Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Մարդիկ, որոնցից ձեզ պետք է խուսափել
3121
post-template-default,single,single-post,postid-3121,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Մարդիկ, որոնցից ձեզ պետք է խուսափել

Մարդիկ, որոնցից ձեզ պետք է խուսափել

Տիմոթեոսի 2-րդ ուղերձի 3:2-5-ում Պողոսը մարդկանց խմբի մի երկար և սթափեցնող ցուցակ է ներկայացնում, որոնց նա հետևյալ կերպ է նկարագրում.

 

«…որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։ Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունն ուրացել են»։

 

Այնուհետև նա շատ հստակ ասում է. «…նրանցից խուսափի՛ր»։

Բայց մի՞թե Հիսուսը ժամանակ չէր անցկացնում մեղավորների հետ։ Մի՞թե մենք նույնը չպետք է անենք։ Պատասխանն է՝ և՛ այո, և՛ ոչ։

 

Նրանցից խուսափի՛ր

Պողոսը չի խոսում կասկածամիտների կամ էլ այն մարդկանց մասին, որոնք քրիստոնեություն են ուսումնասիրում։ Մենք չպետք է խուսափենք այն մարդկանցից, որոնք իրենց քրիստոնյա չեն համարում։ Մենք պետք է ընդունենք նրանց մեր տներում և առիթ տանք նրանց լսելու Հիսուսի մասին։ Պողոսը չի խոսում նաև այն մարդկանց մասին, որոնք պայքարում են մեղքի դեմ, ինչպես և մենք բոլորս։ Այլ խոսում է այն մարդկանց մասին, որոնք քրիստոնյա են կոչվում, սակայն թաքցնում են իրենց մեղքը։ Նրանք, թերևս, աստվածապաշտության կերպարանք ունեն, սակայն ուրացել են աստվածապաշտության զորությունը, որը կարող էր փոխել իրենց կյանքը (2֊րդ Տիմոթեոս 3։5)։

 

Այս մարդիկ եկեղեցի են գնում և գուցե անգամ իրենց ավելի հոգևոր են համարում, քան մյուսները, քանի որ, ըստ իրենց, իրենք «լուսավորված» են։ Ի տարբերություն «կաշկանդված» քրիստոնյաների՝ նրանք «ազատ են կանոններից»։ Նրանք իրենց համարում են «շնորհով լի» հավատացյալներ։ Սակայն, իրականության մեջ նրանք «ֆեյք»՝ կեղծ հավատացյալներ են։ Իրենց բերանով խոստովանում են, որ սիրում են Հիսուսին, սակայն իրենց գործերով այլ բան են փաստում։ Առաջին հայացքից նրանք իրական են թվում, սակայն քննության ենթարկվելիս  լրիվ հակառակն են փաստում։

 

Այս եզրակացությանը մենք արագ չենք հանգում։ Պողոսը խրատում է Տիմոթեոսին լինել համբերատար և հեզահոգի՝ աղոթելով, որ թերևս Աստված նրանց ապաշխարության առաջնորդի, ինչպես և Նա դա արեց մեզ համար (2-րդ Տիմոթեոս 2:24-26): Սակայն գալիս է մի օր, երբ պետք է խուսափել նման մարդկանցից։ Հավանաբար, դա կհանգեցնի եկեղեցուց մարդու հեռացմանը։ Երբ եկեղեցին միասնաբար հայտարարի, որ տվյալ մարդու հավատքի դավանությունն այլևս վստահություն չի ներշնչում, կփոխվի  նաև վերաբերմունքը տվյալ մարդու հանդեպ։ Ուրեմն, ինչպես Ջոնաթան Լիմանն է գրում. «Նրա հետ անցկացրած ժամանակը պետք է օգտագործվի այդ անձին ապաշխարության առաջնորդելու համար»։

 

Պողոսի հրամանը ծանրակշիռ է։ Բայց երբ մենք գիտակցում ենք, թե ինչն է վտանգված տվայալ պարագայում, երբ նման հավատացյալը, հարատևելով չզղջացող մեղքի մեջ, շարունակում է մնալ թվացյալ ու խաբուսիկ «լավ վիճակում» իր եկեղեցում, ապա այդ ժամանակ զգացվում է այս հրամանի կարևորությունը։

 

Ահա քրիստոնյաների համար երկու մեծ պատճառ, ըստ որոնց նրանք իրենց տեղական եկեղեցիներում պետք է խուսափեն նման մարդկանց հետ շփվելուց։

 

Պատճառ #1. Նրանք կարող են ձեզ ճշմարտությունից հեռացնել

Մենք պետք է խուսափենք անապաշխար «հավատացյալներից», քանի որ նրանք կարող են մոլորեցուցիչ վարդապետություն ներարկել Քրիստոսի մարմնի մեջ։ Հոգևորապես ասած՝ նրանք սողոսկում են Աստծու տուն և գերի բռնում ներսում գտնվողներին, որպեսզի նրանց հեռացնեն հավատքից (2֊րդ Տիմոթեոսի 3։6, 15)։

 

Տեղական համայնքը պատասխանատու է զանազանել և ուշադիր լինել տարածվող վարդապետությունների նկատմամբ (2֊րդ Տիմոթեոս 4։3֊4 և Գաղատացիներին 1:8-9)։

