվականին, երբ մոտավորապես 900 մարդ, որոնց մեծ մասը ավետարանական և խարիզմատիկ եկեղեցիների անդամներին էին, միացան խարիզմատիկ քարոզիչ Ջիմ Ջոնսին և մեկնելով  հարավային Ամերիկա` զանգվածային ինքնասպանություն գործեցին: Բազմաթիվ ցուցանիշներ կային, որ այդ ամենը ճիշտ չէր, սակայն նրանք հրաժարվում էին քննադատորեն կամ կշռադատված մտածել այդ մարդու և նրա գործողությունների մասին։
 
«Քննադատորեն մտածել»-ը չի նշանակում բացասական վերաբերմունք ունենալ կամ դատել: «Քննադատություն» բառը զուտ տեսական, ակադեմիական իմաստով “Merriam-Webster” բառարանը սահմանում է հետևյալ կերպ` «զգույշ դատողություն կամ խելամիտ գնահատում անել»: Հետևաբար, «քննադատորեն մտածել» նշանակում է քննել, զանազանել և բնորոշել իրավիճակը կամ դրսևորումը:


 
ԼԻՆԵԼ ԱՆԿԵՂԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱՄԻՏ
 
Թույլ տվեք պարզաբանել` ասելով, որ արժևորում եմ հոգևոր պարգևները: Ես ծառայության մեջ մտա 45 տարի առաջ, երբ Աքիլլա Նեշը հզոր մարգարեական խոսք փոխանցեց մի ամաչկոտ երիտասարդի, ով չէր կարողանում խոսել հասարակության մեջ, բայց ուժեղ կոչ ուներ Աստծուց իր սրտում: Այդ երիտասարդը ես էի, և այդ մարգարեությունը հաստատեց այն, ինչ իմ սրտում կար և վստահեցրեց, որ պետք է հնազանդության քայլ անեի դեպի Տիրոջ կանչը:
 
Այդ փորձառությունից մոտ մեկ տարի անց ես Օկլահոմայում գտնվող եկեղեցում արթնության մեծ ծառայություն էի անցկացնում: Մի գիշեր այնտեղ հյուրընկալված մի քարոզիչ ինձ մի կողմ տարավ և մարգարեական խոսք ասաց: Չնայած որ չեմ հիշում, թե նա ինչ ասաց, բայց հիշում եմ հովվի և նրա մոր հետ ունեցած մեր զրույցը, երբ ծառայությունից հետո մեքենայով նրանց տուն էինք վերադառնում, որտեղ ես այդ ժամանակ մնում էի։
 
Նրանք հարցրին մարգարեության, ինչպես նաև այն մասին, թե ես ի՞նչ էի մտածում: Այնուհետև նրանք համոզված և վստահ ասացին, որ Աստված չի խոսում անձնական մարգարեության միջոցով: Երբ խոսեցինք, հովիվ Ջեսը, ով 50 տարեկան էր և դեռ ամուսանացած չէր, կիսվեց այն կործանարար փորձառության մասին, որ ունեցել էր անձնական մարգարեության միջոցով 20 տարեկան հասակում:
 
Նա պատմեց, որ ընկերություն էր անում մի աղջկա հետ, ով իր և իր ընտանիքի նման նույն եկեղեցին էր հաճախում: Թեև նրանք պաշտոնապես նշանադրված չէին, Ջեսը սիրում էր այդ աղջկան և կարծում էր` նա այն մեկն է, ում հետ ամենայն հավանականությամբ մի օր կամուսնանար։
 
Աղջիկը մեկ այլ նահանգ է մեկնում` ամառը հարազատների հետ անցկացնելու համար: Ամռան վերջում մի անձանավորություն եկեղեցում մոտենում է Ջեսին և հարցնում. «Լսե՞լ ես Լուիսի մասին»: Նա պատասխանում է. «Ո՛չ, չեմ լսել»: Այդ մարդն ասում է. «Նա ամուսնացել է»:
Ջեսը ցնցվում և հուսահատվում է: Ինչպե՞ս կարող էր նման բան պատահել: Հետագայում նա իմանում է, որ այն եկեղցին, որտեղ Լուիսն իր բարեկամների հետ հաճախում էր, ինչ-որ մեկը մարգերանում է և ասում, որ Աստված իրեն այդ եկեղեցի է բերել մի երիտասարդի հետ ամուսնանալու համար: Ցանկանալով հնազանդվել Աստծուն և չխորանալով հոգևոր բաների մեջ` նա և այդ երիտասարդն ամուսնանում են:
 
