Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Ի՞նչ է ասում Աստվածաշունչը խղճի մասին
3054
post-template-default,single,single-post,postid-3054,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը խղճի մասին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը խղճի մասին

Ի՞նչ է խիղճը

Խիղճը մարդկային էության մեջ նրա բարոյական սկզբունքների կրողն է, որը ձևավորվում է արտաքին ազդակների ներքո։

Ըստ փիլիսոփայության՝ խիղճը բարոյագիտության կատեգորիա է, որը բնորոշվում է իր՝ բարոյական սկզբունքներ մշակելու, արարքները հսկելու և անհատի կողմից երևույթներին արժեքներ հաղորդելու կարողությամբ։ Իդեալիստական փիլիսոփայությունում խիղճը հայտնի գերմանացի փիլիսոփա Կանտի կողմից դիտվել է որպես «ներքին ես»-ի ձայն, մարդուն ի ծնե հատուկ բարոյական հատկություն։
 
Սակայն, խիղճը, լինելով ի ծնե հատկություն՝ մարդու մեջ դրված Աստծուց, չի արտացոլվում իր միաձևությամբ և միաբովանդակությամբ․ այն տարբեր կերպ է ձևավորվում և արտահայտվում տարբեր միջավայրերում և տարբեր արժեհամակարգ կրող հասարակություններում։ Խղճի ձևավորման վրա անմիջականորեն ազդում են անհատի դաստիարակությունը, աշխարհընկալումը, արժեհամակարգը։

 

Ի՞նչ չէ խիղճը

Ըստ Աստվածաշնչի բարոյագիտության և ընդունված աստվածաբանության՝ խիճն Աստծու ձայնը չէ, թեպետ Աստված կարող է խոսել նաև մարդկային խղճի միջոցով։ Այն Աստծու օրենքի հեռավոր արձագանքն ու ստվերն է պարունակում իր մեջ ըստ Հռոմեացիներին 2:13-16 համարների, թեպետ  չի ներկայացնում Աստծու ամբողջական և կատարյալ կամքը, քանի դեռ չի գտնվել Սուրբ Հոգու վերահսկողության և ներգործության ներքո։
 
Խիղճը մարդու աստվածը չէ, ինչպես ընդունված է մեր հասարակության լայն շերտերի կողմից։

Խիղճը ճշմարտությունը չէ, ինչպես ոմանք են ասում. «Իմ խիղճը ճիշտ է»։ Մեղանչական մարդու աշխարհընկալումն ու խիղճը չեն համապատասխանում Աստվածաշնչի Աստծու ընկալումներին։ Հետևաբար, մեր մարդկային խիղճը կարող է հիմնովին հակառակ լինել աստվածային ճշմարտությանը։
 
Աստվածաշունչն ընդունում է, որ մարդու անկումից հետո ապականվեց նաև մարդու խիղճը։

Պողոս առաքյալն այսպես է նկարագրում անկում ապրած մարդկության խիղճը.

«Նրանց միտքն ու խիղճը պղծված են» (Տիտոսի 1:15)։

Իսկ ներկա դարաշրջանի մոլորեցուցիչների մասին նույն առաքյալն ասում է.

«…նրանց խղճմտանքը խարանված է» (1-ին Տիմոթեոսի 4:2)։

 

Ի՞նչ է անում խիղճը

Խիղճը ձեզ հնարավորություն է տալիս գնահատելու ձեր սեփական մտքերն ու ցանկությունները, տարբերելու ճիշտն ու սխալը, լավն ու լավագույնն ըստ ձեր ստացած դաստիրակության և արժեհամակարգի։
 
Այն միշտ չէ, որ համընկնում է Աստծու կամքի և որոշումների հետ։ Այդ համընկնումը չի կատարվում ինքնաբերաբար, այլ մեր խիղճը պետք է կրթվի և դաստիարակվի Աստծու Խոսքով և հոգևոր արժեհամակարգով։
 
Խիղճ հասկացությունը լավ ըմբռնելու համար կբերեմ զարթուցչի օրինակը։ Լավ զարթուցիչը երկու բան է անում. այն հանգիստ է մնում, երբ դուք պետք է քնած լինեք, և աղմուկ է բարձրացնում, երբ պետք է արթնանաք: Բայց Աստվածաշունչն ասում է, որ անկում ապրած մարդու «զարթուցիչը» փչացած է։
 
Հետևաբար, մարդկային խիղճը խնդրահարույց է։ Այն, ինչպես ձեր անձի յուրաքանչյուր մասնիկ, խաթարվել է մեղքից:

