ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Protestant.am-ը զրուցել է «Քեզ համար հույս կա» գրքի հեղինակ, հովիվ Վազգեն Զոհրաբյանի հետ
Գրողներից ոմանք պնդում են, որ իրենց համար այս կամ այն գիրքը գրելու պատճառ է դարձել ի վերուստ տրված սուր պահանջը: Մյուսները գրքեր են գրել, որովհետև տեսել են, որ առկա է դրանց անհրաժեշտությունը հասարակության մեջ, երրորդները՝ այլ դրդապատճառներով: Իսկ Ձեզ մոտ ինչպե՞ս ծնվեց այս գիրքը գրելու գաղափարը:
Լինելով ավելի քան 40 գրքերի թարգմանիչ և խմբագիր, հոգուս խորքում թաքցրել էի ինչ-որ մի օր սեփական գիրք գրելու ցանկությունը։ Գիտեի, որ այդ օրը վաղ թե ուշ գալու էր։ Սակայն այն ինձ համար հեռու ապագայում թաքցրած մի իրականություն էր թվում։ Այնպես պատահեց, որ իրարից անկախ իմ երեք ընկերները, որոնք ապրում էին երկրագնդի տարբեր հատվածներում միաժամանակ ինձ պատգամ ուղարկեցին, որով ինձ հորդորում և քաջալերում էին սկսել գիրք գրելը։
ԱՄՆ ծառայողական շրջագայությունից վերադառնալուց հետո, անցած տարվա նոյեմբեր ամսին ներսումս անհագ փափագ առաջացավ նստելու և շարադրելու մտքերս։ Գիրքը գրվեց մեկ շնչով, քանի որ թեման ինձ համար խորթ չէր։ Միաժամանակ լինելով հովվական ծառայության մեջ և տեսնելով մարդկանց օրհասական կարիքներն ու հուսահատ վիճակը` թեման ինքնաբուխ սկսեց դուրս հոսել իմ սրտից ու հոգուց։
Դուք, ինչպես նշեցիք, երկար ժամանակ գրքերի հրատարակաման գործընթացի մեջ եք, բայց սա Ձեր առաջին հեղինակային գիրքն է. ինչպիսի՞ ներքին ու արտաքին մարտահրավերների հետ բախվեցիք այն գրելիս և հրատարակելիս:
Ներքին մարտահրավերն այն վախն էր, որ չլինի թե գիրքն անձնական գովազդ հանդիսանա և ավելի շատ իմ անձը երևա, քան թեման։ Սա իմ ամենամեծ մտավախությունն ու զգուշավորությունն էր, քանի որ ինքս էլ փորձում եմ այնպես ապրել, որ ոչ թե իմ անձը ցուցադրեմ, այլ ի ցույց դնեմ Տեր Հիսուս Քրիստոսին` Իր փրկչական և կենսատու կերպարով։ Դա էր պատճառը, որ երկու երևելի անձնավորություններին` վերապատվելի դոկտոր Ռաֆայել Գրիգորյանին և իմ հոգևոր հովիվ Րաֆֆի Շահվերդյանին հատուկ խնդրեցի ընթերցեն և անողոքաբար գրաքննեն գիրքը։ Շնորհակալ եմ եղբայրներից, որ իրենց անաչառ և շինիչ խորհուրդներով կարողացա գիրքը մատուցել ընթերցողների դատին։
Արտաքին մարտահրավերներից ամենամեծն իհարկե գիրքը հայ հասարակությանը ներկայացնելն էր պատշաճ կերպով։ Եվ ուրախ եմ, որ պայմանավորվածություն ձեռք բերեցինք գիրքը վաճառել Մաշտոցի 20 հասցեում գործող «Բուկինիստ» գրախանութում, որը Երևանի ամենամեծ գրախանութներից է։ Հոգեպես ուրախություն և հրճվանք է պատճառում ինձ այն, որ տեսնում եմ, թե որքան մեծ պահանջարկ է վայելում գիրքն անգամ ոչ եկեղեցական միջավայրում։ Այն կարդում են ուսանողները, դպրոցականները, մեծահասակները։ Բայց ամենամեծ ուրախությունն ինձ պարգևեց մի զանգ, որը Կոշի ազատազրկման վայրից էր։ Գիրքի մի խմբաքանակ Նոր տարվա օրերին ուղարկվել էր կալանավայր։ Կալանավորները հուզված պատմում էին, թե այն ինչպիսի ազդեցություն էր թողել նրանց վրա։
Դրական արձագանքները վկայում են այն մասին, որ գրքում արծարծել եք շատերին հուզող կարևոր մի հարց՝ մեր ժամանակների մեծագույն չարիք եք որակում հենց հույսի պակասը. Մի փոքր կմանրամասնե՞ք վերհանվող խնդիրը:
Դեպրեսիան կամ ընկճախտը անողոքաբար և սրընթաց գրոհում է` հավակնելով թիվ մեկ հիվանդությանը երկիր մոլորակի վրա։ Պատերազմներն ու սթրեսները, ճգնաժամերն ու դավաճանությունները մարդկանց հասցրել են անհուսության եզրին։ Սարսափով տեղեկացա, որ ըստ վերջին տվյալների Մեծ Բրիտանիայի բնակչության 60%-ից ավելին տառապում է խրոնիկ դեպրեսիայից։ Այս ամենը խոսում է մի բանի մասին. աշխարհը խորը հուսահատության ապրումների մեջ է, աշխարհն անհուսության եզրին է։ Մարդկանց սպասելիքները հօդս են ցնդել, նրանք մխիթարության, ուրախության և լավատեսության աղբյուր այլևս չունեն։ Եվ այս առումով գիրքը կոչված է մարդկանց հայացքը սևեռել կենարար հույսի միակ աղբյուրին` Հիսուս Քրիստոսին։