Ամուսնությունը խիստ ձախողման է դատապարտվում: Ջեսը պատմեց, որ մի քանի տարի անց նրանք բաժանվում են, և Լուիսը կյանքից հիասթափված և հարցականի տակ դնելով Աստծո հանդեպ ունեցած հավատքը` իր երեք փոքր երեխաների հետ Օկլահոմա է վերադառնում : Ջեսը երբեք չամուսնացավ և մահացավ 70 տարեկան հասակում:
 
Ամեն բան այլ կլիներ, եթե նրանք հասկանային «քննադատորեն  կամ կշռադատված մտածելու» անհրաժեշտությունը: Փոխարենը Լուիսը միամտորեն վարվեց և ընդունեց մարգարեությունը` առանց այն քննելու: Ջեսն էլ հակառակ կերպ արձագանքեց և մերժեց բոլոր մարգարեությունները` որպես Աստծո խոսելու առղջ միջոց:


 
«ԿՇՌԱԴԱՏՎԱԾ ՄՏԱԾԵԼՈՒ» ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀՈՐԴՈՐԸ
 
Այո՛, այս օրերին, երբ հոգևորն ու գերբնականը շեշտվում են, կարևոր է, որ մենք նույնպես շեշտենք «քննադատորեն կամ կշռադատված մտածելու» կարևորությունը: Իրականում Աստվածաշունչն է մեզ պատվիրում «կշռադատված մտածել»։
 
Այս մասին կարդում ենք 1Կոր. 14:29-ում, որտեղ Պողոսն ասում է. «Մարգարեներից երկու կամ երեք հոգի թող խոսեն, իսկ մյուսները` քննեն»։ «Մյուսները» այն քրիստոնեական ժողովի «մյուսներն» են, ովքեր Պողոսի օրերում հիմնականում տնային եկեղեցիներում էին հանդիպում։
«Քննել» բառը հունարեն “diakrino” բառից է, և, չնայած որ այդ բառը տարբեր տեղերում «քննել», «զանազանել» և «կշռադատել» է թարգամանված, այն բառացիորեն նշանակում է «առանձնացնել, զատել» կամ «տարբերել, ջոկել»։
 
Այլ կերպ ասած, մենք պետք է դատաստանի նստենք և ճիշտը սխալից առանձնացնենք: Ահա, թե «քննադատորեն մտածել»-ն ինչ է նշանակում և դա Քրիստոսի ամբողջ մարմնի պատասխանատվությունն է։
 
Այնուհետև, հարց է ծագում, թե դա ինչպե՞ս է պետք անել: Որո՞նք են այն չափանիշները, որ պետք է օգտագործվեն ճշմարտությունը կեղծիքից առանձնացնելու համար։
 
Ես հոգևոր դրսևորումների մասին «քննադատորեն կամ կշռադատված մտածելու» հինգ չափանիշ կամ քննություն կառաջարկեմ: Դրանք են` (1) քննել սիրտը, (2) քննել տեսիլքը, (3) քննել խոսքը, (4) քննել ազատությունը և (5) քննել բնավորությունը:
 
1. ՔՆՆԵ՛Ք ՁԵՐ ՍԻՐՏԸ
 
Ես հաճախ փոստային նամակներ եմ ստանում այն մարդկանցից, ովքեր իրենց հավաքույթից են պատմում և, չնայած որ դա քրիստոնեկան հավաքույթ է եղել, նրանք ասում են. «Ինչ որ բան այն չէր»: Միշտ նրանց ասում եմ. «Լսե՛ք ձեր սրտին, ձեր ներսում բնակվող Սուրբ Հոգուն` ճշմարտության Հոգուն: Նա ձեզ ետ կպահի մոլորությունից և սխալից և ճշմարտությունը ցույց կտա»։
 
Հովհաննեսն այս մասին խոսում է 1Հովհ. 2:18-27-ում: 26-րդ խոսքի մեջ նա պարզ ասում է, որ «… այս ամենը գրեցի ձեզ` ձեզ մոլորեցնողների վերաբերյալ»: Այլ կերպ ասած, ճշմարտությունը կեղծիքից տարբերելու համար 27-րդ խոսքի մեջ հետևյալն ենք կարդում. «Սակայն այն օծումը, որ Նրանից ստացաք, բնակվում է ձեր մեջ, և կարիք չունեք, որ որևէ մեկը ձեզ սովորեցնի. այլ ինչպես նույն օծությունը սովորեցնում է ձեզ ամեն ինչի մասին, և ճշմարտությունն է և սուտ չէ. ինչպես ձեզ սովորեցրել է` պիտի մնաք Նրա մեջ»։
 