 

Սուտ վարդապետությունների խնդիրը չվերացավ առաջին դարում։ Հոգևորության կեղծ շղարշի ներքո սուտ վարդապետները շարունակում են այսօր էլ խրախուսել հակասուրբգրային վարդապետություն և անաստվածային կյանք՝ մոլորեցնելով միլիոնավորների։ Զուտ այն պատճառով, որ մեկն իրեն «հովիվ» է հայտարարել, չի նշանակում, որ նա ճշմարտությունն է սովորեցնում։ Սուտ վարդապետները խաբուսիկ են․ նրանք փորձում են համոզել ձեզ, որ իրենք ձեզ են հաղորդում Աստծու ձայնը։ Սակայն եթե չխուսափեք նրանցից, ենթակա կլինեք մոլորության վտանգին։ Դուք նման կլինենք նրանց, ովքեր միշտ սովորում են, բայց երբեք չեն հասնում ճշմարտության գիտությանը (2֊րդ Տիմոթեոս 3։7)։

 

Աշխարհը կարիք ունի Սուրբ Գրքին հավատարիմ հովիվների, որոնք կքարոզեն Աստվածաշնչի թե՛ քաջալերող և թե՛ նաև հանդիմանող հատվածները։ Զգո՛ւյշ եղեք հոգևոր այն առաջնորդներից, որոնք ասում են ձեզ, թե ամեն բան լավ է, և դուք պետք է մնաք այնպիսին, ինչպիսին կաք։ Մենք մեղքով ենք լցված և կարիք ունենք Աստծու ամենազոր կարողության, որպեսզի այն փոխի մեր սրտերը։ Հանգրվանե՛ք այն մարդկանց ուսուցումների ներքո, որոնք ձեզ նման բան կքարոզեն և մատնացույց կանեն Հիսուսին։

 

Պատճառ #2. Նրանք հակառակվում են ճշմարտությանը

Նման մարդկանցից խուսափելու երկրորդ պատճառը հետևյալն է․ «Ինչպես որ Հանեսն ու Համբրեսը Մովսեսին հակառակվեցին, այդպես էլ սրանք են ճշմարտությանը հակառակվում. այս մարդիկ, որ մտքով ապականված են և հավատի մեջ՝ կեղծ» (2֊րդ Տիմոթեոսի 3:8)։

 

Համաձայն հրեական ավանդույթի՝ Հանեսն ու Համբրեսը եգիպտացի մոգեր էին, որոնք հակառակվեցին Մովսեսին՝ կրկնօրինակելով վերջինիս նշանները փարավոնի առաջ։ Նրանք փորձում էին կասկածի տակ դնել Իսրայելի Աստծու կարողությունը և դրանով ժողովրդին պահել գերության մեջ (Ելից 7:11, 22)։ Նմանապես սուտ վարդապետներն ազատություն են խոստանում, սակայն մարդկանց շարունակում են պահել մեղքի ստրկության մեջ։ Պողոսը ցանկանում էր, որ Տիմոթեոսը խուսափեր այն մարդկանցից, որոնք ընդդիմանում էին  ավետարանի ճշմարտությանը։ Եվ նա ցանկանում է, որ մենք էլ նույնն անենք այսօր։

 

Նրանք շատ հեռու չեն գնա

Այս ամենով հանդերձ, սակայն, բարի լուր կա. սուտ վարդապետները վաղեմության ժամկետ ունեն (2֊րդ Տիմոթեոս 3:9): Հանեսի ու Համբերսի նման նրանք էլ մի օր կձախողվեն նմաօրինակել Մովսեսի հրաշքներին (Ելից 7:12; 8:18) և կդատվեն Աստծու կողմից (Ելից 9:11), սուտ վարդապետների մոլորությունը լույսի մեջ կբերվի, և արդյունքում ճշմարտությունը կհաղթանակի։

 

Հակառակ այսօրվա սպառնալիքներին և հիասթափություններին՝ ամեն բան իր տեղը կընկնի, երբ Հիսուսը վերադառնա։ Նրանք, ովքեր աստվածպաշտության ընդամենը կերպարանքն ունեն, կբացահայտվեն, իսկ նրանք, ովքեր անկեղծորեն վստահել են Հիսուսին, կարդարանան։ Ինքնաբերաբար մենք բոլորս մեղավոր ենք Աստծու առաջ և արժանի ենք Նրա դատաստանին։ Սակայն նրանք, ովքեր կառչած են Քրիստոսից, արդար են հռչակված Նրա մեջ այն հավատի միջոցով, որը Նրա ավարտուն գործի հանդեպ է։ Դրանով նրանք երաշխավորվում են մոլորությունից։

 

Աստված հավատարիմ էր Իր ժողովրդին Եգիպտոսից հանելու հարցում, Նա հավատարիմ էր Իր ժողովրդին պաշտպանելու հարցում առաջին դարում և Նա հավատարիմ կլինի ամուր պահել մեզ հիմա և հավիտյանս հավիտենից։

 

Հեղինակ՝ Դեյվիդ Շուման / thegospelcoalition.org

Թարգմանիչ՝ Վազգեն Զոհրաբյան