1-ին Կորնթ. 8:7-րդ, 10-րդ, 12–րդ խոսքերում Պողոս առաքյալը խոսում է տկար խղճմտանք ունեցող հավատացյալների մասին, որոնց խղճմտանքն այնքան տկար էր, որ պղծվել էր՝ կուռքին զոհած միս ուտելով։

Եսայա մարգարեն էլ, խոսելով մարդկային ընտրության, արժեհամակարգի և հասարակության որոշումների մասին, հետևյալն է ասում.«Վա՜յ նրանց, որոնք չարին ասում են բարի և բարուն՝ չար, որոնք խավարը լույսի տեղ են դնում և լույսը՝ խավարի, որոնք դառը դնում են քաղցրի տեղ և քաղցրը՝ դառի» (Եսայա 5:20)։

 

Հետևաբար, հասկանում ենք, որ անկում ապրած մարդու խիղճը չի կարող աստվածային չափանիշներով շարժվել։ Ինչպես երբեմնի Սողոսը, որը Պողոս դարձավ, երբ գնում էր կապելու և ձերբակալելու Դամասկոսում գտնվող քրիստոնյա տղամարդկան, կանանց և ծերերին, նա հենց իր կրոնական և ազգային արժանապատվությամբ ձևավորված խղճով էր շարժվում, բայց ոչ՝ Աստծով։ Այդ մասին Աստվածաշունը հետևյալն է արձանագրում. «Իսկ Սողոսը ավերում էր եկեղեցին. տնից տուն էր մտնում և տղամարդկանց ու կանանց քարշ տալով՝ բանտ էր նետում»։
 
Նույն Սողոսը Աստծուն ծառայություն մատուցել էր համարում քրիստոնեության առաջին նահատակ Ստեփանոսի սպանությանը աջակցելը։

Նույնը վերաբերում է նաև Հուդային։ Մատթեոսի 27:3-5-ում նկարագրվում է, որ Հուդան խղճի ցավալի խայթ ապրեց, երբ մատնեց Հիսուսին, սակայն դրա արդյունքում նա դարձի չեկավ և չվերափոխվեց, այլ գնաց և իրեն կախեց իր իսկ խղճի ներգործության ներքո։
 
Ուրեմն տեսնում ենք, որ մարդը, անգամ շարժվելով իր խղճով, չի կարող հավակնել աստվածային չափանիշներին։ Անգամ Աստված ոչ թե շարժվում է խղճով, այլ  գթասրտությամբ և սիրով։

 

Հնարավո՞ր է փրկվել՝ շարժվելով խղճով

Խղճով մարդը կամ խղճով շարժվող անձնավորությունը, որքան էլ բարեխղճության նորմեր ունենա, եթե չի ճանաչում Աստծուն և Նրա ճշմարտությանը, չի կարող որևէ կերպ հավակնել աստվածային փրկությանն ու հաճությանը։

Ամեն դեպքում, խիղճը մարդու համար կարող է որոշակի լավ երևույթ լինել, սակայն

զարթուցիչի նման խիղճը կարող է նաև փչանալ և լռել, երբ այն պետք է գործեր և աղմկել։

Մի բան հստակ է. Աստծու որդիները ոչ թե պետք է խղճով շարժվեն, այլ Աստծու Հոգով։ Այդպես է ասում Աստվածաշունչը։

 

Անկում ապրած մարդու խիղճը կարող է աշխատել նաև հենց մարդու դեմ։ Օրինակ, երբ ծնողն իր զավակին արժանացնում է որոշակի անհրաժեշտ պատժի կամ խրատի՝ զրկելով նրան ասենք համակարգչային խաղերից կամ հեռախոսից, կարճ ժամանակ հետո նույն ծնողը նորից հեռախոսը տալիս է իր զավակի ձեռքը, քանի որ խղճի խայթ է ունեցել և կորցրել է իր խաղաղությունը։
 
Այս պարագայում տեղին է ասել, որ Աստված Իր զավակների հանդեպ ոչ թե խղճով է վարվում, այլ ողորմածությամբ և սիրով։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծու սերը դրսևորվում է մեր հանդեպ նաև Աստծու խրատներով, քանի որ ում Նա շատ է սիրում, շատ էլ խրատում է։

 

Ինչպես ձեռք բերել և պահպանել բարի խիղճ

Այս ամենով հանդերձ՝ չի նշանակում, որ քրիստոնյան չպետք է խիղճ չունենա կամ մի կողմ դնի իր խիղճը։

Պողոս առաքյալն այս առումով հետևյալն է ասում.