Այստեղ օգտագործված «օծում» բառը հունարեն “chrisma” բառն է և շատ նման է հունարեն «հոգևոր պարգև» բառին, որն օգտագործված է 1Կոր. 12:4-ում, որը “charisma” բառն է: 1Հովհ. 2:27-ում այդ նույն բառի մեջ միայն ալֆա տառն է բացակայում։
 
Ես սա նշում եմ, որովհետև 1Հովհ. 2:27-ում ասված «օծում»-ն ամեն մի ճշմարիտ հավատացյալ ունի, և դա ուղղակիորեն կապված է Սուրբ Հոգու ներկայության` մեր մեջ բնակվելու հետ: Հովհ. 16:13-ում Հիսուսը խոստացավ, որ, երբ ճշմարտության Հոգին գա. «Նա ձեզ ամեն ճշմարտության կառաջնորդի»: Մեր ներսում ապրում է մեկը, ով ճշմարտությունն է ցույց տալիս մեզ: Ուստի, երբ կասկածելի հոգևոր գործունեության եք հանդիպում` հետևեք ձեր սրիտն: Արդյո՞ք ձեր ներսում խաղաղության զգացողություն ունեք, թե՞ հոգով տագնապած և հուզված եք: Սա է «սրտի քննությունը»: Ձեր սրտին լսե՛ք։

 
2. ՔՆՆԵ՛Ք ՏԵՍԻԼՔԸ
 
Այս քննությունը վերաբերվում է մարդկանց կենտրոնացմանը, տեսիլքին կամ նպատակին: Ո՞րն է նրանց կենտրոնացումը, ինչո՞վ են նրանք տարված: Ո՞րն է նրանց հիմնական տեսիլքը կամ նպատակը: Իրե՞նք, իրենց ծառայությո՞ւնը, թե՞ Հիսուս Քրիստոսը:
Հովհ. 16:14-ում Հիսուսն ասաց, որ, երբ Սուրգ Հոգին գա, Իրեն պիտի փառավորի: Սուրբ Հոգին չի եկել, որպեսզի փառավորի հրեշտակներին, քարոզիչներին, եկեղեցիներին կամ հարանվանություններին: Սուրբ Հոգին այստեղ է, որ բարձրացնի և պատվի Հիսուս Քրիստոսին: Հայտ. 19:10-ը շատ պարզ ասում է. «Որովհետև Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է»:
 
Հոգու պարգևները ներկայացնելիս 1Կոր. 12:1-3 համարների մեջ Պողոսը պարզ ասում է, որ Հոգու պարգևների, ինչպես նաև մարգարեության մեջ Հիսուս Քրիստոսը պետք է Տեր ճանաչվի և կոչվի: Մեկնաբանելով այս հատվածը` դոկտոր Գորդոն Ֆին ասում է. «Հոգու գործունեության վերջնական չափանիշը Հիսուսին որպես Տեր բարձրացնելն է: Այն ամենը, ինչ դրանից հեռուն է տանում` հոգևոր շղարշի տակ գտնվող հեթանոսություն է` ինքնանպատակ գործուեություն»:
Երբ կասկածելի բառերի կամ գործողությունների եք առերեսվում, «քննեք տեսիլքը»: Հարց տվեք ինքներդ ձեզ. «Նրանց կենտրոնացումն ու տեսիլքը արդյո՞ք Տեր Հիսուս Քրիստոսին պատվելն ու փառավորելն է: Թե՞ նրանց տեսիլքն ավելի շատ իրենց մասին է»:
 
3. ՔՆՆԵ՛Ք ԽՈՍՔՈՎ
 
Այս դեպքում հարցը պետք է հետևյալը լինի. «Արդյո՞ք սա համապատասխանում է Աստծո Խոսքի ընդհանուր վկայությանը»: Աստված երբեք այսօր այնպիսի բան չի ասի, որը կհակասի այն բանին, ինչ Նա անցյալում ասել է Սուրբ Գրքի միջոցով: Ծայրահեղ օրինակ օգտագործելու համար հետևյալը ներկայացնեմ. Աստված երբեք մի տղամարդու չի ասի, որ նա ամուսնալուծվի իր կնոջից և մեկ ուրիշ կնոջ հետ ամուսնանա, այն դեպքում, երբ հակասում է այն ամենին, ինչ Աստված արդեն ասել է ամուսնության վերաբերյալ:
 