Ի՞նչ ոճի ստեղծագործություն եք համարում Ձեր գիրքը:
Գիրքը կիրառական և գործնական մի ձեռնարկ է` լի կյանքից վերցրած հրապատումներով և Աստվածաշնչի օգտակար խորհուրդներով։
Գրքում տեսանելի են որոշակի նորարարական մոտեցումներ: Կխոսեի՞ք դրանց մասին:
Գրքի օգտակարությունը նրանում է, որ գլուխները սկսվում են հայտնի մարդկանց խոսքերով, սուրբգրային թեմատիկ մեջբերումներով և ավարտվում` կիրառական աղոթքով։ Այն նաև աղոթքի մի փոքրիկ ուղեցույց է։ Իսկ գրքի վերջում ընթերցողը կգտնի սուրբգրային օգտակար համարներ հույսի մասին։
Թույլ տվեք մի փոքր «ներխուժել» անձնական դաշտ. կխնդրեմ վկայություն տալ հենց անձամբ Ձեր կյանքում գրքում վերծանվող խնդրի հաղթահարման մասին:
Անհուսության դժվարին պահեր եմ ապրել բանակում, երբ, ավարտելով համալսարանի մագիստրատուրան, կտրվելով քաղաքային ու եկեղեցական միջավայրից` հայտնվեցի արտաքին աշխարհից ամբողջությամբ կտրված, մեկուսացված և փակ ռազմական զոնայում։ Հենց նման պայմաններում էր, որ Աստված սովորեցնում էր, որ ցանկացած անելանելի թվացող իրավիճակում քրիստոնյայի համար ելք կա։ Եվ արդյունքը եղավ այն, որ կարճ ժամանակ անց դարձա բավականին օգտակար և ճանաչված անձնավորություն մեր զորամասում։ Ամենամեծ դասերից մեկը, որ Աստված սովորեցրել է ինձ, հենց դա է. ամեն իրավիճակի և խնդիրների մեջ հավատացողի համար ելք կա։
Ցանկացողներն ինչպե՞ս և որտեղի՞ց կարող են ձեռք բերել Ձեր գիրքը:
Ընթերցասերները գիրքը կարող են հարցնել Մաշտոցի 20 հասցեում գործող «Բուկինիստ» հայտնի գրախանութում, ինչպես նաև «Կյանքի Խոսք» և մի շարք այլ եկեղեցիների գրախանութներից։ Այժմ աշխատում ենք նաև գրքի թվային տարբերակի վրա, որպեսզի այն հասանելի դառնա սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար։
Նախատեսո՞ւմ եք արդյոք նոր գրքեր գրել:
Ճիշտն ասած, տեսնելով ընթերցողների այս մեծ բանակը և լսելով նրանք քաջալերանքները` թև և ուժ եմ առնում` մտածելու նոր գրքերի վերաբերյալ։ Այս պահին դեռ հասունացման փուլում է գտնվում մի նոր գիրք, որը կոչվելու է «Թիվ մեկ մարդասպանը. ՎԱԽ»։ Անկեղծ մտադրություն և մեծ փափագ ունեմ Ավետարանի բարի լուրը հասցնել մեր երիտասարդ սերնդին, դրա համար կարծում եմ, որ այս գրքերը իրենց նպաստը կբերեն այս գործում։
Ինքներդ Ձեզ համար ե՞րբ գիրքը կհամարեք կայացած և իր նպատակին ծառայած:
Անկեղծ ասած ինքս դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու և կայանալու որպես գրող։ Սակայն, տեսնելով մարդկանց արձագանքը, կարդալով նրանց հուզիչ վկայությունները, ականատես լինելով գրքի այսպիսի մեծ չափի սպառմանը և տարածմանը, Աստծո առաջ խոնարհումս բերելով, կարող եմ ասել, որ այն կայացել է և ծառայում է իր նպատակին։
Վերջերս տեղեկացանք նաև Ձեր կայքի բացվելու մասին։ Ի՞նչ նպատակնով է այն բացվել և ի՞նչ ձևաչափով է այն
Կայքի հասցեն է` www.vazgenarseni.com : Մեր աշխատախմբով փորձել ենք ստեղծագործական մոտեցում ցուցաբերել և տեղադրել այնպիսի նյութեր, որոնք ամենաշատն են հուզում մեր հասարակությանը և հատկապես երիտասարդությանը։ Հոդվածներն ու ուսուցումները համալրվելու են համապատասխան տեսանյութերով և հոլովակներով։ Ունենալու ենք հետաքրքիր հարցազրույցներ, սոցհարցումներ։ Կայքում տեղադրվելու են նաև հետաքրքիր ֆոտոռեպորտաժներ և լուսանկարներ` իմ անձնական արխիվից։ Եվ հուսով ենք, որ մեր կայքն ինչ-որ առումով կհարստացնի Հայաստանի քրիստոնեական մեդիաոլորտը։
Protestant.am կայքի ընթեցողների անունից մաղթում ենք նոր ոգեշնչումներ, որպեսզի հայ քրիստոնյա հասարակությանը մատուցեք նոր, անհրաժեշտ ու գեղեցիկ ստեղծագործություններ: Աստված օրհնի Ձեզ, Ձեր ընտանիքը և ծառայությունը:
Անչափ շնորհակալ եմ ձեր աշխատակազմին` ձեր մատուցած մեծ ծառայության համար։ Վստահ կարող եմ ասել, որ Protestant.am-ը նոր և վառ երանգ հաղորդեց մամուլի այս գաղջ և անգույն աշխարհում։