«Դրա համար ինքս միշտ ջանք եմ թափում, որ Աստծու և մարդկանց առաջ մաքուր խիղճ ունենամ» (Գործք 24։16)։

 

Եթե խիղճն ապականված է, այնպես որ այն այլեւս ճիշտ չի գործում, ինչպե՞ս կարող է այն մաքուր դառնալ։ Եթե խիղճը խանձվել կամ այրվել է, այն դարձել է անզգամ, ինչպե՞ս կարելի է այն կրկին զգայուն դարձնել:

 

Խիղճը պետք է փրկագնվի

Վերստին ծնունդն ազդում է նաև մեր խղճի և մտածելակերպի վրա։ Մեր խիղճը սկսում է վերստին դաստիարակվել և առողջանալ Աստծու Խոսքի և հոգևոր արժեքների հիման վրա։
 
Բարի խղճմտանքը գործում է Սուրբ Հոգով: Եթե ես զարթուցչիցս մարտկոնցները  հանեմ, այն չի աշխատի։ Ես կարիք ունեմ, որ Սուրբ Հոգին լիցքավորի իմ խղճի զարթուցիչը և որոշի, թե երբ և ինչպես պետք է այն աշխատի։
 
Խիղճը նաև վերափոխվում է Աստծու Խոսքով և մաքրվում Հիսուս Քրիստոսի արյունով: Եբարայեցիներին 9:14-ն ասում է. «…որչա՜փ ևս առավել Քրիստոսի արյունը… կմաքրի ձեր խիղճն այն մահացու գործերից, որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք»։
 
Եվ այո՛, մեր խիղճը պետք է մաքրվի Քրիստոսի փրկագործող արյամբ։
 
Խիղճը նաև պետք է ենթարկվի Սուրբ Հոգու դաստիարակչական աշխատանքին։ Հովհաննեսի ավետարանի 16:8-ում այս առումով Տեր Հիսուսը հետաքրքիր բան ասաց.

«Եվ երբ նա (Սուրբ Հոգին) գա, աշխարհին կհանդիմանի մեղքի, արդարության և դատաստանի համար»։

Սուրբ Հոգու ազդեցության ներքո մեղավոր մարդու խիղճն արթնանում է, և նա հանդիմանվում է իր արածների համար, որն էլ նրան առաջնորդում է ոչ թե ինքնադատապարտության, այլ՝ ապաշխարության։

 

Եզրակացություն

Հետևաբար, անկում ապրած մարդը և նրա խիղճը, ազդվելով Սուրբ Հոգու ներգործությունից, վերափոխվում են։ Մեղավոր մարդը, հանդիմանվելով և ապաշխարելով, դարձի է գալիս և դառնում է Աստծու զավակ։ Սակայն նա իր հոգևոր ընթացքի մեջ չի առաջնորդվում իր սեփական խղճով, այլ Աստծու Հոգով և Աստծու Խոսքով։ Նրա խիղճը մաքրվում է Քրիստոսի արյամբ և դաստիարակվում է Սուրբ Հոգու խրատչական աշխատանքով։ Այս ամենը ըմբռնելով՝ հասկանում ենք, որ քրիստոնյան չպետք է իր խղճի ծառան լինի՝ անելով  խղճի թելանդրանքը, այլ, լինելով Աստծու ծառա, կատարում է Աստծու Խոսքը և կամքը՝ անկախ խղճի թելադրանքից և ուղղորդումներից։
 
Մենք չենք կարող մի կողմ դնել մեր խիղճն ու խղճմտանքը, ավելին, Աստծու Խոսքով և Հոգով դաստիարակված խիղճն անհրաժեշտ միջոց է հոգևոր կյանքում և ծառայության մեջ, ինչպես Պողոս առաքյալն է գրում երիտասարդ Տիմոթեոսին 1֊ին Տիմոթեոս 1:18-ում.

«Որդյա՛կ իմ, Տիմոթեո՛ս, այս պատվերը ավանդում եմ քեզ՝ համաձայն սկզբից քեզ համար եղած մարգարեությունների, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը՝ ունենալով հավատ ու բարի խղճմտանք, որը ոմանք մերժեցին և հավատի մեջ նավաբեկության ենթարկվեցին»։

 

Հարգանքներով՝ Վազգեն Զոհրաբյան