Ազուզա փողոցում սկսված արթնության ժամանակ (1906-09թթ), երբ շատ հոգևոր դրսևորումներ էին տեղի ունենում, առաջնորդները` այդ թվում Վիլյամ Սեյմուրը, շեշտում էին, որ այդ դրսևորումները քննելու համար չափանիշն Աստվածաշունչը պետք է լիներ: Այն հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ էր ուսումնասիրել Աստվածաշունչը Սուրբ Հոգով լցվելուց հետո, նրանց պատասխանը հետևյալն էր. «Այո՛, որովհետև, եթե Աստծո Խոսքը չուսումնասիրենք, ֆանատիկ հավատացյալներ կդառնանք, կամ էլ շատ անգամներ կեղծ և մոլորեցնող հոգիներով կառաջնորդվենք, կսկսենք Աստծո Խոսքին հակառակ հայտնություններ ստանալ և երազներ տեսնել, կսկսենք մարգարեանալ և ինքներս մեզ մեծ կարծել` ավելի մեծ, քան մյուս քրիստոնյաները: Սակայն, ընթերցելով Աստծո Խոսքն աղոթքով և Տիրոջ առաջին սպասելով` մենք պարզապես խոնարհ փոքրիկ երեխաներ կդառնանք և երբեք չենք կարծի, որ ավելի շատ բան ունենք, քան Աստծո մնացած զավակները։
 
Աստվածաշնչի 66 գրքերը կազմում են այն, ինչ «կանոն» է կոչվում: Պատճառն այն է, որ հին ժամանակներում «կանոնը» չափման գործիք էր, սովորաբար եղեգից և որպես չափիչ ժապավեն էր օգտագործվում: Դեռ վաղ ժամանակներից Աստվածաշունչը հայտնի էր որպես կանոն` չափանիշ, որով պետք է չափվեր ամեն մի ուսուցում, հայտնություն և վարդապետություն: Ինչպես որ Սղմ. 119:105-ն է ասում. «Քո Խոսքը ճրագ է իմ ոտքերին ու լույս` շավիղներիս»:
Երբ կասկածելի վարդապետությունների կամ դրսևորումների եք առերեսվում, կիրառե՛ք «Խոսքի քննությունը»: Ինչպես Ես. 8:20-նն է ասում. «Օրենքին և վկայությանը դիմեցեք, եթե նրանք չխոսեն այս խոսքի համաձայն, պատճառն այն է, որ նրանք լույս չեն»:


 
4. ՔՆՆԵ՛Ք ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
 
Գաղ. 5:1-ում ասվում է. «Հաստա՛տ մնացեք այն ազատությամբ, որով Քրիստոսը մեզ ազատեց, և նորից ստրկության լծի տակ մի՛ մտեք»: Պողոսը չի խոսում ինքնասիրության և մեղք գործելու ազատության մասին: Առաքյալը զգուշացնում է, որ եթե մարդը, եկեղեցին, որևէ շարժում, կամ առաջնորդ փորձում է ձեզ կապանքների մեջ դնել և վերահսկել ձեր կյանքը, ապա դա Աստված չէ:
 
Աստված մեզ կրոնի համար չի կանչել, այլ, որ Իր հետ փոխհարաբերություն ունենանք Հիսուս Քրիստոսի միջոցով: Ահա, թե Մատթ. 11:28-ի մեջ Հիսուսն ինչի մասին էր խոսում, երբ Իսրայելի ժողովրդին ասում էր. «Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և ես ձեզ հանգստություն կտամ»։
 
Երբ երիտասարդ քրիստոնյա էի, կարծում էի, որ այս հատվածի մեջ Հիսուսի կանչը մեղքերով բեռնավարվածներին էր ուղղված: Հետագայում հասկացա, որ նա կրոնավոր մարդկանց հետ էր խոսում, ովքեր կրոնական պարտականություններով էին ծանրաբեռնված, և դա փոխարինել էր Աստծո հետ կենդանի հարաբերություններ ունենալուն: Րաբբիները Թորայի մեջ 613 օրենքներ` 365 արգելքներ և 248 հրահանգներ էին սահմանել: Հիսուսի օրերի շատ փարիսեցիներ հավատում էին, որ եթե ամբողջ Իսրայելը մեկ օրով պահեր այդ բոլոր օրենքները, ապա Մեսիան կգար: Հետևաբար, նրանք կոչ արեցին հրեաներին «օրենքի լուծն» իրենց վրա վերցնել` հանձն առնելով լավագույնն անել` այդ 613 կանոնները պահելու համար։
 
Սա շատ հրեաների վրա էր ազդել և նրանք կրոնական պարտականությունների լուծն էին տանում իրենց ուսերին: Հիսուսը նրանց դուրս էր կանչում կրոնական այդ բոլոր ծեսերից` Իր հետ կենդանի հարաբերություն ունենալու մեջ (Մատթ. 28:30)։
 
Զգուշացեք նրանցից, ովքեր փորձում են վերահսկել ձեզ` թելադրելով այնպիսի կանոններ և պարտավորություններ, որոնք ոչ մի կապ չունեն Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծո հետ կենդանի հարաբերություն ունենալու հետ: Սա է ազատությունը քննելը:
 
5. ՔՆՆԵ՛Ք ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻ ՊՏՈՒՂԸ
 
Մատթ. 7:15-ում Հիսուսն ասաց. «Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, ովքեր ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձներով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են»: Այս կեղծ մարգարեները դրսից այլ կերպ են գործում, իսկ իրենց ներսում ամբողջովին տարբեր են: Նրանք ազնիվ և շիտակ չեն։
Հիսուսը «հափշտակող» բառն է օգտագործում կեղծ մարգարեներին նկարագրելու համար, իսկ հափշտակելն ագահության ծայրահեղ ձևն է, որը կործանում է ուրիշներին, իր ուզածին հասնելու համար: Հիսուսը շարունակելով` 16-րդ համարի մեջ ասում է. «Իրենց պտղից ճանաչե՛ք նրանց»։ Ուշադրությո՛ւն դարձրեք, որ Հիսուսը չի ասում, որ մենք նրանց իրենց պարգից կճանաչենք, այլ` պտղից»։
Մի անձավորություն ինձ մի անգամ նամակ ուղարկեց, որտեղ մարգարեություն էր գրված` հարցնելով, թե ես ինչ եմ մտածում դրա մասին: Երբ տեսա, թե ով էր մարգարեացել, առաջինը սա մտածեցի. «Ես չէի վստահի ո՛չ այդ մարդու ասածներին և ո՛չ էլ մարգարեությանը»:
Իմ արձագանքն այդիսին էր, որովհետև բավականին վաղուց գիտեի և լավ էի ճանաչում նրան, որպեսզի չվստահեմ: Սա այն դեպքը չէր, երբ ինչ-որ մեկը սխալվել էր, իսկ հետո` ներողություն խնդրել: Նա մեկն էր, ով ճշմարտության ետևից չէր գնում և ազնիվ ու շիտակ չէր իր քայլերի մեջ։
Ոմանք կառարկեն` ասելով. «Օ՜, բայց մենք չպետք է դատենք»: Երբ Հիսուսն ասաց «Մի՛ դատեք, որ չդատվեք», Նա դատողական վերաբերմունք և մոտեցում ունենալու մասին էր խոսում, այլ ոչ թե «քննադատորեն կամ կշռադատված մտածելու» մասին։
 
Այն փաստը, որ Հիսուսը մեզ այս հատվածի մեջ զգուշացնում է կեղծ մարգարեներից, ասում է այն մասին, որ մենք պետք է «կշռադատված մտածենք», որպեսզի զանազանենք նրանց: Այն փաստը, որ նրանց իրենց պտղից կճանաչենք, նրանց բնավորության վճռականությունից և գնահատականից է կախված:
 
Հետաքրքիր է, որ 1Տիմ. 3:1-7 համարների մեջ Պողոսի ցանկի բոլոր չափանիշները նրանց համար, ովքեր ցանկանում են երեց լինել եկեղեցում, մարդու բնավորությանն ու բնութագրին են վերաբերում: Անկախ այն բանից, թե մարդ որքան լավ կարող է քարոզել, մարգարեանալ, կամ երգել, Աստվածաշունչը շատ պարզ ասում է, որ մարդու բնավորությունն ու բնութագիրը կարևոր են:
Երբ խոսքը որևէ անձի կամ իրավիճակի է վերաբերում, մի վախեցեք «բնավորության քննությանը» դիմելուց: Սա ոչ թե կատարելության, այլ` ազնվության, ուղիղ և շիտակ լինելու պահանջ է:
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
Երբ խոսքը գերբնականին է վերաբերում, մենք պետք է բաց և անկեղծ վերաբերմունք ունենանք, սակայն ոչ երբեք միամիտ լինենք: Եվ ոչ թե դատողական, այլ` կշռադատված տեսանկյունից մոտենանք հարցին: Դա մեզ թույլ կտա վայելել Աստծո օրհնությունների լիությունը և միևնույն ժամանակ պաշտպանվել այսօր աշխարհում գործող շատ մոլորեցնող հոգիներից:

Էդդի Հայաթթ

«Խարիզմա» ամսագիր

Թարգմանեց` Նաիրա Սիմոնյանը